ԵՄ-ն համաձայնեցրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը

ԵՄ անդամ երկրների դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի շուրջ՝ որպես պատասխան Ուկրաինա ներխուժմանը։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդում նախագահող Բելգիայի պաշտոնական ներկայացուցչության X սոցիալական ցանցում։
«Այս փաթեթը ներկայացնում է նոր նպատակային միջոցներ և առավելագույնի հասցնում գործող պատժամիջոցների ազդեցությունը՝ փակելով սողանցքները», - ասվում է փաստաթղթում:
EUobserver-ը, ուսումնասիրելով փաստաթղթի նախագիծը, ավելի վաղ գրել էր, որ պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է ռուսական հեղուկացված բնական գազի, ռուսական նավթի փոխադրումների և հելիումի արտահանման արգելք, ինչպես նաև երկակի նշանակության տեխնոլոգիաների մուտքի սահմանափակում։.
Անձնական պատժամիջոցների թվում նշված են ռուսաստանցի մի շարք գործիչներ, կառավարիչներ, ինչպես նաև երգչուհի Պոլինի Գագարինան: Վերջինս մեղադրվում է Ռուսաստանի կողմից ուկրաինական շրջանների բռնակցումը տոնող միջոցառումներին մասնակցելու մեջ։
Ակնկալվում է, որ նոր փաթեթը կընդունվի հունիսի 27-28-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։
Ավելի վաղ, Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագետներին, հայտնել էր, որ ԵՄ երկրները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի շուրջ, քանի որ այն արգելափակել է Գերմանիան։ Բեռլինում մտավախություն ունեն, որ գերմանական ընկերությունները կարող են պատասխանատվության ենթարկվել խախտումների համար՝ պատժամիջոցները շրջանցելու մասով:
Կարծիքներ