Աշնանային եթերաշրջանին ընդառաջ

Աշնանային եթերաշրջանին ընդառաջ

Եթե մինչեւ սեպտեմբեր Նիկոլ Փաշինյանն իր թիմով ռադ չլինի, ինչպես ինքն է ասում, ապա ստիպված է լինելու Ազգային ժողովի ամբիոնից հերթական մանիպուլյացիան նետել հրապարակ: Դա մոտավորապես կարող է հնչել հետեւյալ կերպ. «Ես սահմանազատման ու սահմանագծման այս «թավաքյալլի» պրոցեսի թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավորը չեմ»: Եվ սկսվելու է մեղավորների նոր փնտրտուքը: Էլ ո՛չ Ալմա-Աթայի հռչակագիր, ո՛չ նախկիններ, ո՛չ Հայաստանի վարչատարածքային բաժանում, ո՛չ կախիչ, ո՛չ թափանցիկ զուգարաններ, ո՛չ անորակ ծորակներ: Այդ ամենն այլեւս դուրս կմղվի մեղավորների շրջանակից եւ կտրվի մոռացության: Նոր ու ավելի ծանրակշիռ մեղավորներ են պետք, չի բացառվում, որ լինեն նոր ռեպրեսիաներ ու ձերբակալություններ:

ՀԱՊԿ-ից էլ, հակառակի պես, չի կարողանում դուրս գալ, որ անպատիժ հայտարարի՝ բա գիտե՞ք, ՀԱՊԿ-ը մեր հողերը վերցրեց ու տվեց Ադրբեջանին: Այդպիսի մի բան փորձնական բլթացրել էր ԱԽՔ Արմեն Գրիգորյանը եւ արժանացել համաշխարհային ծաղրուծանակի: Չենք կարծում, որ Նիկոլը կփորձի երկրորդ անգամ նույն ջուրը մտնել:

Եվ, ուրեմն, ովքե՞ր կարող են այս ապօրինի սահմանազատման ու սահմանագծման գործով թիվ մեկ մեղավոր հռչակվել: Սկսենք վերեւներից՝ ԱՄՆ պետդեպ: Ինչո՞ւ այդ ծանրակշիռ հիմնարկը ժամանակին Նիկոլին չասաց, որ հանկարծ Ալմա-Աթայի հռչակագիրը մեջտեղ չբերես: Ավելին՝ ինչո՞ւ Բլինքենը ողջունեց Ալմա-Աթայի հռչակագրով սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելու Նիկոլի հանճարեղ գաղափարը: Բլինքենը պարտավոր էր ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) GPS-ը վերցնել, գալ հայ-ադրբեջանական սահման եւ Ալիեւին ու նրա զինված բանդաներին վռնդել մեր հողերից: Կարո՞ղ էր անել: Կարող էր, բայց չարեց: Սա ձեզ՝ մեկ մեղավոր: 

ԵՄ-ն կարո՞ղ էր Հայաստանին ընդունել այդ կազմակերպության մեջ եւ հորդորել Բաքվին՝ դուրս գալ ԵՄ տարածքներից, այսինքն՝ Ոսկեպարից, Կիրանցից, Ջերմուկի հարակից բարձունքներից, Սեւ լճից, Գորիս-Կապան ճանապարհից, Սյունիքի մասին էլ մոռանալ առհավետ: ԵՄ-ն արե՞ց դա, ԵՄ-ն մեզ թույլ տվե՞ց այդքան մոտենալ իրեն: Ոչ, թույլ չտվեց: Սա էլ ձեզ՝ երկու մեղավոր: 

Երրորդ մեղավորը կարող էր Մակրոնը լինել, բայց նա, կարծես, հարգելի պատճառներ ունի Հայաստանի հարցերով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ չառճակատվելու: Ֆերմերները մի կողմից են հոգին հանում, թոշակառուները՝ մյուս, ընդդիմությունն էլ՝ իր հերթին: Քիչ էր մնացել հրաժարական տար խեղճ մարդը ու մի կերպ «պլստաց»: 

Ամենահարմար մեղավորներից մեկը կարող էր Պուտինը լինել, եթե Փաշինյանին հաջողվեր մինչեւ սեպտեմբեր դուրս գալ ՀԱՊԿ-ից: Հասկանում եք, չէ՞, որ Հայաստանի համար ՆԱՏՕ մտնելն ավելի հեշտ է, քան ՀԱՊԿ-ից դուրս գալը: Մի քիչ էլ բախտի բան է: Մեկ էլ տեսար՝ ՀԱՊԿ-ի զորքերը մտան Հայաստան ու, ինչպես Ղազախստանում եղավ, վերականգնեցին սահմանադրական կարգը: Իսկ այդ ժամանակ Նիկոլի հարցը շատ խիստ կդրվի, եւ քաղաքացի Փաշինյանը, որպես ՀՀ սահմանադրությունը վերից վար խախտած բռնապետիկ, Պուտինից մի ոտ շուտ կհայտնվի միջազգային դատարանում: ՀԱՊԿ-ի խնդիրն էլ եթե մի կողմ դնենք, միեւնույն է, ՌԴ ԱԳՆ-ում մի կին է աշխատում, անունը՝ Մարիա Զախարովա, որ Նիկոլից ոչինչ չի թողնի, եթե Նիկոլը փորձի Պուտինին մեղավոր նշանակել սահմանազատման եւ սահմանագծման այս մութ գործարքում: Այսուհանդերձ, Պուտինի տարբերակը պետք է մտքում պահել, որ վերջին պահին, երբ հնարավոր չլինի որեւէ այլ մեղավոր գտնել, Պուտինի անունը տանք: Էս ձեզ՝ 4 պոտենցիալ մեղավոր: 

Հաջորդը՝ հինգերորդը, կարող է Ռաիսին լինել՝ Իրանի նախագահը: Ժամանակ գտա՞վ սահմանազատման եւ սահմանագծման այս թունդ օրերին ավիավթարի ենթարկվելու: Ասում էր՝ Իրանը թույլ չի տա սահմանների որեւէ փոփոխություն: Դե արի ու մինչեւ սեպտեմբեր համբերիր, որ Իրանի նոր նախագահը սկսի զբաղվել հայ-ադրբեջանական սահմանների հարցով:

Իրավիճակը կարող են փրկել նաեւ ներքին մեղավորները: Օրինակ, ընդդիմությունը, որ իշխանությունների հետ համագործակցելու փոխարեն քննադատում է ՀՀ արտաքին քաղաքականությունը, «սխալ հանում Նիկոլին», գնում է սահմանային գյուղեր, երգում, պարում, ժողովրդին համոզում՝ իրենց տներն ու հողերը թուրքին չտալ: Ու դեռ լավ է, որ պատերազմ չի սկսվում, եւ Ալիեւն առայժմ խաղաղ ճանապարհով է տանում այդ հողերն ու տները: Էս ձեզ… Հաշիվն էլ կորցրի… Հա, էս ձեզ՝ վեց մեղավոր: 
- Մեծարգո վարչապետ պարոն Փաշինյան, Բագրատ սրբազանին մոռացա՞ք,- ՔՊ խմբակցությունից հարց կտա Վահագն Ալեքսանյանը:
- Տո չէ, ի՞նչ մոռանալ, Բագրատ սրբազանին մոռանա՞լ կլինի: Եկել էր հրապարակ, թե՝ «անորսալի Ջո», արի խոսենք քո հեռանալու պայմանների մասին: 

Եթե կուզեք իմանալ՝ Բագրատ սրբազանը շատ էլ հարմար թեկնածու է, եւ նրա պատճառով է, որ Նիկոլը չի կարողանում կենտրոնանալ սահմանագծման եւ սահմանազատման պրոցեսի վրա: Խանգարում է, թույլ չի տալիս, որ ՀՀ իշխանությունները սուսուփուս հանձնեն Ալիեւի պահանջածը: Բագրատ սրբազան, բա որ հանկարծ կռիվ սկսվի՞… Գիտեք, չէ՞, որ եթե կռիվ սկսվի, Նիկոլն էլ կռիվ գնացողը չիիիիի…
Թիվ 1 մեղավորի մի հարմար թեկնածու էլ կա, բաց նրա անունն այս փուլում, քանի դեռ սահմանազատում եւ սահմանագծում կոչվող այս տրագիկոմեդիան շարունակվում է, կարելի է դեռ չտալ: Դա Մհեր Գրիգորյանն է՝ իր հանձնաժողովով հանդերձ, որ ոչ մի կերպ չի կարողանում իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Շահին Մուստաֆաեւի հետ գալ ընդհանուր հայտարարի: Մեր կարծիքով՝ Փաշինյանը մեղավորների փնտրտուքի ժամանակ կկանգնի հենց Մհեր Գրիգորյանի տարբերակի վրա: Այնպիսի տպավորություն ունեմ, որ Փաշինյանն այդ մասին հոգացել է Մհեր Գրիգորյանի հանձնաժողովի ստեղծման առաջին օրերից՝ նրան զրկելով ամեն տեսակ իրավասություններից, բացի հող հանձնելուց: Մհերն այսօր ունի այդ իրավասությունը՝ տրված անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից: Բայց մենք գիտենք, որ ժողովրդավարական երկրներում սահմանների հարցերը կարգավորվում են հազար ու մի օրենքներով ու հանրաքվեներով: Եվ ի՞նչ պետք է ասի Մհեր Գրիգորյանը, եթե Նիկոլը հայտարարի՝ այդ հանձնաժողովը գործել է ինքնագլուխ, ես որեւէ լրացուցիչ իրավասություն Մհեր Գրիգորյանին չեմ տվել: Ուստի՝ սաղ Մհեր Գրիգորյանն ա մեղավոր: Եվ Մհեր Գրիգորյանին կարող են նույնիսկ ձերբակալել: