Դիահերձարանի տարածքը տվել է «արենդով», գումարի մի մասը, ըստ մեղադրանքի, յուրացրել

Դիահերձարանի տարածքը տվել է «արենդով», գումարի մի մասը, ըստ մեղադրանքի, յուրացրել

«Հրապարակն» այսօր գրել էր, որ օրերս կալանավորվել է «Աշտարակ» Բժշկական կենտրոնի տնօրեն, ՔՊ-ական Արգիշտի Հովհաննիսյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել էին մեր լուրը եւ մեզ հայտնել, որ ԲԿ տնօրենը կալանավորվել է մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով, բացի ԲԿ-ի, տնօրենից մեղադրանք է ներկայացվել եւս երկու անձի։ 

Իրավապահ համակարգից «Հրապարակ»-ին հայտնի է դարձել քրեական վարույթից որոշ ուշագրավ մանրամասներ։ Վարույթով առկա են ձայնագրություններ` դրանք են դրված մեղադրանքի հիմքում։

Բժշկական կենտրոնի տնօրենը հիվանդանոցին պատկանող դիահերձարանի տարածքը վարձակալության է տվել ինչ որ կազմակերպության, որի ղեկավարի հետ ունի մտերիմ հարաբերություններ, բայց գրանցել է վարձակալության գումարի մի մասը, մյուս մասը, ենթադրաբար, յուրացրել է։ Քրեական վարույթով առկա ձայնագրություններում, խոսակցության ժամանակ ասվում է, որ յուրացված գումարի մի մասը կիսվելու են ոմն Ռազմիկ Թադեւոսյանի հետ։ 

Ռազմիկ Թադեւսոյանը Արագածոտնի մարզպետի խորհրդականն է։ Մարզպետարանի մեր աղբյուրներն ասում են՝ Թադեւոսյանը շատ մտերիմ հարաբերություններ ունի Արգիշտի Հովհաննիսյանի հետ, այսպես ասած՝ ՔՊ-ում ԲԿ-ի տնօրենի «թիկունքն» է, բոլոր «բազարների իտոգ տվողը»։ 

Գործով անցնող մյուս 2 անձինք, որոնց մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար, Արգիշտի Հովհաննիսյանի վարորդն ու ԲԿ-ի պահակն են։ Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադեւոսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, ասացին, որ նա հանգստանում է` արձակուրդ է վերցրել։ 

Ռազմիկ Թադեւոսյանը նախկինում էլ է հայտնվել մամուլի սկանդալային հրապարակումների կիզակետում։ Նա «ՔՊ»-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի վարորդն է եղել՝ երբ Թորսյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր։ Թադեւոսյանը Թորոսյանի մեքենան էր վարում, սակայն զուգահեռ զբաղվում էր Թորոսյանի ընտանիքին պատկանող Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի ձկնաբուծական բիզնեսով։ Այս ընկերության 20%-ի սեփականատերը Արագածոտնի մարզպետի խորհրդականի  հայրն է՝ Սարգիս Թադևոսյանը։