Ո՞վ, եթե ոչ Նիկոլը…

Ո՞վ, եթե ոչ Նիկոլը…

ՀՀ հասարակության նիկոլական և մերձնիկոլական հատվածներին վերջին երեքուկես տարում անընդհատ «հուզում» էր այն հարցը, թե ով պետք է ղեկավարի Հայաստանը: Եթե, իհարկե, ՀՀ վարչապետի պաշտոնից հեռացվի Փաշինյան Նիկոլը: Այդ առումով նրանց կողմից ձևակերպվել էր նաև համապատասխան բանաձևը. «Ո՞վ, եթե ոչ Նիկոլը»: Բայց այն մանիպուլյատիվ էր՝ ճիշտ այնպես, ինչպես Փաշինյանի ողջ վարչապետության շրջանը: Այդ մարդիկ մոռանում են, որ վերջինս իշխանության եկավ, նախ, փողոցային պայքարի շնորհիվ՝ չունենալով կառավարման որևէ փորձ: Երկրորդ, նրա իշխանությունն աչքի ընկավ ոչ թե ձեռքբերումներով, այլ դաժան պարտությամբ և այլ փորձանքներով: Այնպես որ, մեր խնդիրը պետք է լինի  ոչ թե նրանից հետո եկողի անձի մասին մտածելը, այլ նրա հեռացման առաջնահերթությունը պահպանելը: Երրորդ, ոչինչ չի նշանակում այն հանգամանքը, որ 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած փողոցային բազմաթիվ շարժումները չէին կարողանում առաջ բերել իշխանափոխություն իրականացնող առաջնորդին: Դա ընդամենը նշանակում է, որ դեռևս չէր եկել նրա հայտնվելու ժամանակը: 

Կարծես թե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այն «սև կարապն» է, որն, ի վերջո, Նիկոլի խոսքով ասած, հասցեագրելու է այդ հարցը: Շարժման հենց սկզբից առաջնորդի դերում հանդես եկավ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Կարծում եմ, որ վերջինս հենց իդեալական առաջնորդ է: Սրբազանը, նախ, որևէ կապ չի ունեցել նախկինների հետ: Երկրորդ, որքան էլ իշխանությունը փորձեց կեղտոտել նրա՝ կուսակրոն հոգևորականի անունը որդիներ ունենալու և բանակից նրանց ազատելու առումով, բան չստացվեց: Փորձեց նրա անունը կապել նաև բիզնես գործունեության հետ. այս առումով էլ ասեմ՝ կցանկանայի, որպեսզի Հայաստանում այդպիսի անշահախնդիր մարդիկ բացառություն չլինեին: Ի հեճուկս գործող իշխանության՝ Սրբազանի մաքուր անունը ապահովում է շարժման ծավալումն ու հնարավոր հաղթանակը: Ի դեպ, շատ կցանկանայի, որպեսզի Գարեգին Բ-ն հրաժարական ներկայացներ ու Բագրատ Սրբազանն ընտրվեր Ամենայն հայոց կաթողիկոս: Կարծում եմ, որ այդ քայլը կարող է երաշխավորել շարժման հաղթանակը: Ինչպես նաև աջակցություն ապահովել Արևմուտքում, որը Նիկոլի հովանավորն է:

Բայց որպեսզի չառաջանա երկրորդ հարցը, թե ինչպես կարող է հոգևորականը ղեկավարել երկիրը, բերեմ երկու օրինակ: Մեկը մեր հարևան Իրանի օրինակն է: 1979-ի հեղափոխության շնորհիվ այդ երկրում տապալվեց սահմանադրական միապետությունը: Հռչակվեց իսլամական հանրապետություն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խոմեյնիի ղեկավարությամբ: Երկրում հաստատվեց կրոնապետություն (թեոկրատիա): Բայց ենթադրում եմ, որ Իրանի օրինակը կարող է դուր չգալ արևմտյան կրթություն ստացածներին: Ուստի ներկայացնեմ եվրոպական երկրներից մեկի՝ Կիպրոսի, նորագույն պատմությունից մի հատված: Այն անմիջականորեն կապված է Կիպրոսի հունական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս և էտնարխ (էթնիկ կամ կրոնական համայնքի առաջնորդ) Մակարիուս Գ-ի անվան հետ: 
Վերջինս 35 տարեկանում (1948-ին) ավարտելով իրավաբանական և աստվածաբանական կրթությունը՝ վերադառնում է Կիպրոս: Ստանում է Լարնակա կենտրոնով Կիտիոս թեմի ղեկավարի պաշտոնը: Եվ ընկղմվում է անգլիական գաղութային կախվածությունից Կիպրոսի ազատագրության պայքարի հորձանուտը: 1950-ին Մակարիուսը ստանում է արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և ընտրվում է Կիպրոսի հունական ուղղափառ եկեղեցու ղեկավար: 1955-ին գլխավորում է կիպրացի հույների ապստամբությունն ընդդեմ անգլիացիների: Մեկ տարի ընթացող բանակցություններն ավարտվում են անհաջողությամբ, և անգլիացիները նրան ու Կիրենիա շրջանի թեմի ղեկավարին 1956-ին աքսորում են Սեյշելյան կղզիներ: Հասարակական ճնշման ներքո մեկ տարի անց չեղարկում են աքսորը, սակայն արգելում են վերադառնալ Կիպրոս: Այնուամենայնիվ, ստիպված են լինում բանակցություններ վարել Կիպրոսի անկախության վերաբերյալ: 1959-ին Լոնդոնում ավարտված բանակցությունների արդյունքում, որին մասնակցում է Մակարիուս Գ-ն, Կիպրոսը ստանում է անկախություն: Եվ նույն թվականին անցկացված նախագահական ընտրություններում ընտրվում է անկախ Կիպրոսի առաջին նախագահը:   

Ոմանք կարող են պնդել, թե կիպրոսյան օրինակն այնքան էլ չի համադրվում այսօրվա մեր իրականության հետ: Արտաքնապես՝ այո, սակայն եթե ընդունենք, որ անգլիացիներն արտաքին գաղութարարներ էին, իսկ Հայաստանում գործում է իշխանություն, որ առաջնորդվում է հենց արտաքին և առաջին հերթին թուրք-ադրբեջանական սցենարով, ապա, չեմ կարծում, թե տարբերությունը մեծ լինի: Ինչը նշանակում է, որ Բագրատ Սրբազանը, նախ, կարող հաջողությամբ առաջնորդել շարժումը: Եվ երկրորդ, անցողիկ ժամանակաշրջանում կարող է նաև ղեկավարել Հայաստանը: