Փաշինյանը՝ Ալիեւի օգնությամբ, փորձում է կասեցնել շարժումը

Փաշինյանը՝ Ալիեւի օգնությամբ, փորձում է կասեցնել շարժումը

Իշխանությունները ոչ մի միջոց չեն խնայում Կիրանցից սկիզբ առած, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կասեցնելու, հանրային հուզումները հանդարտեցնելու համար։ Կիրանցից ստացվող տեղեկություններից կարելի է մինչեւ անգամ եզրահանգումներ անել, որ Փաշինյանը այդ հարցում անգամ Ալիեւի աջակցությունն ունի ու թերեւս այդ աջակցության արդյունքում է, որ Կիրանցում սկսած սահմանազատման գործընթացը որոշել են ժամանակավորապես սառեցնել, իսկ համայնքի ղեկավարին ու բնակչությանն էլ վստահեցնել, որ իրենք ոչ թե հող են կորցնելու, այլ մի բան էլ գրավելու են այդ գործընթացի արդյունքում։ Այն դեպքում, երբ 
Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթ կիրանցիներին հյուրընկալել էր կառավարությունում ու գուժել, որ սահմանազատման-սահմանագծման աշխատանքների արդյունքում գյուղը կիսվելու է, այլըտրանք չկա։

Այսօր՝ քիչ առաջ, Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը NewDay.am-ի ուղիղ եթերում Կիրանցում իրականացվող սահմանազատման գործընթացի վերաբերյալ հայտնել է, որ մենք ոչինչ չենք կորցնում։

«Մենք ունեինք բարձունք՝ «Խաչիլար» կոչվող, որը հենց ուղիղ խաչի վրա էր, էդտեղից մի 25 մետր իջեցրել են, որի համար հատուկ շնորհակալ եմ էդ մարդկանց, որոնք կարողացել են դա անել։ Հիմա մնում է մեր այս «քիթը»՝ գյուղի մասը, ամենացավալի տեղը։ Այն հողերը, որ 9,5  հեկտար կորցնում էինք, էդ էլ իջեցվել ա գետով, այսինքն՝ մեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, հետևի մասում մի 3 սեփականաշնորհված հող կա՝ 4500 մետրանոց, տոչկեքը որ խփվել ա, եթե ուղիղ գծով ես վերցնում, մեջն ա ընկնում, բայց ասեցին, որ ուղիղ գծի փոխարեն փակագծով անցկացնեն, էլի մեզ է մնալու։ Հիմա սպասում ենք գյուղի և կամրջի մասը, որը սառեցված է, բանակցությունների փուլում է, թե ոնց կլինի, կտեսնենք» -ասել է Շահինյանը, հարցին՝ ով է սառեցրել, պատասխանել է․ «Մարդիկ թողել, գնացել են։

Ավելի ուշ, կիրանցիները մեզ հայտնեցին, որ ոչ ոստիկանության, ոչ ՊՆ, ոչ էլ ԱԱԾ աշխատակիցները գյուղից չեն հեռացել։

«7, 8, 9, 10, 11 կետերը արվել են, ոչ մի սանտիմետր այդտեղից հող չենք կորցնում, 12, 13, 14 հատվածը մնում է, հանձնված չի ոչ մի բան: 15-ը իրենց գյուղի մեջ է, որը իրականում իրենց տարածքն ա եղել: Իմ գյուղը, դա բոլորը գիտեն, նույնիսկ իրենց հողից մեզ է անցել։ Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ»,- ասել է վարչական ղեկավարը։ Կամո Շահինյանը նաև հայտնել է, որ սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք:

«Այս պահին ոչ մի սեփականաշնորհված հող էլ չի անցնում իրենց, մինչև էս պահը ինչ եղել է, ես գոհ եմ»։