Պատերազմը միայն Սարդարապատի, Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթանակով է կանգնեցվել

Պատերազմը միայն Սարդարապատի, Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթանակով է կանգնեցվել

Զարմանալի ազգ ենք: Այնքան զարմանալի, որ արդեն 100-ից ոչ պակաս տարի է՝ չենք կարողանում հասկանալ, որ անվտանգությունը պետությունը «մի կերպ փրկելուց» ավելին է: Որ անվտանգությունը պետությունը զարգացնելու, դրա համար հնարավորություններ ստեղծելու, այդ հնարավորությունները թշնամուն չզիջելու, դրանց համար կռիվ տալու մասին է: Չենք կարողանում հասկանալ, որ անվտանգության համար որքան անընդունելի են պետության գոյությանն ուղղված սպառնալիքները, նույնքան էլ անընդունելի է այն ամենը, ինչը խանգարում է նրա զարգացմանը:

Այդքանն այս ժողովուրդը չէր հասկանում անցած դարի դարասկզբի ն եւ մտածում էր, թե Կարսը հանձնում է, որ պատերազմը կանխի, անկախ պետություն կառուցելու հնարավորությունը փրկի: Բայց, ինչպես ցույց տվեցին զարգացումները, պատերազմը Կարսի հանձնումով չկանխվեց եւ Կարսի հանձնումով չէ, որ անկախ պետության վերականգնման հնարավորությունը փրկվեց: Եվ հետագա այդ զարգացումները ցույց տվեցին, որ պատերազմը միայն Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում տարած հաղթանակով կանգնեցվեց, որ այդ ճակատամարտերում հայ զինվորականությունը չպարտվեց, եւ անկախ պետության վերականգնման հնարավորությունը միայն այստեղ ցույց տրված դիմադրությամբ չկորսվեց:

Նույնն է նաեւ այսօրվա ընտրության առարկան: Այս առումով, շատ բան կարծես թե չի էլ փոխվել: Ինչպես այն օրերին, երբ երկիրը կանգնած էր «հանձնվողականությամբ պատերազմը կանխելու» իշխանությունների «խեղված պրագմատիզմի» եւ Սարդարապատ, Բաշ Ապարան եւ Ղարաքիլիսա գնալու միջեւ ընտրություն կատարելու հրամայականի առջեւ, այնպես էլ այսօր նա ստիպված է ընտրություն կատարել այժմ արդեն Նիկոլի` «տանք, որ պատերազմի վերսկսման սպառնալիքը նվազեցնենք»-ի եւ երկրի զարգացման հնարավորությունները չզիջելու միջեւ: Ահա թե ինչի եւ ինչի միջեւ է այսօրվա ընտրությունը: Ահա թե ինչի եւ ինչի միջեւ արած իր ընտրությունում է, որ մինչ օրս սխալվել եւ շարունակ սխալվում է նիկոլական ռազմաքաղաքական ընտրանին:

Նա՝ այդ ընտրանին, սխալվում էր նաեւ այն ժամանակ, երբ մտածում էր, թե Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը Հայաստանին «պատերազմի մեջ ներքաշելու» տեսակետից գնահատելով, թե երեկ Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, իսկ այսօր արդեն Տավուշում, վաղը՝ նաեւ Արարատում երկրի զարգացման հնարավորությունների համար կռիվ չտալով, ինքը երկրի անվտանգությունն է մեծացնում, պետությունն է փրկում:

Նա՝ այդ ընտրանին, սխալվում է նաեւ հիմա: Սխալվում է, որովհետեւ չի հասկանում, որ իր ամենամեծ սխալն ինքը ոչ թե հիմա՝ տավուշյան առաջնագիծը թշնամուն զիջելով է գործում, այլ այդ սխալը վաղուց է գործել, երբ Արցախն է կորցրել, երբ Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում թշնամու առաջխաղացումն է հանդուրժել, երբ այսօր Տավուշում իր տունն ու հողը պաշտպանող հայ մարդու վրա ոստիկան է տարել, երբ մանիպուլյացիաներով հայ ժողովրդի միասնականությունն է վտանգել:

Եվ, ի վերջո, նա իր ամենամեծ սխալը գործել է, երբ չի հասկացել, որ եթե մի բան իր մոտ չի ստացվում, ուրեմն պետք է ոչ թե իր իշխանությունը պահելու մասին մտածի, այլ պետք է հեռանան: Պետք է հեռանան, որպեսզի չզբաղեցնեն այն տեղը, որն այն մարդկանց տեղն է, ովքեր լավ գիտեն, որ անվտանգությունը «պետությունը մի կերպ» պահելուց ավելին է: 

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ