Շարժումը մարե՞ց, հետո՞

Շարժումը մարե՞ց, հետո՞

Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի՝ Հանքավանում կայացած վերջին հավաքում հայտարարեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մարել է: Մինչ այդ էլ կային խոսակցություններ, թե շարժումը պառակտվեց, մարեց, վերջացավ, բայց այդ խոսակցություններին ոչ ոք, ընդհուպ ՔՊ-ն, լուրջ չէր վերաբերվում, մինչեւ որ Նիկոլը «չարձանագրեց» շարժման ավարտը: Եթե Նիկոլի հայտարարությունից հետո ՔՊ-ում ավելի հանգիստ են, ապա դա նշանակում է, որ խնդրո առարկա հայտարարության հասցեատերը հենց ՔՊ-ն էր, եւ Նիկոլը ճիշտ նշանակետին է խփել: Ներքին կրքերը հանգստացնելու համար ղեկավարները հաճախ են դիմում նման մխիթարական հնարքների: Պատերազմի ժամանակ մեզ ասում էին՝ «հաղթում ենք», Նիկոլն այսօր հայտարարում է՝ «Մենք հաղթեցինք, շարժումը մարեց»: Սա կոչվում է հանրության հանդարտեցում՝ էշացման մեթոդով: Պետք է խոստովանեմ՝ Փաշինյանի մոտ դա ստացվում է: Ողջ ՔՊ-ն ու հանրության մի հատված այդ մեթոդի ազդեցության տակ են այլեւս եւ կարողանում են հանգիստ քնել, որովհետեւ Բագրատ սրբազանի «ուրվականը» նրանց էլ չի հետապնդում:

Նիկոլի խնդիրները, սակայն, որ ծագում են ամեն շարժման հետ եւ չեն վերանում հերթական շարժման մարումով, շարունակում են մնալ եւ դեռ մի բան էլ ավելի խորանալ: Կարող եք չհամաձայնել, ասել՝ եթե շարժում չկա, էլ ի՞նչ խնդիր: Ոչ, սիրելիներս, Նիկոլի խնդիրները կան, մնում են, ավելի են խորանում, անկախ այն բանից՝ այս պահին փողոցում շարժում կա, թե չկա: Բանն այն է, որ 2020 թվականից մինչ օրս սկսված ու «մարած» շարժումներից ոչ մեկը Նիկոլի խնդիրները վերացնելու նպատակ չի հետապնդել: Դրանք Նիկոլին՝ որպես ամենամեծ խնդիր «վերացնելու» համար են եղել: Այդ շարժումների հիմքում ընկած է եղել կարեւորագույն գիտակցումն այն բանի, որ Նիկոլն է բոլոր խնդիրների խնդիրը, ու քանի դեռ նա կլինի վարչապետ, ոչ մի շարժում կամ շարժման որեւէ փուլ չի կարող արձանագրել, որ հասել է որոշակի հաջողությունների: Դու քեզ կոտորիր, պատեպատ տուր, կուրծք ծեծիր, խալխին համոզիր՝ Նիկոլը պետք է հեռանա, որ երկիրը չկործանվի, միեւնույն է՝ Նիկոլը չգնա՞ց, ուրեմն չես հաջողել:

Իսկ Նիկոլը չի գնում, որովհետեւ խնդիրները չեն թողնում: Այդ խնդիրներից մեկը, օրինակ, 44-օրյա պատերազմում նրա կրած պարտությունն է եւ կրակի դադարեցման մասին ստորագրած նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտը: Այս խնդիրն իր մեջ բազմաթիվ այլ խնդիրներ է պարունակում, որոնց մասին էշացման մեթոդի տակ ընկած հանրությունը սկսում է մոռանալ: Նիկոլը կարո՞ղ էր պատերազմի առաջին օրերին կանգնեցնել արհավիրքը: Հարցրեք Գլխավոր շտաբին՝ կարող էր: Նիկոլը կարո՞ղ էր մինչեւ Շուշին հանձնելը կանգնեցնել պատերազմը: Հարցրեք Պուտինին՝ կարող էր: Նիկոլը կարո՞ղ էր Արցախում մնացած 25 հազարանոց զորքով (իր հրապարակած թիվն է) դիմադրություն կազմակերպել: Հարցրեք ռազմագետներին՝ կարող էր: Հարց․ իսկ ինչո՞ւ չի արել: Չանելու 2 պատճառ կա՝ կա՛մ կոմպետենտ չի եղել, կա՛մ դավաճանել է:

Պատերազմի դաշտից մազապուրծ փախած Փաշինյանն իր այս խնդիրներով հանդերձ փոխանակ հրաժարական տալու, եկավ ԱԺ եւ սկսեց բոլորին համոզել, որ ամեն պարտություն չէ, որ պարտություն է, որ ինքը պաշտպանելու է արցախահայության ինքնորոշման իրավունքը, որ մի քանի ամսում վերականգնելու է ամեն ինչ եւ Հայաստանը դարձնելու է ինչ-որ բաստիոն: Այստեղ սկսվեց Հայրենիքի փրկության շարժումը: Ասել, որ այդ շարժումն Արցախը հետ բերելու մասին էր, սխալ կլինի: Նիկոլն այնպես չէր հանձնել Արցախը, որ հնարավոր լիներ ինչ-որ բան փոխել: Միակ հույսը թերեւս իր հողին կպած արցախահայությունն էր, որի իրավունքների համար դեռ կարելի էր պայքարել: Բայց դա կարելի էր անել բացառապես պարտվածի հեռացման գնով, ինչը տեղի չունեցավ: Հիշեք 2021թ. փետրվարի 25-ի Գլխավոր շտաբի հայտարարությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն է մեր անվտանգության գլխավոր սպառնալիքը: Ինչո՞ւ այդ ժամանակ չհեռացավ Նիկոլը: Որովհետեւ 44-օրյա պատերազմով Արցախին ու Հայաստանին պատուհասած արյունալի խնդրին նոր խնդիրներ էին ավելացել՝ նոր կապիտուլյացիաներ, որոնց ազդեցության տակ Փաշինյանը պետք է մոռանար նաեւ արցախահայության ինքնորոշման իրավունքը, ՀՀ զինված ուժերի վերականգնման իր մեռելածին ծրագրերը եւ առհասարակ ամեն բան, որ կապված էր Հայաստանի անվտանգության հետ:

Հետո ասացին՝ Հայրենիքի փրկության շարժումը մարել է: Նախագահով-բանով գործը հասցրին արտահերթ ընտրությունների: Դա միակ բանն էր, որ Փաշինյանին վերարտադրվելու շանս էր տալիս, եւ այդ շանսից օգտվեց Փաշինյանը՝ կիրառելով նույն էշացման մեթոդը, այսինքն՝ տալով խոստումներ, որոնք չէին կարող իրականացվել եւ ժամանակի հետ դառնալու էին նոր խնդիրներ իր համար: Իսկ ինչ վերաբերում է Հայրենիքի փրկության շարժման մարելուն, ինչի մասին հայտարարում էին Նիկոլն ու նիկոլականները, թույլ տվեք չհավատալ, որովհետեւ մի քիչ դժվար է ընտրություններով խորհրդարանական ընդդիմության 100 տոկոսանոց փոփոխությունը (հօգուտ շարժման) համարել պարտություն կամ մարում:

Դե, իսկ Փաշինյանի խնդիրները շարունակում էին ավելանալ: Թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ տապալումներին հաջորդում էին նորանոր տապալումներ: Համընդհանուր էշացման մեթոդում հայտնվեցին նոր խոսույթներ՝ ժողովրդավարության բաստիոն, խաղաղության խաչմերուկ, Պուտին բռնել, ֆլան-ֆստան: Վերջերս էլ պարզվեց՝ ՀԱՊԿ-ից ենք դուրս գալիս, որ գնանք ԵՄ: ՆԱՏՕ էլ չէ՝ ԵՄ: Իսկ Ադրբեջանն արդեն ՀՀ սուվերեն տարածքներն էր GPS-ով ասպատակում՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է… Օրական մի տարածք էին հանձնում, օրական մի դիրք՝ օրական մի նոր խնդիր ավելացնելով Փաշինյանի բազմաթիվ խնդիրներին: Դիմադրության շարժումը եկավ ասելու՝ պետք է դիմադրել, չի կարելի այսպես, երկիր ենք տալիս, հեռացիր, Փաշինյան, թող դիմադրենք: Սա էլ, թե․ դուք չեք հասկանում՝ ես սահմանազատում ու սահմանագծում եմ անում, որ խաղաղ ապրենք: Նույն էշացման մեթոդը, որ աթոռը պահի ու պատասխան չտա իր պարտությունների համար: Հետո հայտարարեցին, թե Դիմադրության շարժումը մարեց: Ի՞նչ ասեմ, մարեց՝ մարեց: Իսկ Փաշինյա՞նն ինչ արեց՝ ծաղկե՞ց, փթթե՞ց, զորացա՞վ: Ոչ, իհարկե, մնաց իր խնդիրների ու ճակատագրի հետ միայնակ, նորանոր խնդիրների միտումներն էլ՝ վրադիր: Ջերմուկի, Սեւ լճի, Գորիս-Կապան ճանապարհի հարցերը չլուծած՝ վրա հասան Ոսկեպարի ու Կիրանցի խայտառակությունները: Վեր կացավ, հասավ Տավուշ, մարդկանց կոխեց էշացման մեթոդի տակ, երդում կերավ՝ ձեռքս կկտրեմ, եթե հող տամ… Հետո եկավ Երեւանից, սկսեց մուննաթ գալ տավուշցիների վրա, թե` ծառ տնկեք, որ թուրքերին չտեսնեք: Երեւի աշխարհի բոլոր խաղաղության պայմանագրերն այսպես են կյանքի կոչվում, իսկ մենք չգիտենք այդ մասին: Շատ արագ նոր շարժում սկսվեց: Պարզ էր արդեն, որ Փաշինյանը նոր ու ավելի գլոբալ ք.քի մեջ է՝ Հայաստանն է տալիս: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նույն խնդիրը դրեց՝ Փաշինյանն իր պրոբլեմներով պետք է հեռանա: Բագրատ սրբազանն այդ պահանջը ներկայացրեց բավականին գեղեցիկ փաթեթավորմամբ՝ համախմբում, համերաշխություն, հայ, հայրենիք եւ Աստված… Ես չգիտեմ, թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է՞լ ինչ կարող էր անել Նիկոլի համար, որ չարեց: Նիկոլին ասին՝ որդյակ, դու լիքը խնդիրներ ունես, դու արդեն այնքան ես կապիտուլացվել, որ այլեւս չես կարող փրկել իրավիճակը, արի խոսենք, պայմանավորվենք, հանգիստ հեռացիր: Էդ էր պակաս, որ Նիկոլը գար խոսելու: Խոսելու բան չունի, ի՞նչ պիտի խոսեր, իր կուտակած խնդիրներն ու մեղքերն ո՞ւմ պիտի պատմի, ինչպե՞ս արդարանա ու արդարացնի Հայաստանի դեմ տեղի ունեցած այս արյունալի դավադրությանն իր ամենաակտիվ մասնակցությունը: Մի խոսքով՝ վախեցավ, փախավ:

Պակաս վախեցած չէր նաեւ ՔՊ-ն, որին պետք էր հանգստացնել: Էշացման մեթոդում նոր խոսույթներ եւ դիդակտիկ նյութեր ի հայտ եկան: Ի մասնավորի՝ հեծանիվ, ապա՝ ապուշ-ապուշ հայտարարություններ ազատության, ՀՀ անկախության եւ ինքնիշխանության մասին: Խաղաղության մասին կամաց-կամաց մոռացան, երբ պարզվեց, որ Բաքվում ՀՀ նոր սահմանադրություն են գրում, իսկ Անկարայում ՀՀ նոր զինանշան նկարում: Լրիվ ք.ք վիճակ է: Եվ այս վիճակից դուրս գալու համար Փաշինյանը կրկին դիմում է էշացման հին ու բարի մեթոդին՝ ՔՊ-շնիկներին «ավետելով» շարժման մարումը:

Ամփոփեմ՝ «շարժումը մարեց» արտահայտության մասին մի քանի մտածումներով: Այդ մասին խոսելուց առաջ, հարգելի հանրություն, պետք է հիշել, որ կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ շարժում: Այսինքն՝ եթե շարժում չկա, կյանք էլ չկա: Գերեզմաններում, օրինակ, ծերունի պահակից բացի ոչ ոք չի շարժվում: Այնտեղ հավիտենապես մարած են բոլոր շարժումները: Ու երբ Փաշինյանն ասում է՝ շարժումը մարեց, դուք դրանից ձեզ վատ չե՞ք զգում: ՔՊ-շնիկների հոգին, իհարկե, կարող է փառավորվել Փաշինյանի այդ հայտարարությունից, մտածեն, որ իրենք հենց էն պահակն են՝ միակ շարժվող բանը, բայց դրանից ի՞նչ օգուտ, Փաշինյանի պրոբլեմները կվերանա՞ն: Ոչ, իհարկե: Շարժմանը միշտ նոր շարժում կհաջորդի եւ այնքան ժամանակ, քանի դեռ չլուծված խնդիրն իր տեղում կլինի: Այս պահին դա Փաշինյանն է, վաղը կարող է մեկ ուրիշը լինել, եւ այդպես շարունակ: