Դրամաշնորհ Համաշխարհային բանկից՝ սեփական կետից սկսելու համար

Դրամաշնորհ Համաշխարհային բանկից՝ սեփական կետից սկսելու համար

Հայաստանի թավշյա կառավարությունը մայիսի 2-ին որոշեց երկարացնել «Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցություն. լրացուցիչ ֆինանսավորում» դրամաշնորհային ծրագրով նախատեսված միջոցառումների համար նախատեսված ժամկետը։ Հիմա ավարտվելու փոխարեն կավարտվի տարեվերջին՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին։ Դրամաշնորհը տվել է Համաշխարհային բանկը։ Ըստ որոշման հիմնավորման, լրացուցիչ ժամանակ է պետք՝ ծրագրով նախատեսված արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) չափանիշներին համապատասխան մետաղական հանքարդյունաբերության տվյալների համակարգված բացահայտումների (ՏՀԲ) միասնական ազգային հարթակի ստեղծման աշխատանքները մեկնարկելու եւ ավարտելու համար: Մի կողմ դնենք այն, որ վատ են աշխատել ու նոր ժամանակ են ուզում, մի կողմ թողնենք եւ այն, որ վատ աշխատանքը վատ է ազդում քո երկրի առանց այդ էլ վատ հեղինակության վրա։ Մի կողմ դնենք նաեւ այն, որ արդեն գործում է ԱՃԹՆ www.eiti.am կայքը։ Ավելի ցավալի հարց կա։ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց եւ հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, իսկ Հայաստանում դա կար։ Թավշյաները փակեցին այդ տեղեկությունը ու հիմա դրամաշնորհ են վերցրել, որ նորից բացեն։

2010 թվականից գործում է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում կայքը՝ e-gov.am, որտեղ, ի թիվս բազում էջերի, կա նաեւ «Ռեեստրներ եւ ցանկեր» էջ, ուր տեղադրված էր արտադրական վտանգավոր օբյեկտների ցանկը։ Ցանկն ամիսը մեկ թարմացվում էր, ու ներկայացված էր հարուստ տեղեկություն՝ ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը։ Նաեւ արտադրական վտանգավոր այլ օբյեկտներ (ԱՎՕ)՝ բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները: Ցանկում 2006 թվականից սկսած տվյալներ կային, ու կար նաեւ հստակ տեղեկություն, թե նշված ԱՎՕ-ները որ ընկերությունն է շահագործում, որ ԱՎՕ-ները չեն շահագործվում, կոնսերվացված են եւ այլն, որ մարզում քանի հանք կա եւ այլն։ Ցանկի ամսական թարմացումները ցույց էին տալիս աճի դինամիկան։ Այս ցանկը e-gov.am-ում տեղադրվում էր մինչեւ 2022 թվականը, իսկ վերը նշված դրամաշնորհային ծրագրի համաձայնագիրը կնքվել է 2021-ին։ Ստացվում է՝ դրամաշնորհ ստանալու համար փակել են տեղեկությունը, որ հետո բացեն ու հերոսանան, թե բաց կառավարման կողմնակից են։

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը ծնվել է Միացյալ Թագավորությունում ու այսօր տարածված է ոչ այնքան գրավիչ երկրներում՝ Աֆղանստան, Հոնդուրաս, Նիգեր, Եթովպիա եւ այլն։ Ադրբեջանը մի կարճ ժամանակով մտել է ծրագրի մեջ, ապա հեռացել։ Ամեն ինչում Թուրքիային եւ Ադրբեջանին օգնող Միացյալ Թագավորության ծրագրից Ադրբեջանի հեռանալն առնվազն տարօրինակ է։ 

Անցած տարի պարզվեց, որ չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը, որի փորձագետները Հայաստանում թունավոր ծանր մետաղների տարածման ուղիների հետ կապված եւ քիմիական անվտանգության վերաբերյալ ուսումնասիրություններ են արել, իսկ դրանց արդյունքները տարածվել էին ադրբեջանական լրատվամիջոցներով։ Ուր կգնան Միացյալ Թագավորության նախաձեռնությամբ իրականացվող ծրագրով հավաքված տվյալները՝ դեռ կերեւա։ Փաստ՝ որ եղած ռեսուրսը փակելու եւ իբր զրոյից ստեղծելու համար դրամաշնորհ «կպցնելով»՝ թավշյաները նպաստում են մեր խոցելիության աճին։ Վստահաբար, փող տվողները «չեն տեսել» եւ «չեն տեսնի», որ ռեսուրսը կար, ու իրենց խաբել են։ Հայաստանում հակառուսական տրամադրություններին թափ հաղորդելու համար Արեւմուտքը թավշյաներին ներում է ամեն ինչ՝ ոստիկանական բռնություններից մինչեւ կոռուպցիա։ Սուտ խոսելով փող «կպցնելը» կներեն։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ