Կադաստրի կոմիտեն համարել է, որ ՀԳՄ գույքի սեփականաշնորհման հիմքերը ճիշտ են եղել

Կադաստրի կոմիտեն համարել է, որ ՀԳՄ գույքի սեփականաշնորհման հիմքերը ճիշտ են եղել

Նկարիչների եւ գրողների միությունների գույքի պետականացման թեման մի քանի ամիս առաջ թեժ կրքեր բորբոքեց ստեղծագործողների ու ստեղծագործական միությունների շրջանում։ Ինչպես հայտնի է, իշխանությունը, ի դեմս ՀՀ գլխավոր դատախազության, որոշել է պետականացնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը, իսկ որպես հիմնավորում, հղում է անում «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990-ի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետին, որը սահմանել է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Մինչդեռ երկու միությունն էլ ստեղծման օրվանից չեն եղել պետական կառույցներ, այլ՝ հասարակական կազմակերպություններ։

Այս առիթով գրողների եւ նկարիչների միություններն արտահերթ համագումարներ հրավիրեցին ու իրենց անհամաձայնությունը հայտնեցին դատախազության` գրողների ու նկարիչների գույքը պետականացնելու պահանջին։
Թե ինչ զարգացումներ կան գրողների գույքը պետականացնելու գործով, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում նշում է, որ պատասխան գրություն են ստացել Կադաստրի կոմիտեից, որը հաստատում է, որ սեփականության իրավունքի գրանցումը ժամանակին արվել է առանց որեւէ խախտումների․ «Սա նշանակում է, որ իրենք իրենց արածը պաշտպանել են ու պատասխանն ուղարկել են թե՛ մեզ, թե՛ դատախազությանը, որ տեղյակ լինենք։ Ինչպես գիտեք, դատախազությունն է կանչել Կադաստրի կոմիտեին վարչական դատարան, մենք էլ որպես 3-րդ անձ ենք ներգրավված այդ գործում»։  

Դատարանը ՀԳՄ գույքերը պետականացնելու հարցն առանձին- առանձին է քննելու, նոյեմբերի 28-ին նշանակված է Սեւանի հանգստյան տան հարցով առաջին դատական լսումը, իսկ 2025-ի հունվարի 22-ին էլ՝ Գրողների միության շենքի։ Թե ինչու են այդքան ուշ նշանակված առաջին դատական նիստերը, Միլիտոնյանը դժվարանում է ասել։ «Չեմ կարող ասել, երեւի ժամանակ են ուզում՝ գործերն ուսումնասիրելու համար։ Այստեղ ամենակարեւորն այն է, որ Կադաստրի կոմիտեն համարել է, որ սեփականաշնորհման հիմքերը ճիշտ են եղել, այսինքն՝ գրանցումը համարել են ճշգրիտ հիմքերի վրա։ Թե հետո վարչական դատարանը պետականացման ինչ հիմնավորումներ է բերելու, իբրեւ թե դրանք պետական շենքեր են եղել եւ այլն, ապա մեր փաստաբաններն էլ կարող են հիմնավորել, որ այդ շենքերը տասնյակ տարիներ ծառայել են գրողներին ու նկարիչներին, եւ դրանք դիտարկվել են որպես այդ միությունների շենքեր։ Կարեւորը՝ Կադաստրի կոմիտեն իր արածը պաշտպանել է եւ ասում է՝ ճիշտ են արել, հաստատելով Գրողների միության սեփականության իրավունքը, դա կրկնելով եւս 2 անգամ՝ 2001-ին եւ 2013-ին։ Իսկ այն, որ պետությունն ասում է՝ 90թ․ օրենքով այդ շենքերը պետական են, ապա այդ շենքերի վերաբերյալ չկա պետականորեն արված որեւէ գործառույթ՝ պետության միջոցով։ 60-70 տարի այդ շենքերը ծառայել են միությանը, ու միության կողմից էլ ամեն ինչ արվել է դրանց պահպանման համար, բայց հանկարծ մի օր զարթնում են ու որոշում պետականացնել, ինչն ուղղակի արտառոց բան է։ Հետո՝ 90թ․-ից այս կողմ այնքան պետական շենքեր են վաճառել, որ դրանց տեղն այսօր ոչ մի բան չկա, ուղղակի քանդել են, ինչպես Երիտասարդական պալատը, «Սեւան» հյուրանոցը, կրթության նախարարության նախկին շենքը եւ այլն։ Հիմա ո՞ր մեկին հավատաս, չէ՞ որ դրանք պետական շենքեր էին, ո՞նց մի քանի դրամով վաճառեցին, որոնց տեղը հիմա փոշի է ու քար։ Սա էլ՝ պետության հոգածությունն ու վաճառքը, մինչդեռ մենք մեր շենքերը պահել ենք, նորոգել ենք, իսկ Սեւանի հանգստյան տան վրա ներդրումներ են դրվել, այդ ներդրողներն ի՞նչ պետք է անեն, իրենք է՞լ իրենց հերթին դատ ու դատաստանների մեջ պետք է ընկնեն»,-նշում է Միլիտոնյանը։

Հատկանշական է, որ եթե Գրողների միության հրավիրած համագումարին պետական որեւէ պաշտոնյա չկար, ապա Հայաստանի նկարիչների միության հրավիրած արտահերթ համագումարին ներկա էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով, իբրեւ կոմպրոմիսային առաջարկ երկու կողմերի համար, առաջարկեց նվիրատվության մեխանիզմ գործարկել, այն է՝ միությունն իր գույքը նվիրի կառավարությանը, կառավարությունն էլ այն նվիրաբերի միությանը։ Կառավարության անունից նախարարի արած առաջարկը, ինչպեսեւ սպասելի էր, բուռն կրքեր բորբոքեց դահլիճում՝ նկարիչների շրջանում, ովքեր կտրականապես մերժեցին այդ առաջարկը՝ անգամ հարցը քննարկման օրակարգ մտցնելու տարբերակով։ Իսկ մտավախությունն այն էր, որ ոչ մի երաշխիք չկա, թե գույքը կառավարությանը նվիրելուց հետո կառավարությունն այն կնվիրաբերի միությանը։

Ավելին՝ նկարիչների համագումարին ներկա ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նախարարի առաջարկի առնչությամբ հենց բեմահարթակից նկատեց, որ տպավորություն է, թե «քարկտիկ» ենք խաղում՝ «նվիրիր ինձ, որ նվիրենք քեզ» անվանումով։ «Մեր համաժողովին մենք ավելի կոնկրետ առաջարկ հնչեցրինք, որ այդ շենքերը մնում են մեզ սեփականաշնորհման իրավունքով, բայց երբեք չվաճառելու պայմանով, որովհետեւ Ազգային ժողովում վարչապետն ասել էր, որ կարող են միությունները վերցնել ու վաճառել շենքերը, բայց մենք էլ ասում ենք, որ մենք վաճառելու ո՛չ միտք ունենք, ո՛չ էլ երբեւէ ունեցել ենք։ Հետո՝ շենքերը համաժողովներով պետք է թույլատրել վաճառել կամ չվաճառել։ Մեր համաժողովն ասել է, որ դրանք չեն վաճառվելու երբեք։ Հիմա թե պետությունն իր հաշտության առաջարկը ոնց է ձեւակերպելու, դա արդեն պետք է իրենք առաջարկեն՝ գրավոր։ Իսկ որ ասում են՝ պետականացվի ու տրվի անհատույց օգտագործման, ճիշտ տարբերակ չէ, որովհետեւ Մամուլի շենքից բազմաթիվ խմբագրությունների որ անհատույց տարածքներ էին տվել, հետո հանեցին, որովհետեւ դրեցին այնպիսի վճար, որ չէին կարողանում տալ։ Մեր դեպքում էլ նույնը կլինի, ու վաղը, մյուս օրը կգա մեկն ու կասի՝ վեր կացեք գնացեք։ Այդպես ո՞նց կլինի։ Եթե 2 ոտքը դնում են մի կոշիկի մեջ ու ասում, որ պետք է այսպես անհեռանկար պետականացվի, այդ դեպքում մեր գործողությունները կունենան շարունակություն՝ տարբեր տեղական ու միջազգային ատյաններում ու դատարաններում»։

ՀԳՄ նախագահը վստահ է՝ գրողների եւ նկարիչների միությունների շենքերի հարցը նախերգանքն է, ու այս 2 ստեղծագործական միությունների շենքերի պետականացման որոշումը լինելուն պես այդ նախադեպը միանգամից մյուս միությունների շենքերի վրա էլ կտարածեն։