Ուզում են տպավորություն ստեղծել, թե թուրքամետ ՔՊ-ն եվրոպական օրակարգ ունի

Ուզում են տպավորություն ստեղծել, թե թուրքամետ ՔՊ-ն եվրոպական օրակարգ ունի

Արտախորհրդարանական որոշ ուժեր առաջարկում են Հայաստանի` ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնել: «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք նման հանրաքվեն չի վերածելու Փաշինյանին ուղղված վստահության հանրաքվեի։ 

«Մենք տեսնում ենք, որ ոչ թե իշխող ուժն է առաջ քաշում այդ գաղափարը, որը Սահմանադրությամբ է սահմանված, այլ արտախորհրդարանական ուժեր, որոնք իրենց հայտարարում են ընդդիմադիր, թեև հիմնականում իշխանություններին աջակցող քաղաքական կուսակցություններ են։ Հանրությանը տեսանելի է, որ այս նախաձեռնությամբ հանդես են գալիս այն ուժերը, որոնց ես եվրոնիկոլիզմի դիրքերում կանգնած քաղաքական ուժեր եմ անվանել, որոնք ամեն կերպ փորձում են Հայաստանի եվրոպական օրակարգը կապել իշխող ուժի հետ և մեր քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծել, որ թուրքամետ ՔՊ կուսակցությունը նաև ունի եվրոպական օրակարգ ու ձգտում է Հայաստանը դարձնել ԵՄ անդամ։ Դրականն այստեղ այն է, որ վաղվա լսումներում պարզաբանելու են դիրքորոշումները։ Արդեն հանձնաժողովի քննարկմանը Արսեն Թորոսյանի ելույթով ի հայտ եկավ, որ իշխող ուժը հանրաքվեն ուզում է կապել 2026 թ ընտրությունների հետ։ Լսվում են դժգոհ ձայներ, որ դա ընդունելի չէ, որ Հայաստանը աշխարհաքաղաքական իմաստով շարունակելու է գտնվել անորոշ վիճակում», -ասաց մեր զրուցակիցը։ 

Ըստ Ղուկասյանի, վաղը կտեսնենք իշխանության դիրքորոշումը։ Հայաստանի ԵՄ անդամակցությունը Ղուկասյանը պայմանավորում է նրանով, թե ինչպես է Հայաստանը տեսնում արտասահմանյան ներդրումների քաղաքականությունը։ 

«Նախկինում կար կարծիք, որ, լինելով Մաքսային միության անդամ, Հայաստանը կկարողանա արտասահմանյան ներդրումներ ներգրավել եւ Ռուսաստանի կամ Ղազախստանի շուկաներում ավելի լայն սպառում ապահովել։ Այսօր այդ գաղափարը, որն առաջ էր քաշում Հայաստանի անենաեվրոպամետ կուսակցությունը` ՀՀԿ-ն, որը ԵԺԿ անդամ է, ապագա չունի, այդ մոդելը տապալված է և Հայաստան արտասահմանյան ներդրումներ բերելու ռեալ հնարավորությունը ԵՄ-ի հետ նույն Մաքսային տարածքում լինելն է։ Թուրքիան դրա շնորհիվ այսօր դարձավ այն, ինչ կա։ Քաղաքական առումով տեսնում ենք` ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Ֆրանսիան պատրաստ են աջակցել Հայաստանին։ Այս դասավորության մեջ սա Հայաստանի համար հնարավորություն է և կարևոր է հասկանալ թուրքամետ իշխող ուժի և այդ եվրոպական օրակարգի մեջ գոյություն ունեցող հակասությունը, որովհետև Թուրքիան հետաքրքրված չի Հայաստանի և Վրաստանի ԵՄ անդամակցությամբ, Ռուսաստանը դրան դեմ է, Իրանը ոգևորություն չի հայտնում։ Այստեղ է առաջանում գլխավոր խնդիրը, թե ինչու իշխող ուժը հակված չէ այս տարի նման հանրաքվեի գնալ և ձգտելու է հարցը հետաձգել ապագային և խաղալ Սերժ Սարգսյանի խաղը, որը 2013 թ ընտրություններին ԵՄ ասոցացման շուրջ բանակցություններն օգտագործեց առաջադեմ երևալու համար: Թե ինչպես դա ավարտվեց` բոլորը գիտեն, ընտրություններից մի քանի ամիս անց 180 աստիճանի հակառակ որոշում կայացրեց։ Այսօր շատ հարցեր կան, թե որքանով է Սերժ Սարգսյանի իրավահաջորդ թուրքամետ գործիչ Նիկոլ Փաշինյանը, որը, ըստ էության, սառեցրեց ՍԵՊԱ-ն, պատրաստ Հայաստանը տանել դեպի Եվրոպա»-, կարծիք հայտնեց Անդրիաս Ղուկասյանը։ 

Հարցազրույցի շարունակությունը` վաղը