Նյու Յորքում վերջերս կայացել է «Դու չգիտես Ջեկին» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է «Բժիշկ Մահ» մականունը ստացած հայազգի բժիշկ Ջեկ Գեւորգյանի մասին: Նրան մարմնավորում է համաշխարհային կինոյի գերաստղ Ալ Պաչինոն, մյուս դերերում են Սյուզան Սերենդոնը, Դեննի Հյուսթոնը եւ ուրիշներ: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա: Ֆիլմը Օսմանյան Թուրքիայից փախած հայ էմիգրանտների ընտանիքի զավակ Ջեկ Գեւորգյանի մասին է, որն աջակցում էր էվթանազիայի օրինականացման գործընթացին եւ օգնում էր անբուժելի հիվանդ մարդկանց հեռանալ կյանքից: 1989 թ.-ին նա «Մերսիթրոն» անվանումով մի դեղամիջոց էր ստեղծել, որի օգնությամբ մահացու չափաբաժին էր ներարկում անբուժելի հիվանդներին: Ընդհանուր առմամբ, դեղամիջոցի շնորհիվ կյանքից հեռացել են 130-ից ավելի անբուժելի հիվանդներ: Երբ այդ փաստը բացահայտվեց, նրան զրկեցին բժշկական լիցենզիայից: 4 անգամ դատարանի առջեւ հայտնվելուց հետո, 1999 թ.-ին նրան դատապարտեցին 25 տարվա ազատազրկման: 2007 թ.-ի հունիսի 1-ին 79-ամյա «Բժիշկ Մահին» ազատ արձակեցին` օրինակելի վարքի համար:
Կարծիքներ