«Հրապարակ». Պատերազմից հետո Արման Պետրոսյանին պաշտոնի առաջարկներ են արել, հրաժարվել է

«Հրապարակ». Պատերազմից հետո Արման Պետրոսյանին պաշտոնի առաջարկներ են արել, հրաժարվել է

«Արման Պետրոսյանին մեկ ամսով կալանավորելը զգուշացում էր «Մարտական եղբայրության» բոլոր անդամներին»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը։ «Մեր տղաներից 7-8 հոգի մարդ էին բերման ենթարկել, բայց միայն երեքս էինք ներկա եղել դեպքի վայրում՝ ես, Արմանը, Մասիսը։ Մյուս տղաներն ընդհանրապես Երեւանում են եղել այդ ժամանակ, բայց, չնայած դրան, նրանց բռնել են, 72 ժամ պահել։ Հիմա պարզ է, որ դա զգուշացում է, որ հաջորդ անգամը 72 ժամ չի լինելու․ ես, ճիշտն ասած, այդպես եմ հաշվարկել»,- ասաց Աբրահամյանը։ 

Պետրոսյանին կալանավորելու որեւէ հիմք չկա, եթե նույնիսկ դիտարկենք, որ ընդհարում է եղել, կան տեսանյութեր, թե ինչպես է Երկրապահի մեքենան քշում մարդկանց վրա, ինչպես է այդ տղամարդը վերեւից թռչելով` հարձակվում մարդկանց վրա, հնչող հայհոյանքները եւ այլն՝ կարծում է Տեր-Աբրահամյանը։ Նա ուշադրություն է հրավիրում փաստի վրա, որ ընդհարման պարագայում սովորաբար միակողմանի չեն լինում ձերբակալությունները, առավել եւս՝ բերման չեն ենթարկում մարդկանց, որոնք դեպքի վայրում չեն եղել։ 

«Ինչո՞ւ Արմանը․ ենթադրում եմ, որ ինքը տեսանյութերում մի քիչ ավելի շատ է երեւում, քան մենք, բացի այդ, կարծում եմ՝ այդտեղ անձնական պահ էլ կա։ Իշխանության մեջ իրեն լավ ճանաչողներ կան։ Ժամանակին Արմանին առաջարկներ են արվել ե՛ւ պատերազմից անմիջապես հետո, ե՛ւ վերջին դեպքերից հետո՝ մարտին, պաշտոնի եւ այլ բարիքների առաջարկներ եղել են, ինքը հրաժարվել է։ Կարծում եմ՝ կոնկրետ Արմանի դեմ կոնկրետ անձնական հարցեր կային»,- ասաց Տեր-Աբրահամյանը։ 

Արման Պետրոսյանը մարտական գործողություններին մասնակցության մեծ փորձ ունի, մինչեւ 2023-ը Արցախի հատուկ ջոկատայիններին է մարզել։ Հնարավո՞ր է իշխանությունները մտավախություն ունեն, որ վերջինս կարող էր իր շուրջը համախմբել մարտական լավ փորձ ունեցող տղամարդկանց ու խնդիրներ ստեղծել հայրենիքի հանձնման գործընթացում, նաեւ դրանով է պայմանավորված հենց Պետրոսյանին կալանավորելը։ Ասաց, որ դա էլ է հավանական․ «Ինքը նաեւ լիդերի հատկանիշներ ունի, բացի նրանից, որ այդ ռազմական, մարտական փորձն ունի։ Ինքը զուտ զինվոր չէ, եւ իրենք այդ մասին գիտեն։ Ի վերջո, այդ օրը, երբ բախումը եղավ, այդ անձից՝ Յուրայից, այդ տարածաշրջանում բավականին մեծ վախ կար, եւ երբ Արմանի շնորհիվ ինչ-որ չափով այդ վախը կոտրվեց, ես կարծում եմ, որ դա էլ դեր խաղաց, որովհետեւ դա գործիք էր ժողովրդի դեմ` ուժային, մարդկանց վախեցնելու գործիք էր, եւ Արմանը ցույց տվեց, որ ոչ մի վախենալու բան չկա, որ երբ մեքենայով մարդկանց վրա են քշում, կարելի է դիմադրություն ցույց տալ»։ 
Աբրահամյանը զարմանք է հայտնում, թե որն է այս իշխանությունների հաշվարկը, նշում է, որ նրանց պահվածքը քաոտիկ է, այնինչ Սերժ Սարգսյանի ժամանակներում ավելի համակարգված էին նման երեւույթները։ Շեշտում է՝ այս իշխանությունները մարդկանց թշնամացնում են իրենց հետ, իրենց թշնամի են սարքում։ 

Գնդապետ Միհրան Մախսուդյանն էլ մեզ տեղեկացրեց, որ ինքնազգացողությունը հիմա լավ է․ «Ես դուրս եմ գրվել հիվանդանոցից, լավ եմ, իմ ժողովրդի կողքին եմ»։ Հարցին՝ իրեն է՞լ են զգուշացրել, որ երկրորդ անգամ բերման ենթարկվելու դեպքում կրկնահանցագործ կհամարվի, ասաց․ «Ո՞վ ասաց, որ մենք հանցագործ ենք։ Ինձ նման բան չեն ասել, չեն էլ կարող սպառնալ»։ Ոստիկաններն առայժմ «խելոք» են իրենց պահում, պրովոկացիաների փորձեր չեն անում՝ եզրափակեց գնդապետը։