«Հրապարակ». Միակ գյուղը, որ ցանկում չկա, Տիգրանաշենն է

«Հրապարակ». Միակ գյուղը, որ ցանկում չկա, Տիգրանաշենն է

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների՝ մարտի 7-ին կայացած նիստից հետո Շահին Մուսաֆաեւը հայտարարեց, որ Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի եւ Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները, իսկ արդեն հետո սահմանների դելիմիտացիայի ընթացքում կորոշվի Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս էքսկլավային գյուղերի ազատման հարցը։ Ըստ Մուստաֆաեւի գրասենյակի, դրանք են՝ Տավուշում գտնվող Յուխարի Ասքիփարա, Սոֆուլու, Բարխուդարլու, ինչպես նաեւ Նախիջեւանին սահմանակից Քյարքի՝ Տիգրանաշեն բնակավայրերը։ 

Բաքվի պահանջների մի մասն արդեն Նիկոլ Փաշինյանը կատարել է։ Քաղաքական դաշտը պնդում է, որ հաջորդը Տիգրանաշենն է, իշխանությունը մտադիր է հանձնել նաեւ այս բնակավայրը։ Նման համոզմունք ունի նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունները զարգացման, բնակարանաշինության որեւէ ծրագիր չունեն Տիգրանաշենում, ձեռքերը լվացել են այս բնակավայրից։ 

«Կառավարության նիստի ժամանակ որոշում էր կայացվել արցախցիներին տրվող բնակարանային ծրագրերի ցանկը հաստատելու, ֆինանսավորելու վերաբերյալ։ Հաստատված գյուղերի եւ քաղաքների ցանկում միակ գյուղը, որ չկա, Տիգրանաշենն է։ Մնացած սահմանամերձ բոլոր գյուղերը կան։ Ակնհայտ է մեզ համար, որ իշխանություններն այս որոշմամբ ցույց են տալիս, որ Տիգրանաշենը շենացնելու, բնակեցնելու պլաններ չունեն, ամբողջովին ձեռք են քաշել այդ բնակավայրից»,- նշեց նա։ Առաքելյանը պատրաստվում է գրավոր հարցում անել՝ հասկանալու, թե ինչպես է ստացվել, որ այդ բնակավայրը չկա ցուցակում։ Նա չի բացառում, որ շուտով Տիգրանաշենը կհանձնվի։ «Վերջին մի քանի օրերին ադրբեջանական կողմն անդադար հաղորդագրություններ է տարածում, թե Նախիջեւանի հատվածում հայկական զինված ուժերը խախտում են հրադադարի ռեժիմը։ Պարզ է, որ այս ապատեղեկատվությունը տարածում են՝ նոր ռազմական ագրեսիա իրականացնելու համար։ Վերջին օրերի այս դեպքերը պատահական չեն, ենթադրաբար՝ լուծվելու է նաեւ Տիգրանաշենի հարցը»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ 2023թ․ մայիսի 22-ի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Տիգրանաշենն ու Տավուշի 6 գյուղերն ընդգրկված չեն ՀՀ 29․800 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ։