Անահիտ Մանասյանը Հայաստանին նայում է պինդ փակված աչքերով

Անահիտ Մանասյանը Հայաստանին նայում է պինդ փակված աչքերով

ՄԻՊ Անահիտ Մանասյանն ավելի շուտ ԱԳ նախարար է, քան ՄԻՊ. միշտ ժպտերես, դեմքի ոչինչ չասող արտահայտությամբ: Նա կարծես ՀՀ կառավարության անդամ լինի: Եթե Եվրոպայից ինչ-որ պաշտոնյաներ են գալիս, հանդիպում են նախարարների հետ, ապա նրանց հետ հանդիպում է նաև Անահիտ Մանասյանը: Օրինակ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը, շնորհավորել է նրան ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, քննարկել է ԵԽ գրասենյակի «Մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանի զինված ուժերում» ծրագիրը: Նույն պատվիրակությանը ընդունել է նաեւ Անահիտ Մանասյանը և մի չհիշվող, դիվանագիտական ձևակերպումներով հագեցված հաղորդագրություն տարածել: 
Առհասարակ,  Անահիտ Մանասյանի տեքստերը հնարավոր չէ հիշել: Դրանք մի անվերջանալի, ձանձրալի «պրեսռելիզներ» են՝ ոչ մի վառ միտք, ոչ մի տպավորիչ էմոցիա, ոչ մեկի մատից փուշ հանելու ջանք, ոչ մի կոնկրետություն, ոչ մեկի հավին «քըշ» ասելու փորձ: 

Մանասյանի աշխատակազմն, օրինակ, հաղորդում է, որ ապրիլի 23-ին ՄԻՊ-ը ընդունել է ԵԽ պատվիրակությանը, կարևորել է ԵԽ դերը, չէ՝ «չափազանց է կարևորել», որ քննարկվել են բանակին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել ծրագրերին և այլն: Կարծես խոսքը ոչ թե օմբուդսմենի մասին է, այլ արտգործնախարարի: 

Մի բան է հասկացվում այս հաղորդագրությունից՝ որ ՄԻՊ-ը որոշել է զբաղվել ՀՀ զինված ուժերով: Բնականաբար, ոչ մեկին սա չի ուրախացնում, քանի որ հայտնի չէ, թե ինչն է հատկապես մտահոգում Եվրոպայից ժամանած հյուրերին եւ Անահիտ Մանասյանին բանակում, ինչը առհասարակ կարող է նրան մտահոգել և ինչ է թաքնված նրա անվրդով ժպիտի տակ: Ոչ մի քայլ մեր բանակայինների վիճակի բարելավմանն ուղղված մենք չենք տեսել: Բանակում հանցագործությունների թվաքանակը չի կրճատվել, զինծառայողները, ինչպես և 10-20 տարի առաջ, մահանում են անհասկանալի, չբացահայտված հանգամանքներում, ինքնասպանությունների, մահվան դեպքերի թիվը բանակում չի կրճատվում, բացահայտումները չեն ավելանում, ծառայությունը գնալով ավելի ծանր է դառնում, ծառայության պայմաններն օրեցօր վատանում են, լուրեր ենք ստանում, որ հերթափոխը շաբաթներով չեն անում եւ դիրքերում կանգնած զինծառայողները թույլատրելիից շատ ավելի երկար են մնում պոստերում: Սրանք համընդհանուր հայտնի փաստեր են: 
ՄԻՊ խիստ չեզոք հաղորդագրության մեջ այս ամենի մասին ոչ մի բառ չկա: Ընդամենը ասվում է, որ «Անահիտ Մանասյանը կարևորել է ԵԽ աջակցությամբ զինծառայողների իրավունքների պաշտպանության գործող մեխանիզմների կատարելագործումը և նոր մեթոդների ներդնումը՝ երաշխավորելով ծառայության հավասար պայմաններ նաև կին զինծառայողների համար»։ Տպավորություն է, թե Անահիտ Մանասյանը եվրոպացիներին հանդիպել է, որ սեր խոստովանի նրանց, պատմի, թե ինչքան բարձր են «կողմերը» միմյանց գնահատում: 

Հաղորդվում է, որ նա, բացի ԵԽ գրասենյակի ղեկավարից, ընդունել է նաև Մարդու թրանսվերսալ իրավունքների արձագանքման բաժնի ղեկավար Անաստասիա Սալյուկին, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանին, «Մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար Արմեն Գրիգորյանին: Թե ինչ ինֆորմացիա է հաղորդում ՄԻՊ-ը նշված անձանց` մեր բանակի մասին, դեռ հասկանալ է պետք: Հետաքրքիր է, որ կոնկրետ այս հանդիպման մասնակիցներից ոչ մի լուսանկար չկա, կարծես` փակ գաղտնի ռեժիմով աշխատող անձինք լինեն: Եթե ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինությունը հայտնի կառույց է, ապա Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանի անունը, որին հանդիպել է Մանասյանը, ոչինչ չի ասում մեր հանրությանը: Ո՞վ է նա, ի՞նչ «թրանսվերսալ» մարտահրավեր է կանխում, հայտնի չէ: Փորփրեցինք համացանցը, որ գոնե մեկ հիշատակում գտնենք Տիգրան Կարապետյանի և նրա ղեկավարած կառույցի մասին, և գտանք ուղիղ 1 տարի առաջ դատախազության տարածած մի հաղորդագրություն:

«ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ապրիլի 20-ին ընդունել են Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը»: Անգամ դատախազության աշխատողը, որը գրել էր այս ռելիզը, խոստովանեց մեզ, որ չգիտի, թե ինչ է թրանսվերսալ իրավունքը եւ անգամ համացանցում շատ քիչ բան կա այդ տերմինի մասին: Եւ ոչ միայն նա, այլև մի քանի իրավապաշտպաններ` ում դիմեցինք: Այդ ընդունելության օրերին՝ ապրիլի 20-ին, Անահիտ Մանասյանն արդեն հեռացել էր դատախազությունից, նա մի քանի օրվա ՄԻՊ էր, բայց մինչ օրս էլ ընդունում է դատախազության մութ հյուրերին, արդեն որպես ՀՀ ամենաիշխանական ՄԻՊ: 

Հիշեցնենք, որ Հայաստանի բոլոր օմբուդսմեններն իրենց կյանքում ունեցել են ընդվզման պահեր, անգամ եթե սկսել են իրենց գործունեությունը «իշխանականի» պիտակով: Լարիսա Ալավերդյանը կոշտ գնահատականներ էր տալիս իշխանությանը, ինչի համար Քոչարյանի ժամանակ զրկվեց զեկույց ներկայացնելու հնարավորությունից եւ վաղաժամ հեռացվեց պաշտոնից: Արմեն Հարությունյանը հիշվել է Մարտի 1-ի մասին փայլուն զեկույցով, որից հետո հեռացավ պաշտոնից: Կարեն Անդրեասյանը ՀՀ դատական համակարգում տիրող կոռուպցիայի մասին ցնցող զեկույց էր հրապարակել, նշելով սերժական դատավորների կաշառքների դրույքաչափերը, ապա կոնֆլիկտ ունեցավ իշխանավորների հետ եւ դիմում գրեց հեռացավ: Արման Թաթոյանը մնաց պատմության մեջ որպես ադրբեջանցիների վայրագությունների իրական բացահայտող, արդյունքում դարձավ ՔՊ-ի կողմից մերժելի: Հետո եկան առաջին և երկրորդ նիկոլական «Միպերը՝ հակահետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը և Անահիտ Մանասյանը, որոնք ոչ քաղբանտարկյալներին են ուզում տեսնել, ոչ Հայաստանում մարդու հիմնահատակ տրորված իրավունքները: Եւ իրենց բոլոր հայտարարություններում խոսում են ատելության խոսքի մասին, չմատնանշելով, որ իշխանության ներկայացուցիչներն են այդ խոսքի տարածողներն ու առհասարակ` հասարակությունը պառակտողները: Ապրիլի 24-ին, երբ բազմաթիվ ցուցարարների փողոցներից բերման ենթարկում, տանում էին բաժիններ, երբ Ծիծեռնակաբերդում  «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ դավաճան» վանկարկողներին ձերբակալում էին ու քրեական գործեր հարուցում, տիկին Մանասյանը ժպիտը դեմքին, առանց տագնապի նշույլի հարցազրույց էր տալիս բրիտանացի լրագրողներին, որոնք նախօրեին հարցազրույց էին վերցրել Նիկոլ Փաշինյանից: Եւ անգամ երբ նա խոսում է արցախցիների եւ ոստիկանություն բերման ենթարկված մասին, ակնհայտ է, որ դա ձեւական է, ոչ մի բովանդակություն եւ հետեւանք չունեցող` նա Հայաստանին նայում է պինդ փակված աչքերով: