4,5 կմ հակագրոհով հետ բերեցինք Ջերմուկի մատույցներից` մեր արցախյան եղբայրների օգնությամբ

4,5 կմ հակագրոհով հետ բերեցինք Ջերմուկի մատույցներից` մեր արցախյան եղբայրների օգնությամբ

«Հրապարակի» զրուցակիցն է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

-Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը համոզում են մեզ, որ մենք ռազմական ռեսուրս չունենք՝ հակազդելու ադրբեջանական ագրեսիային, բողոքում են, որ զենք չեն կարողանում ձեռք բերել։ Իրականում ամեն ինչ այդքան վա՞տ է, թե՞ այս իշխանություններին ձեռնտու չէ Ադրբեջանին հակազդելը։

-Այս իշխանություններին ձեռնտու չէ Ադրբեջանին հակազդելը, այս իշխանությունները բերված են իշխանության, որ հակազդեն ոչ թե Ադրբեջանին, այլ Ռուսաստանին։ Այնպես որ, լկտի սուտ է, կեղծիք է, այն ստերից ու կեղծիքներից մեկն է, որի դեմ հիմա Բագրատ Սրբազանը պայքար է ծավալում։ Հստակ ֆիքսենք՝ Հայաստանում կան ռեսուրսներ, որոնց մոբիլիզացիայի պարագայում մենք կարող ենք բավական արագ վերականգնել մեր պաշտպանական ինքնաբավությունը, վերածվել գործոնի, առնվազն կասեցնել զիջումների կործանարար այս ընթացքը և խաղաղություն պարտադրելու հնարավորությունը ստանալ` եթե չասեմ շատ արագ, ապա առնվազն տեսանելի ապագայում։ Եվ այդ տեսանելի ապագան տևական չի լինելու, տևական ժամանակ չի պահանջելու։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է արագ վերականգնվելու համար օգտագործել մեր դաշնակիցների ու բարեկամների հնարավորությունները, այն երկրների հնարավորությունները, որոնք շահագրգռված են ռեգիոնում տեսնել սուբյեկտայնություն ունեցող Հայաստան, հայապատկան Սյունիք ու Արցախ։ Եթե այս հանգամանքները հաշվի առնենք, եթե դաշնակից Ռուսաստանի ու բարեկամ Իրանի հետ նորմալ հարաբերություններ վերականգնենք, որից հետո արդեն փոխլրացման տրամաբանությամբ փորձենք հասկանալ, թե այլ երկրներից, այլ ուժային կենտրոններից ինչ կարող ենք ստանալ, որ կամբողջացնի մեր պաշտպանական ինքնաբավությունը, պետականակենտրոնության դիրքերից հարաբերվելով այլ կենտրոնների հետ, մենք, իհարկե, շատ արագ կարող ենք վերականգնվել։ Ի դեպ, այնքան ռեսուրս, որքան այս իշխանությունը ծախսում է ոստիկանության վրա, եթե դրվեր բանակի վրա՝ մենք արդեն 2022-ի վերջին կունենայինք վերականգնված, մեջքը շտկած ու զգալի մարտական հնարավորությունների տեր զինված ուժեր։ Ոչ միայն լկտի սուտ է, որ մենք այդ հնարավորությունը չունենք, այլև դրսից պարտադրվող սուտ է։

-Դրսից` որտեղի՞ց։

-Սա անգլոսաքսոնական կենտրոններից մեզ մատուցվող կեղծ թեզ է, որովհետև այս իշխանությունը, բրիտանա-թուրքական ասենք, որովհետև հավաքական Արևմուտքում  կան առանձին ուժեր, որոնց հետ հնարավոր է նորմալ պետականակենտրոնության դիրքերից հարաբերվել, հետևաբար ճշգրիտ լինելու համար բրիտանա-թուրքական խամաճիկների այս խմբակը անվերապահորեն կյանքի է կոչում այն թեզերը, որ իրենց տերերի կողմից մատուցվում է։ Թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակը գնալով աճում է, մատ թափ տվող չկա, չի էլ լինելու, քանի դեռ մենք ինքներս մատ թափ չենք տալիս։ Իրանը կարող է այս կամ այն չափով զսպել Ադրբեջանին, ռուսները կարող են այս կամ այն չափով զսպել, բայց մինչև մենք ինքներս ունակ չլինենք զսպելու այս կործանարար ընթացքը պետականաքանդման՝ չի դադարելու։ Հետևաբար, այդ կեղծ ու սուտ թեզը, թե մենք ռեսուրս չունենք՝ մարդկանց մոլորեցնելու համար է, հիմա այլևս փաստարկ չունեն այլ բան ասելու՝ դա են ասում։ Բա ո՞ւր մնաց այն հայտարարությունը, որ Ստեփանակերտի հրապարակում ոռնում էր, թե մենք 2050-ին պիտի ունենանք 10-րդ լավագույն հետախուզությունը, հետախուզությունների մեջ պիտի լավագույնը լինենք, բա այն ժամանակ ռեսուրսը կար, հիմա չկա՞։ Ռեսուրս մենք ունենք։ 2020 թվականի հուլիսին, երբ տավուշյան հատվածում՝ Բերդի հատվածում ՝ Մովսես գյուղի մոտ մերոնք վերցրեցին բարձունքը, ի դեպ, վերցնողը Գրիգորի Խաչատուրովն էր՝ շատ գրագետ զինվորական խմբի հետ միասին, ովքեր հիմա այլևս զինվորական ծառայության մեջ չեն մեծամասնաբար։ Այդ ժամանակ նույն այդ վարչապետ կոչեցյալը ինչպիսի գերադրական գնահատականներ էր տալիս մեր զինված ուժերին, ինչպես էր հոխորտում։ Այն ժամանակ, երբ դու համարում էիր, որ մեր զինված ուժերը լավագույնն էին տարածաշրջանում՝ այդ ժամանակ ռեսուրսը կար՝ հիմա չկա՞։ Այդ ինչ պատահեց, որ այն ժամանակ կար՝ հիմա չկա։

-Գաղտնիք չի, որ բանակի բարոյակհոգեբանական վիճակն այնքան էլ լավ չէ ու հատկապես պատերազմի ժամանակ դա շատ կարևոր է։ Հե՞շտ է բարոյա-հոգեբանական վիճակը կարգավորելը։

-Մեզ փորձում են կոտրել ու հուսալքել և խոստովանենք, որ ինչ-որ չափով իրենց դա հաջողվել է, զուտ այն առումով, որ կաշկանդել են բանակի նախաձեռնողականությունը, կաշկանդել են բանակին՝ գործել ստեղծված սպառնալիքներին համարժեք։ Բանակի ոգին շատ արագ կարող է վերականգվել ու բանակը կարող է հրաշքներ գործել, եթե բանակին թույլ տրվի լինել հանդուգն, նախաձեռնող, ինչպես եղել է մեր բանակը ընդհուպ մինչև 2022-ի ջերմուկյան մարտերը։ Չէ՞ որ չորս ու կես կիլոմետր հնարավոր եղավ հակագրոհով հետ բերել, Ջերմուկի մատույցներից հետ վռնդել թշնամուն և այստեղ հատուկ պետք է նաև նշեմ մեր արցախյան եղբայրների կարևոր տեղն ու դերը այդ օպերացիայում։ Այլ ստորաբաժանումներ էլ կային, բայց հիմնական ուժը մեր արցախցի եղբայրներն էին ու իրենք այդտեղ անուրանալի վաստակ ունեն։ Փոքր հաղթանակը, մի փոքրիկ կայծը, մի փոքրիկ հաղթանակը թշնամու հանդեպ այնպիսի ոգևորություն է բերելու, գիտեք դա առյուծին վանդակից բաց թողնել է նշանակելու, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ սա աննորմալ իրավիճակ է, երբ թշնամին կրակում է, իսկ դու չպետք է կրակես։ Երբ թշնամին լկտիաբար իրեն կարող է ամեն ինչ թույլ տալ, իսկ դու ոչինչ չպետք է ձեռնարկես, երբ ադեկվատ պատասխան ես տալիս թշնամու նախահարձակ գործողություններին ու քեզ մեղադրում են` ինչ մեղքերով ասես, քրեական գործեր են հարուցում:

Բնականաբար այս պարտադրվող նվաստացումը շատ ծանր բարոյա-հոգեբանական մթնոլորտ է ստեղծում։ Երբ մեր այս վիճակից մենք դուրս բերենք և մեր բանակին տանք հանդուգն նախաձեռնողականություն հանդես բերելու հնարավորություն, իսկ բանակի տարբեր օղակներում կան նվիրյալ, այդ հանդուգն նախաձեռնողականության որակները կրող սպաներ, վստահեցնում եմ, որ այդ դեպքում այս խնդիրը շատ արագ է լուծվելու։ Թափ հավաքող այս շարժումը մարդկանց այս վնաստացած վիճակից հանում է։ Մարդիկ հետևում են, մասնակցում են, միանում են շարժմանը և այդ բարոյահոգեբանական վիճակը առողջանում է, թեպետ բանակն ուղղակիորեն ներգրավված չէ այս պրոցեսներին, բայց սա նաև առողջացնում է զինվորականների անառողջ հոգեվիճակը, որովհետև հույս է նրանց ներշնչում, որ թույլ կտան իրենց խոսքն ասել վերջապես, եթե անհրաժեշտ լինի։ Թուրքը վախենում է ուժից, թուրքի հետ հնարավոր է խաղաղ հարաբերվել միայն ու միայն ուժի դիրքերից, ուժ պետք է տեսնի։ Անհամաչափ պատասխանն է, որ ադրբեջանցուն, թուրքին կստիպի հարգել հայի տեսակը, հարաբերվել հայի հետ հավասարը հավասարի հետ սկզբունքով և զերծ մնալ ագրեսիվ նախահարձակ քայլերից։