Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիաներ են․այրել են ՌԴ-ի դրոշը

Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիաներ են․այրել են ՌԴ-ի դրոշը

Թբիլիսիում ՛՛Օտարերկրյա գործակալների մասին՛՛ օրենքի դեմ բողոքողներն այրել են Ռուսաստանի դրոշը։ Այրման կադրերը ցուցադրել են տեղական հեռուստաալիքները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Շաբաթ օրը մի քանի հարյուր մարդ կրկին հավաքվել է Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև՝ բողոք հայտնելու խորհրդարանի կողմից ընդունված ՛՛Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին՛՛ օրենքի դեմ: Ցուցարարները փակել են Ռուսթավելու պողոտան: Ակցիայի մասնակիցներն այրել են Ռուսաստանի դրոշը, ինչպես նաև իշխող ՛՛Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան՛՛ կուսակցության տարբերանշանով դրոշը:

Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ ընթերցմամբ ընդունել է ՛՛Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին՛՛ օրենքը, ինչը ԵՄ-ի կողմից խիստ հայտարարություններ է առաջացրել Եվրամիությանը երկրի ինտեգրման կասեցման սպառնալիքների վերաբերյալ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել օրենքի վրա:

՛՛Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին՛՛ օրինագծի քննարկումը սկսվել էր ապրիլին։ Այս պահից սկսած Վրաստանում բողոքի լայնածավալ ակցիաներ են անցկացվում։ Մի քանի անգամ դրանք վերածվել են ուժայինների հետ բախումների, հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելիս կիրառել են պղպեղային գազ և ջրցան մեքենաներ։ Օրենքին դեմ են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն և Եվրոպայի Խորհուրդը: Եվրոպական առաջնորդները հայտարարում են, որ օրենքը հակասում է եվրոպական արժեքներին: Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդները պնդում են, որ այն ծառայում է միայն արտասահմանից ոչ կառավարական հատվածի եւ ԶԼՄ-ների ֆինանսավորման թափանցիկության ապահովման նպատակներին: