Նա քանի՞ օր կշարունակի աշխատել այդ պաշտոնում, եթե այդ մասին խոսի

Նա քանի՞ օր կշարունակի աշխատել այդ պաշտոնում, եթե այդ մասին խոսի

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը երեկ հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների նորընտիր հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ: «Հանդիպման շրջանակներում պաշտպանը խոսել է մարդու իրավունքների մի շարք բնագավառներում առկա խնդիրների մասին, անդրադարձ կատարել իրավահավասարության երաշխավորման եւ հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման շրջանակներում լայնածավալ աշխատանքներ իրականացնելու կարեւորությունը: Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից այդ ոլորտում իրականացված աշխատանքներին»։ Սա հատված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունից: Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ: 

- ՄԻՊ Անահիտ Մանասյանն իր բոլոր հանդիպումների ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ատելության խոսքին, դրա դեմ պայքարի կարեւորությանը: Անխոս՝ այն դատապարտելի է եւ անընդունելի, սակայն չկա՞ն մեզանում առաջնային հարցեր, որոնք առնվազն պետք է Մանասյանի ուշադրության կենտրոնում լինեին: Ասենք` ոստիկանների պահվածքը, ցուցարարների խոշտանգումը, Բաքվում գտնվող մեր գերիները, իշխանության տարբեր օղակների վատ աշխատանքը, ընդդիմության հանդեպ իշխանությունների վերաբերմունքը եւ Սահմանադրությամբ նրանց հասանելիք պաշտոններից զրկելը, շատ ուրիշ բաներ: Փոխարենը նրա հետաքրքրության շրջանակները սահմանափակվում են մի երեւույթով, որի դեմ անգամ աշխարհի առաջատար իրավապաշտպան կազմակերպությունները չեն կարողանում պայքարել, ուր մնաց ՀՀ ՄԻՊ-ը կարողանա:

- Կան առանցքային հարցեր, բայց առանցքային ասելով պետք է առաջին հերթին հասկանալ մարդու իրավունքները, այդ թվում` ընդդիմադիր մարդու: Տպավորություն է, թե Հայաստանում ոչ նիկոլական մարդիկ պաշտպանությունից դուրս են, եւ խոսքը ոչ միայն մարդու իրավունքներին է վերաբերում, այլեւ բոլոր կառույցներին, բայց քանի որ նա էլ այս իշխանության մի մասն է, իշխանության շարունակողը եւ ոչ մի բանով չի տարբերվում մյուսներից, բնական է, որ իրավիճակը պետք է լիներ այնպիսին, ինչպիսին կա: Վաղն էլ գուցե այլ թեմա վերցնեն եւ խոսեն այդ մասին: Երբ խոսում են ատելության խոսքի մասին, չգիտես ինչու, դա չի վերաբերում իշխանահաճո ատելության խոսքին, այն բացառապես ընդդիմադիրներին է վերաբերում: Այստեղ մեծ խնդիր կա, երբ իշխանահաճո ատելության խոսք տարածողները մնում են անպատիժ, իսկ ընդդիմադիրներն անգամ մեկ գրառման համար կալանավորվում են: Այստեղ կա մեծ խտրականություն: Սա պրոբլեմատիկ պետք է լիներ ՄԻՊ-ի համար: Բայց այդ ամենով զբաղվելու փոխարեն նա զբաղվում է ենթադրյալ հարցերով: Նա ոչ մի բանով այլ պետական կառույցից չի տարբերվում այսօր: Բոլորն ինչ-որ զբաղմունք են գտել, ձեւն ապահովում են, կարեւորը՝ նկարներ են տեղադրում Ֆեյսբուքում, ու վերջ, համարում են, որ մեծ գործ են անում: Իրենց պարտքը հայրենիքի հանդեպ կատարված է:

- Այսօր ի՞նչ առաջնային հարցեր կան` մարդու իրավունքների հետ կապված, որոնց մասին Մանասյանն ուղղակի պարտավոր է խոսել, սակայն լռում է:

- Առաջին հերթին նա պետք է խոսեր քաղաքական բանտարկյալների մասին: Հայաստանում այսօր կան քաղբանտարկյալներ, էլ ինչի՞ մասին, եթե ոչ սրա: Հայաստանն այսօր չունի անկախ դատական համակարգ, անկախ դատական համակարգին նմանվող ինչ-որ մի երեւույթ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կործանել է վերջնականապես: Այս ամենը տեղ է գտնում նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում: Այնպես չէ, որ գաղտնիք ենք բացահայտում, զեկույցներում էլ կարելի է կարդալ դատական համակարգի իրական պատկերի մասին հայտարարություններ, բայց այդ առումով ՄԻՊ-ի կողմից քար լռություն է: Պատվերով քրեական գործերը, մարդկանց զանգվածային կալանավորումներն ու հետապնդումները… ՄԻՊ-ն առաջին հերթին այս հարցերով պետք է զբաղվեր: Բայց կարո՞ղ է զբաղվել, նա քանի՞ օր կշարունակի աշխատել ՄԻՊ, եթե այդ մասին խոսի` կես աշխատանքային օր, մինչեւ ազատման թղթերը պատրաստեն:

- Քանի որ այս իշխանությունը շատ է սիրում խոսել ժողովրդավարության մասին, եկեք օրինակներ նշենք, թե աշխարհի իրապես ժողովրդավար երկրներում ինչպես են աշխատում օմբուդսմենները:

- Եվրոպական երկրներում եթե օմբուդսմենը վատ աշխատի, աշխատանքը չի շարունակի, քանի որ այնտեղ այդ մարմնին պահողը հասարակությունն է: Ժողովրդավար երկրներում հանրությունը մեկ օր անգամ չի հանդուրժի չաշխատող մարդու իրավունքների պաշտպանին: Դա՝ դեռ այն դեպքում, երբ նման երկրներում չկան այսքան խնդիրներ, որքան կան Հայաստանում: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շղարշ է ստեղծում` կեղծ մի բան, եւ դա ցուցադրում է հանրությանը, թե իբր մի մեծ աշխատանք են անում: Կարեւորը ցույց տալն է, ոչ մի միտք: