Չեմ մեղադրում

Չեմ մեղադրում

Ես ոչ մեկին չեմ մեղադրում` ոչ այն անհույս հիմարներին, որոնք կլորացրած աչքերով` իբր զարմացած, որ տարրական բաներ չենք հասկանում, ասում են. 30 տարի երկիրը թալանել են, բանակ չենք ունեցել, դրա համար էլ պարտվեցինք 2020 թվին ու որ պարտվել ենք` վերջ. թշնամին ամեն ինչ կարող է վերցնել` նույնիսկ Երևանը: Չեմ մեղադրում նաև նրանց, ովքեր մի երկու կոպեկ են աշխատում ու ձևացնում, որ ամեն ինչ օքեյ է, մինչև այն օրը, երբ աշխատանքից կզրկվեն, կամ` մի լուրջ խնդիր կունենան իշխանական որևէ օղակի հետ և միանգամից կդառնան թունդ ընդդիմադիր: Չեմ մեղադրում անգամ նրանց, ովքեր շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում և ով է մեղավոր, բայց իշխանական քարոզիչ են աշխատում` մեկը ֆեյսբուքում է օրը 10 ստատուս գրում, մյուսը` գործուղվում է հանրահավաքը սադրելու, երրորդն իր աշխատավայրում զբաղված է «երկիրը խառնող տերտերներին» հայհոյելով: Չեմ մեղադրում անգամ ինձ համար ամենամերժելի տեսակին` իբր ինտելեկտուալ, իբր կարդացած, իբր խելացի, բայց խորամանկորեն իշխանական թեզերը տակից հիմնավորող այն հացակերներին, որոնց թվում է, թե շատ կարևոր ծառայություններ են մատուցում Նիկոլին` նրա հենարանը դառնալով ու ամեն ինչ արդարացնելով, որովհետև «թուրքը թող գա, բայց ռուսը գնա», որովհետև «Նիկոլը թող մնա` ինչ ուզում է անի, մենակ նախկինները չգան»: Չեմ մեղադրում:

Հասկանում եմ, որ բոլորը չեն կարող նույնքան խելացի լինել, նույնքան ազնիվ լինել, նույնքան հայրենասեր, որքան հարկավոր է մեր երկրին: Հասկանում եմ, որ երբ ստորությունը, անհայրենիքությունը, անազնվությունը, ծախու լինելը չի դատապարտվում հանրության կողմից և վերը թվարկածս մարդկանց հանրային պարսավանքի չեն արժանացնում, դրանք չեն կարող վերանալ մեր հասարակությունից: Պետբյուջեից ու տարբեր ՊՈԱԿ-ներից ահռելի միջոցներ է իշխանությունը ծախսում այս խմբերին պահելու, խրախուսելու, օգտագործելու համար: Եվ արդյունքում ստոր մտավորականը, իշխանապաշտ ստատուսչին, մարդկանց բռնել տվող սադրիչն ու պաշտոնական լրատվության շնորհիվ խճճված ապուշը մեզանում կան և թերևս միշտ կլինեն: Միշտ կան ու կլինեն նաև նրանց լսող, սիրող, լայքող ու տարածող մարդիկ, որոնց միջոցով սրանց` մեծամասնություն լինելու պատրանքը կստեղծվի: Բայց սրանց տեսակարար կշիռը պետք է կրճատվի և խելացի, ազնիվ, հայրենասեր մարդիկ պետք է գերակշռեն ու ակտիվ լինեն: Արդեն շատանում ու ակտիվանում են: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի մեր մի ընտանիքաչափ երկրում ինչ որ բան փոխել և առաջ գնալ: