Սեուլի կոշտ արձագանքը՝ Մոսկվայի և Փհենյանի նոր համաձայնագրին

Սեուլի կոշտ արձագանքը՝ Մոսկվայի և Փհենյանի նոր համաձայնագրին

Կորեայի Հանրապետությունը մտադիր է վերանայել Ուկրաինային զենքի ուղղակի մատակարարումների հարցը, հաղորդում է Ռյոնհապ գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի աշխատակցին։

Գործակալությունը նշում է, որ այս հայտարարությունն արվել է Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի կնքման ֆոնին։

Սեուլը հատկապես ուշադրություն է հրավիրել պայմանագրի 4-րդ կետի վրա, որտեղ ասվում է, որ «եթե կողմերից մեկը հայտնվի պատերազմական իրավիճակում մեկ կամ մի քանի պետությունների կողմից զինված հարձակման պատճառով, մյուս կողմը նրան անմիջապես ռազմական օգնություն կտրամադրի»: Հարավային Կորեան լուրջ մտահոգություն է հայտնել և դատապարտեց Մոսկվայի և Փհենյանի միջև կնքված նոր պայմանագիրը։

Հարավային Կորեայի կառավարությունը կարծում է, որ ցանկացած համագործակցություն, որն ամրապնդում է Փհենյանի ռազմական հզորությունը, խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները։ Սեուլը մտադիր է ուժեղացնել միջուկային զսպման միջոցները՝ Հյուսիսային Կորեայի միջուկային հրթիռային հնարավորությունները չեզոքացնելու համար։

Նախկինում Հարավային Կորեան հումանիտար օգնություն էր ցուցաբերում Ուկրաինային և մատակարարում ոչ մահաբեր ռազմական ապրանքներ, բայց ոչ զենք։ Մայիսի 9-ին Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է Ուկրաինային մահաբեր զենք չտրամադրելու սկզբունքին։