Ալիևին կոչ են անում ցրել խորհրդարանը. հիշատակել են Արցախը

Խորհրդարանը ցրելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ադրբեջանի իշխող՝ «Ենի Ադրբեջան» կուսակցությունը:
Կուսակցության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հիշյալ օրակարգով հունիսի 20-ին տեղի է ունեցել վարչության հերթական նիստը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Մեր երկիրը թեւակոխել է զարգացման որակապես նոր փուլ։ 2020 թվականին Հայրենական պատերազմում տարած փառավոր հաղթանակի արդյունքում վերջ դրվեց Հայաստանի 30-ամյա օկուպացիոն քաղաքականությանը, վերականգնվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապահովվեց միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների գերակայությունը։ 2023 թվականի սեպտեմբերին իրականացված տեղական հակաահաբեկչական միջոցառումները չեզոքացրել են անօրինական զինված խմբավորումները:
2024 թվականի նախագահական ընտրությունները, որոնք առաջին անգամ անցկացվեցին մեր անկախության պատմության մեջ ամբողջ երկրում, դարձան մեր ազգային միասնության և համերաշխության ևս մեկ դրսևորում»,- նշել են կուսակցության փոխնագահ, կենտրոնական ապարատի ղեկավար Թահիր Բուդաղովը:
Նրա խոսքով, «անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ ժամանակահատվածում երկրի խորհրդարանի լիարժեք գործունեության իրագործելիությունը».
«Մենք կարծում ենք, որ ստեղծված պայմաններում Միլլի Մեջլիսը, առաջնահերթություն տալով պետական շահերին, պետք է նախաձեռնի խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացը»:
Արդյունքում միաձայն որոշում է կայացվել՝ առաջարկել Ադրբեջանի Միլլի Մեջլիսում «Ենի Ադրբեջան» կուսակցությունը ներկայացնող պատգամավորներին դիմել Ադրբեջանի նախագահին՝ վեցերորդ գումարման Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու համար։
Կարծիքներ