Անկազմակերպ ու փնթի

Անկազմակերպ ու փնթի

Մենք երեկ ներկայացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին ընդունել է Free-dom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտին եւ ասել, որ Freedom House-ի զեկույցները կարեւոր ազդակ են հաղորդում կառավարությանը՝ ռեֆորմներն առաջ մղելու գործում: Հիշել էինք նաեւ, որ մոտ երկու ամիս առաջ՝ ապրիլի 15-ին, Նիկոլ Փաշինյանի թիմակից՝ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, խոսելով Freedom House-ի` Հայաստանին տրված գնահատականի մասին, թե մեր երկրում 2023-ին ժողովրդավարության նահանջ է եղել, ասել էր. «Freedom House-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ»։ Բայց այս դեպքը եզակի չէ, երբ նիկոլականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հակասում են իրար, սխալ են հանում մեկմեկու, մեկը մի բան է ասում, մյուսը ճիշտ հակառակն է պնդում։ Այսինքն՝ անկազմակերպ են, փնթի, ժողովրդական խոսքով ասած՝ «անոռ ու անգլուխ»։

Այլ օրինակներ էլ կան. 2018 թվականի հոկտեմբերն էր, նոր-նոր իշխանությանը տիրացած ՔՊ-ականներից մեկը` Արարատ Միրզոյանը, առաջին փոխվարչապետն էր ու Գյումրու օրվա միջոցառումներին մասնակցելու նպատակով Գյումրիում էր։ Լրագրողների հետ զրույցում նա Նիկոլ Փաշինյանի բացակայությունը բացատրել էր այսպես․ «Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում Գյումրին, խնդրել է իր սերը փոխանցել ու շնորհավորանքը։ Գիտեք` Նիկոլ Փաշինյանը մեկ օր առաջ է վերադարձել մի քանի օր տեւած գործուղումից, եւ շատ կուտակված բաներ կային, ու վարչապետը շտապել է եւ իր աշխատասենյակում է։ Վստահ եմ, որ ֆիզիկապես ներկա չլինելը ոչ մի բան չի նշանակում»։ Նույն օրը՝ երեկոյան, «բազմազբաղ» Փաշինյանը Ֆեյսբուքում գրել էր․ «Անկեղծ ասած, միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է՝ ինչ-որ մեկն իր աշխատանքը չի կատարել: Կգտնեմ նրան ու կպատժեմ: Չնեղվեք, իմ հարազատ գյումրեցիներ: Առաջիկայում կտեսնվենք»։ 

Վարչապետ-փոխվարչապետ հակասական մտքերի համար ոչ ոք չհրաժարվեց պաշտոնից, ոչ ոք ներողություն չխնդրեց, այս փնթիությունը շարունակվեց արդեն միջազգային հարթակներում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում, արդեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է․ «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական լայնածավալ հարձակումն է կատարել Լեռնային Ղարաբաղի բնակիչների վրա, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտավոր է գործել, քանի որ Ադրբեջանը Ղարաբաղի դեմ ուժ է կիրառում, կան զանգվածային ոճրագործությունների մասին վկայող փաստեր: Ադրբեջանը ցանկանում է էթնիկ զտում իրականացնել։ Լեռնային Ղարաբաղից ստացված պատկերները հիրավի ցնցող են. անօթեւան կանայք, երեխաներ, սնունդ չունեցող տարեցներ, երեխաներին հուսահատ որոնող մայրեր, նրանք լաց են լինում վախից՝ մտածելով, որ ադրբեջանցիները կարող են կալանավորել ամուսիններին: Դժվար է հավատալ, որ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում»։ Սրան զուգահեռ, ՄԱԿ ԱԽ նիստը դեռ չավարտված՝ Նիկոլ Փաշինյանը Երեւանում հայտարարեց․ «Հիմա, այս պահին մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»: Եվ այս փնթիության, արցախցիների ու մեր շահերին վնասելու համար ոչ ոք չպատժվեց։

Այսպես են կառավարում թավշյաները, դրա համար էլ մեր պետությունն այս օրին է։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ