Ավելի քան 2 հազար տարվա հնության մատանի է հայտնաբերվել

Երուսաղեմում՝ Դավթի ճանապարհին հնագետները հայտնաբերել են ոսկյա մատանի, որի թանկարժեք քարը եղել է 2300 տարվա հնության։ Այս մասին հայտնում են Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունից։ Հաղորդվում է, որ մատանին չափազանց փոքր է։ Այն իր չափսերով հարմար է գալիս կնոջ ճկույթի համար կամ էլ երիտասարդ աղջկա կամ դեռահաս տղայի մատների համար։ Մասնագետները նշում են, որ մատանին պատրաստվել է նախնական մետաղական հիմքի վրա ոսկյա տերեւներ պատկերող թիթեղիկների ավելացման սկզբունքով։ Ոճայնությամբ համապատասխանում է պարսկական կամ վաղ-հելլենական ժամանակներին տիրող նորաձեւույանը, թվագրվում է ՆՔ 4-րդ դարի վերջով կամ 3-րդ դարի սկզբով։
Հիշեցնենք, որ հնագետները արդեն տասնամյակներ պեղումներ են իրականացնում Երուսաղեմի հնագույն շրջաններից մեկում՝ Դավթի քաղաքում։ Բիբլիական ժամանակներից այնտեղ գտնվել է Դավիթ թագավորի պալատը, ինչպես նաեւ նրա հիմնադրած թագավորության գահանիստը։ Պեղումների ընթացքում արդեն բացահայտվել են ենթադրաբար քաղաքի պարիսպները հանդիսացող կառույցներ, ինչպես նաեւ Սողոմոն թագավորի ժամանակների շինություններ։
Կարծիքներ