Ինքնաթի՞ռ է պետք, վերցրու այս ինքնաթիռը, ընտանիքդ վերցրու ու գնա

Ինքնաթի՞ռ է պետք, վերցրու այս ինքնաթիռը, ընտանիքդ վերցրու ու գնա

«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի Ալֆորվիլ քաղաքի հոգեւոր հովիվ Տեր Տիրայր Գըլըճյանն է:

- Ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքում ապրիլի 23-ին կազմակերպվել էր ոգեկոչման արարողություն, որը կրում էր «Պայքար» խորագիրը: Ինչի՞ համար է Ձեր պայքարը` ցեղասպանության ճանաչմա՞ն համար, թե՞ այսօրվա հայաստանակործան քաղաքականության դեմ: 

 - Թե' մեկի, թե' մյուսի: Մենք այդ օրը չշեշտեցինք միայն եղեռնը: Մեզ համար անընդունելի է, որ 109 տարի միայն լացել-լացել ենք եւ դրա դիմաց ոչինչ չենք արել: Ես միշտ ասում եմ` բավական է լացենք: Բոլորը գիտեն` ինձ համար կարեւորը գործն է: Հակոբոս առաքյալն ասում է` հավատքն առանց գործի մեռած է: Միջոցառման ժամանակ ես աղոթքից հետո դիմեցի կազմակերպիչ երիտասարդներին, ասելով` այն, ինչը մենք չարեցինք, ինչը որ մեր պապերը չարեցին, դու'ք արեք: «Պայքար» խորագիրը սա էր: Մարդը դեռեւս մայրական արգանդի մեջ պայքարում է: Դուրս գալը նույնպես պայքար է, ազատության տենչ: Պայքար է, երբ սկսում ես ապրել, եւ այդպես`մինչեւ վերջ:

-  Հայաստանում տեղի են ունենում կարեւոր իրադարձություններ. Տավուշից սկիզբ է առել պայքար, որն առաջնորդում է թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Տարբեր թեմերի առաջնորդներ էլ են միանում, Սփյուռքում կա՞ կոնսոլիդացիա այս հացրի շուրջ: Թե՞ այդտեղ մտածում են, թե հոգեւորականը չպետք է միջամտի քաղաքական կյանքին: 

- Սփյուռքում նույնպես հայ հոգեւորականն իր առաջնորդի հետ է, բոլորս Վեհափառ Հայրապետի հետ ենք, ով ի սկզբանե ցույց տվեց, որ մենք ազգային եկեղեցի ենք: Իսկ  ազգային եկեղեցու պարտականությունն է տեր կանգնել հայրենիքին եւ ժողովրդին:  Պատմությունը ցույց է տվել, որ միշտ այդպես է եղել: Հիշենք Վարդանանց պատերազմը: Մենք հիշում ենք Վարդան Մամիկոնյանին` մոռանալով Ղեւոնդ Երեցին, ով ոտքի կանգնեցրեց ժողովրդին, հետո Վարդանին ստիպեց ղեկավարել պայքարը: Սարդարապատի ժամանակ զիվորականները գնացին կաթողիկոսի մոտ եւ ասացին` վերջ, թշնամին Արարատյան դաշտում է: Կաթողիկոսն ի՞նչ ասաց. կոչ արեց համախմբվել եւ պատերազմել: Ամբողջ աշխարհի պատմության մեջ Հայաստանյաց առաքելական եկեղեցու քրիստոնեությունը տարբերվում է աշխարհի քրիստոնեությունից: Մենք ամեն ինչով տարբեր ենք: Իմ Աստվածն իմ հետ խոսում է հայերեն: Թող ինչ ուզում են ասել: Շուշին ինչպե՞ս գրավվեց. խաչը մեջքներին: Մարդիկ հրաշք կատարեցին, հաղթեցինք, որովհետեւ Աստծո հետ էինք: Այս անգամ պարտվեցինք, որովհետեւ Աստծուց,  ազգայինից հեռացանք: Հայաստանյաց  եկեղեցին երբեք երկիրը ղեկավարելու միտում չունի: Այլ բան է, որ այն կարող է համախմբել լավ, խելացի մարդկանց, ովքեր կղեկավարեն երկիրը: 

-  Հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների վրա սփյուռքը կարո՞ղ է ազդեցություն ունենալ:

 - Ցավով պետք է արձանագրենք, որ այս իշխանության օրոք սփյուռքը նույնպես պառակտվեց: Պետք է նախ այդ պառակտվածությունը վերանա, պետք է լինի համախմբում, եւ շատ արագ: Մեր եկեղեցու հայրերն ասել են, որ Աստված մեզ տվել է 3 օր` երեկ, այսօր եւ վաղը: Երեկը երեկ էր` անցել է, չկա: Այսօրը հիման է: Իսկ վաղվա մասին ոչ մի բան չգիտենք: Հենց հիմա պետք է պատրաստվենք վաղվան, որը գալիս է: Եթե մենք այսօր չպաշտպանենք մեր վաղվա օրը, այդ օրը կարող է չգալ: Կոչ եմ անում բոլորին` արթնանալ: Սուրբ գիրքը 400-ից ավել անգամ ասում է` մի վախեցիր, ես քո հետ եմ ամեն վայկյան` երբ աստվածահաճո բան ես անում: «Մի վախեցիրը» պետք է մարդու ականջի մեջ զրնգա` հանուն իր երեխայի, հանուն իր ընտանիքի, իր մոր եւ իր ազգի: Պայքարի կոչ եմ անում, պայքար մինչեւ հաղթանակ: Մենք չենք կարող վերանալ: Քրիստոնեությունը չի քարոզում մահ, այլ քարոզում է Հարություն, պայքար` հանուն Հարության: Իսկ երկրի ղեկին նստած այդ մարդուն պետք է ասենք`ուր ուզում ես գնա, ապաստանիր: Ինքնաթի՞ռ է պետք, վերցրու այս ինքնաթիռը, ընտանիքդ վերցրու ու գնա: Որքան հեռու, այնքան լավ: Մենք մեր երկրի լուսավոր ապագան ենք ուզում, ոչ թե այն ապագան, որը դու խոստացար: Եվ, Աստված մեզ հետ: