Զրկե՛լ Վրաստանին ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակից․ դիմել են Բորելին

Զրկե՛լ Վրաստանին ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակից․ դիմել են Բորելին

Եվրախորհրդարանի 31 անդամներ դիմել են ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ խնդրելով չեղարկել Վրաստանի՝ ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակը և վերանայել Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը։
Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հրապարակում է տարածել Եվրախորհրդարանի պատգամավոր Պետրաս Աուստրևիչյուսը։

Պատգամավորները նշել են, որ վրացի պաշտոնյաների և «Վրացական երազանք» կուսակցության պահվածքը հակասում է թեկնածու երկրի պարտավորություններին։

«Նախ, վրացի պաշտոնյաների և իշխող «Վրացական երազանք» կուսակցության պահվածքը հակասում է ԵՄ թեկնածու երկրի պարտավորություններին։ Ուստի, Վրաստանի թեկնածուի կարգավիճակը պետք է կասեցվի առանց անդամակցության գործընթացում հետագա առաջընթացի: Երկրորդ՝ պետք է վերանայել ԵՄ-ի կողմից Վրաստանի պետական ​​բյուջեի և կառավարության ծրագրերի ֆինանսավորումը»,- ասվում է Բորելին ուղղված պատգամավորների նամակում։

Հավելենք, որ եվրոպացի պատգամավորների նման որոշման պատճառը իշխող կուսակցության կողմից Վրաստանի խորհրդարան ներկայացված օտարերկրյա գործակալների մասին օրինագիծն է, որի շուրջ քննարկումները բողոքի մեծ ալիք են բարձրացրել Թբիլիսիում և ամբողջ երկրով մեկ։