Ողորմելիի հրամանը կատարող ողորմելիներ

Ողորմելիի հրամանը կատարող ողորմելիներ

Սարդարապատի հուշահամալիրում այսօր ոստիկանները նախ շրջապատեցին Ամենայն Հայոց Վեհափառին՝ փորձելով թույլ չտալ նրան մտնել Սարդարապատ։ Այս և այլ հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցել է Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ:

- Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Սարդարապատում, ինչպե՞ս կբնորոշեք:

- Պետական մակարդակի խուլիգանություն է, ինչ պիտի լինի, այսինքն պետական ծառայությունը, պարզվում է, կարող է խուլիգանաբար պահել իրեն՝ այս խուլիգան իշխանությունների օրոք խուլիգան ոստիկանություն: Այդ մարդիկ վաղը, որ հայելու մեջ նայեն, ի՞նչ են տեսնելու․ մեզ հետաքրքիր է, իրենց հարցրեք էլի, վաղը առավոտյան, որ լվացվեն ու հայելու մեջ նայեն, ի՞նչ են տեսնելու: 

- Երբ ոստիկանությունը աներկբա կատարում է նման հրահանգները, արդյո՞ք չի նպաստում, որ հասարակության միջև եղած ջրբաժանը ավելի խորանա ու ավելի անհանդուրժող դառնան:

- Այդ հրամանը տվողները մտածելու էլ ի վիճակի չեն, իսկ հրաման կատարողներն էլ դարձյալ այդքան խելք չունեն, որ ապօրինի հրամանը չկատարեն, որովհետև դա ապօրինի հրաման է՝ ոչ մեկն իրավունք չունի Ամենայն Հայոց Կաթողիկոսին կանգնեցնել, որևիցե մի տեղ գնալու ժամանակ: Դրա իրավունքը ոչ մեկին տրված չի՝ ոչ մեկին:

- Վատ իմաստով խորհրդանշական էր, որ դա տեղի ունեցավ Սարդարապատում, երբ Սարդարապատի ճակատամարտում հաղթեցինք շնորհիվ նաև այն ժամանակվա Կաթողիկոսի ու Հայ առաքելական եկեղեցու:

 -Իհարկե, դե պատկերացրեք, ճիվաղության աստիճանը: Մարդ ինչքան ճիվաղ պիտի լինի, ինչքան պիտի մարդկությունից պարպված լինի, դատարկ լինի, ոչինչ լինի: Իրենք իրենց ոչնչությունը ցույց տվեցին՝ ուրիշ ոչ մի բան չարեցին:

- Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով գրել էին, որ Փաշինյանը թույլ չի տվել Կաթողիկոսին մտնել մի վայր, որտեղ հաղթել են թուրքերին:

- Ղալաթ է արել, Վեհափառը ուր որ պետք է՝ մտել է:

- Կարծում եք այստեղ թուրքական կողմից ինչ-որ հրահանգ կարո՞ղ է լինել:

- Հեչ բացառված չի, նրանք այնքան են նույնականացած թուրք-ադրբեջանական իշխանությունների հետ, բնավ բացառված չի։ Սրանց մոտ հայկականը բացակայում է: Իրենց մոտ հայկականից մնացել է ազգանվան միայն յան հատվածը՝ ուրիշ բան չկա:

- Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտարարել է, որ Բագրատ սրբազանը պետք է խաչը հանի, որ Բագրատ սրբազանը Սրբազան չի: Ինչպե՞ս կպատասխանեիք այդ հայտարարությանը:

- Ղալաթ է արել՝ ինքը չի որոշում, Բագրատ սրբազանը սքեմը հանելու է, թե ոչ՝ դա իր որոշելիքը չի: Մենք էլ կասենք, թող ինքն էլ իր ուսադիրները պոկի՝ կպոկի՞:

-Իրենց դեպքում պետք է պոկեն, սեփական կամքով դժվար թե դա անեն:

- Վաղ թե ուշ պոկվելու են, դրան է գնում:

- Այս միջադեպը ինչպե՞ս է անդրադառնում Վեհափառի հեղինակության վրա, հարված չի՞ արդյոք միջազգային հեղինակությանը:

- Բացարձակ, դա պետության հեղինակությանն է հարվածում, իշխանությունների ճղճիմությունն է ցույց տալիս: Վեհափառի հեղինակությունն ինչի պիտի հարվածի տակ ընկնի՝ Վեհափա՞ռն է որևիցե մեկի ճանապարհը փակել, իր ճանապարհը փակել են, իրենք խայտառակվել են, չեն էլ կարողացել նորմալ փակել՝ ի վիճակի էլ չէին բնականաբար, ողորմելիի հրամանը կատարող ողորմելիներ։