Փաշինյանը Հայաստանը բաժանում է արեւմտամետների եւ ռուսամետների՝ ռուսամետների դեմ բռնությունը լեգիտիմացնելու համար

Փաշինյանը Հայաստանը բաժանում է արեւմտամետների եւ ռուսամետների՝ ռուսամետների դեմ բռնությունը լեգիտիմացնելու համար

Նիկոլ Փաշինյանն ավելի է խորացնում Հայաստան- Ռուսաստան հարաբերություններում առկա թշնամությունը՝ Բագրատ սրբազանի կողմից առաջնորդվող շարժումը կապելով Ռուսաստանի հետ: Փաշինյանի կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը գրում է, որ Բագրատ սրբազանի շուրջ համախմբված են կուսակցություններ, որոնք խոսել են Հայաստանը Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միացնելու գաղափարի օգտին, Հայաստանի իշխանություններին սպառնացել են վագներականներով, Ռուսաստանի լրատվամիջոցները լուսաբանում են նրա կողմից առաջնորդվող երթը, «իսկ Հայաստանի բոլոր բացահայտ ու ծպտված պրոռուսական կուսակցությունները կողքիդ շուրջպար են բռնել»: Մի՞թե սա բավարար չէ՝ համոզվելու համար, որ այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից, Ռուսաստանը Հայաստանում ծրագրում է հեղաշրջում իրականացնել:

Բագրատ սրբազանի կողմից առաջնորդվող շարժումը որեւէ աշխարհաքաղաքական կողմնորոշում չունի, նա կամ նրա հետ քայլող գործիչներից որեւէ մեկը չի հայտարարել, որ իրենց նպատակը Հայաստանում պրոռուսական իշխանության հաստատումն է, սրբազանը նույնիսկ իշխանափոխության մասին չի խոսում, նա ասում է, որ իրենց նպատակը հայրենիքի հանձնումը կանգնեցնելն է: Հնարավոր է, որ շարժմանը միացել են գործիչներ, ովքեր դեմ են Հայաստանի թշնամացմանը Ռուսաստանի հետ, բայց դա դեռ չի նշանակում, որ շարժումը ղեկավարվում է Ռուսաստանից: Այն, որ շարժմանը չեն միացել, այսպես կոչված, արեւմտամետ կողմնորոշում ունեցող կուսակցություններ կամ գործիչներ, մի բացատրություն ունի՝ այդ գործիչները կառավարվում են արեւմտյան դեսպանատների կողմից, իսկ քանի որ նրանք աջակցում են Փաշինյանի իշխանությանը եւ բացահայտ ողջունում են Հայաստանի տարածքային զիջումներն Ադրբեջանին, արգելել են իրենց ենթակա կուսակցություններին եւ գործիչներին՝ միանալ Փաշինյանի դեմ ուղղված երթին: Նույն տրամաբանությամբ՝ արեւմտյան մամուլը գրեթե չի լուսաբանում Բագրատ սրբազանի երթը, մինչդեռ 2018 թվականին Փաշինյանի մի քանի հոգանոց երթը լուսաբանում էր առաջին իսկ օրվանից եւ 24-ժամյա ռեժիմով:
Շարժումը Ռուսաստանի հետ կապելով՝ Փաշինյանը կարող է մի քանի նպատակ հետապնդել:

Նախ՝ եթե ՔՊ փոխնախագահը պաշտոնապես Ռուսաստանին մեղադրում է Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու մեջ, իսկ նրա խոսքը պետք է դիտարկել որպես իշխանության պաշտոնական դիրքորոշում, դրանով Փաշինյանն ապահովում է այն հիմնավորումը, որը թույլ կտա իրեն չգնալ Մոսկվա եւ չմասնակցել ո՛չ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը, ո՛չ ԵԱՏՄ գագաթնաժողովին, էլ չենք խոսում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու մասին: Ինչպե՞ս կարող է Նիկոլ Փաշինյանը գնալ մի երկիր, որի ղեկավարությունն իր դեմ դավադրություն է հյուսում, աջակցում կամ նույնիսկ ուղղորդում իր պաշտոնանկությանը ձգտող ուժերին: Կամ՝ ինչպե՞ս կարող է նա բացակայել երկրից մի իրավիճակում, երբ իր իշխանությունը կախված է մազից: Եթե ինքը բացակայի, այդ մազը կարող է կտրվել, եւ եթե ինքը պետք է հեռանա Հայաստանից, ապա հաստատ՝ ոչ Ռուսաստանի ուղղությամբ:

Բագրատ սրբազանի շարժումը կապելով Ռուսաստանի հետ՝ Փաշինյանն ուզում է ստանալ հայ հասարակության ներսում առկա արեւմտամետների աջակցությունը կամ առնվազն լոյալությունը: Փաշինյանն այս խավին ասում է․ տեսեք` նրանք առաջնորդվում են ոչ թե հայրենիքի փրկության շահերով, այլ Ռուսաստանից իջեցված հրահանգներով, եթե դուք միանաք այդ շարժմանը, ուրեմն դուք նույնպես կդառնաք Ռուսաստանի ագենտներ, կդառնաք Ռուսաստանի ձեռքին գործիք: Փաշինյանը հերթական անգամ ուզում է հայ հասարակությանը բաժանել ռուսամետների եւ արեւմտամետների, նրանց մեջ թշնամություն հրահրել ու օգտվել այդ թշնամությունից: 

Բագրատ սրբազանի շարժումը հռչակելով պրոռուսական կամ Ռուսաստանի կողմից կառավարվող՝ Փաշինյանը հետապնդում է շատ ավելի վտանգավոր նպատակ, ուզում է իր կողմից իրականացվելիք ռեպրեսիաների համար աշխարհաքաղաքական աջակցություն ապահովել: Պարզ է, որ Փաշինյանն իշխանությունը կամավոր զիջող չէ, եթե նույնիսկ Հանրապետության հրապարակում հավաքվի ոչ թե 50 հազար, այլ 500 հազար մարդ, նա միեւնույն է` փորձելու է ուժային լծակներ գործադրելով՝ պահել իր իշխանությունը: Նա մտածում է, որ բռնությունն արդարացնելու համար իրեն պետք է Արեւմուտքի աջակցությունը, որ իր գործողություններն ընդդեմ խաղաղ ցուցարարների համարվեն լեգիտիմ, առնվազն արեւմտյան մի քանի երկրների եւ այդ երկրների դեսպանատների կողմից: ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը ողջունեն բռնությունները կամ առնվազն աչք փակեն դրանց վրա՝ ասելով, որ դա արվում է հանուն Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից ազատագրելու, Հայաստանում պրոռուսական հեղաշրջում թույլ չտալու նպատակով: Իսկ դրա համար բռնությունը ոչ թե դատապարտելի է, այլ՝ խրախուսելի:

Կորցնելով հանրային աջակցությունը՝ Փաշինյանը հույս ունի իր իշխանությունը պահել ոստիկանության եւ Արեւմուտքի աջակցության շնորհիվ: Բայց դժվար թե որեւէ դեսպան հանձն առնի պաշտպանել եւ երաշխավորել Փաշինյանի իշխանության պահպանությունը, որի միակ հենարանը մնացել են ավելի ու ավելի հոգնող եւ բարոյալքվող ոստիկանական մի քանի ջոկատներ:

Ավետիս Բաբաջանյան