Ստի թագավորության անկումը

Ստի թագավորության անկումը

ՔՊ-ական եւ իշխանական ամենաբարձր մակարդակներում դեռ «չգիտեն», թե ինչի մասին է Տավուշից սկսված քայլերթը: Դա մի կողմից լավ է, իհարկե, եւ նշանակում է, որ մայիսի 9-ին նրանք կարգին անակնկալի կգան Երեւանում: Բայց ես Ալեն Սիմոնյանին, օրինակ, չեմ հավատում, երբ նա գրեթե երդվում է, թե ոչինչ չգիտի շարժման բնույթի, պահանջների եւ նպատակների մասին: Հանդիսանալով Նիկոլից հետո երկրորդ ՔՊ-շնիկը՝ Ալեն Սիմոնյանը չէր կարող չիմանալ, թե ինչպիսի պատրաստության է բերվել ՔՊ-ն՝ իր քարոզչական ողջ արսենալով: Անգամ Պետրոս Ղազարյանին են ներգրավել, էլ չասած ստոպիկսաֆարովների եւ մյուսների մասին: Ալեն Սիմոնյանը չգիտի՞, թե իր հարազատ կուսակցությունը որքան տեղեկատվական աղբ է արտադրում այս օրերին եւ նետում ամենատարբեր եթերներ ու էլեկտրոնային կայքեր: Գիտի, անշուշտ: Գիտի նաեւ այդ աղբի ողջ բովանդակությունն ու ծագումնաբանությունը, բայց տակավին «դիմադրում» է, չի ուզում խոստովանել, որ ՔՊ-ի եւ ՀՀ իշխանությունների դեմ կոնսենսուսը կայացել ու ահագնանում է ժամ առ ժամ:

Հազիվ թե իր այսօրվա ասուլիսում Փաշինյանը փորձի քաղաքականապես «լուսավորել» իր «գաղափարակիցներին» եւ բաց տեքստով՝ ի լուր ժողովրդի հայտարարել, թե ինչի մասին է Տավուշից մեկնարկած շարժումը: Ի՞նչ կարող է ասել նա, օրինակ, Բագրատ սրբազանի մասին, որ առաջնորդեց շարժումը: Առեղծված լինի ասես: Մարդն իրեն Հիսուսի հետ էր համեմատում, ու մեկ էլ այսպիսի բա՞ն: ՔՊ-ում էլ են այլայլված: Մի քանի օր առաջ Նիկոլն իրենց առաջնորդում էր ջրերի ու ամպերի վրայով, սաղմոսներ էր կարդում ուղիղ եթերներից… Եվ, խնդրեմ` հայտնվեց մի սրբազան հայր ու սկսեց օրը 24 ժամ բանադրել «հովվին»՝ ՀՀ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մի խոսքով՝ իսկական զուլում… Կուռքը գահավիժում է, իսկ իրենք նրան ոչնչով օգնել չեն կարողանում:

ՔՊ-շնիկների անտեղյակ ձեւանալուն քիչ մնաց: Մենք այսօր կփորձենք այդ ժամանակն ավելի կրճատել եւ որոշ մանրամասներ ներկայացնել Երեւանի մատույցներ հասնող երթի մասին: Ինքը՝ Բագրատ սրբազանը, ասում է. «Այս շարժումը եռագույնի շարժումն է։ Այս շարժումը լինելիության, գոյության, առանց գույների ու ամբողջական բոլոր գույներով լինելու պատմությունն է։ Սա ճշմարտության մասին է։ Ստի պարտության ու ճշմարտության հաղթանակի մասին է»։ Որդիական ամենայն հարգանքով սրբազանի ու նրա խոսույթի հանդեպ՝ պիտի ասեմ, սակայն, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա աղանդն այս լեզուն չեն հասկանում: Թերեւս այլ խոսքեր են պետք, որ ասվածը հասնի ՔՊ-ի մտածելու օրգանին: Այ, եթե սրբազանն ասեր՝ ՔՊ-շնիկներին փռելու եմ ասֆալտին, ծեփելու եմ պատերին, բռնելու եմ շինեմ (մեղա, մեղա), Ալեն Սիմոնյանը երեկ չէր հայտարարի, թե ինքը չգիտի՝ ինչի մասին է այս շարժումը:

Ցույց տվեք ինձ մեկ հատիկ ՔՊ-շնիկ, որը գիտի, թե ինչ ասել է ճշմարտություն: Մինչդեռ Բագրատ սրբազանն ասում է, որ այս շարժումը ճշմարտության մասին է, ստի պարտության եւ ճշմարտության հաղթանակի մասին է: Ախր Նիկոլենց մոտ ամեն ինչ գլխիվայր է՝ սուտը ճշմարտությունն է, իսկ ճշմարտությունը՝ սուտը: Նրանք քանդելուն կառուցել են ասում, կոտրելուն՝ սարքել, պատերազմին՝ խաղաղություն, վտանգավորությանը՝ անվտանգություն:

Անօրինականությանն օրինականություն են ասում: Սուվերեն տարածքն ափաշկարա տալիս, ասում են՝ դա մերը չէ, իրենցն է, վերադարձնում ենք: Ասում ես՝ բա այդ ինչպե՞ս է, որ դուք միշտ վերադարձնողի դերում եք, իսկ Ալիեւը՝ ստացողի, ասում են՝ Ալմա-Աթայի հռչակագիր, ԽՍՀՄ իրավական ուժ ունեցող քարտեզներ… Սուտ է, բայց մեզ ասում են՝ դա է ճշմարտությունը: Ասում ես՝ ձեզ ոչ ոք իրավունք չի տվել հող հանձնել, ասում են՝ մեզ ժողովուրդն է ընտրել: Եվ ի՞նչ, ժողովուրդը ձեզ պատվիրակել էր Տավուշի գյուղերը հանձնե՞լ, Գորիս-Կապան ճանապարհը տալ թուրքի՞ն, Սեւ լճից հեռանա՞լ, Որոտանը մոռանա՞լ, Ջերմուկի ու Տավուշի դիրքերից իջնե՞լ: Դո՞ւք եք գիժ, թե՞ ժողովրդին եք գժի տեղ դնում: 
Դուք հիշեք, թե ինչպես 2018թ. այս օրերին այդ նույն ժողովրդի ճնշման տակ դարձաք իշխանություն: Ո՞վ էիք, էլի, մինչ այդ: Վեց տարում պարզվեց, որ ընդամենը շառլատան ստախոսներ եք, եւ հենց ձեր մասին է խոսում Բագրատ սրբազանը, երբ ասում է, որ սա ստի պարտության շարժում է: