Եվրախորհրդարանի ընտրություններ-2024. նոր մոտեցումներ՝ հին մարտահրավերներին

Եվրախորհրդարանի ընտրություններ-2024. նոր մոտեցումներ՝ հին մարտահրավերներին

Եվրախորհրդարանի 2024 թվականի ընտրությունները կարող են Եվրոպան դեպի աջ թեքել։ Եվրամիության 9 երկրներում, ամենայն հավանականությամբ, կհաղթեն, այսպես կոչված, «եվրասկեպտիկներն» ու աջերը. եւս 9-ում նրանք կլինեն լավագույն եռյակում՝ ըստ ECFR-ի կանխատեսման:

Ընտրություններ - 2024

Եվրախորհրդարանի հաջորդ ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի հունիսի 6-9-ը եւ կլինեն առաջինը Brexit-ից հետո։ ԵՄ 27 երկրների բնակիչները հինգ տարի ժամկետով կընտրեն 720 պատգամավորի։ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Եվրախորհրդարանի քանակը կրճատվեց մինչեւ 705 մանդատ, սակայն 2023 թվականի սեպտեմբերին ԵՄ իշխանությունները որոշեցին ավելացնել եւս 15-ը՝ դրանք բաշխելով 11 երկրների միջեւ՝ հաշվի առնելով ժողովրդագրական փոփոխությունները։ Յուրաքանչյուր անդամ երկրից պատգամավորների թիվը որոշվում է բնակչության թվին համամասն քվոտայով: Բոլոր երկրները խորհրդարանում պետք է ներկայացված լինեն առնվազն վեց պատգամավորով, բայց ոչ ավելի, քան 96 պատգամավորով: Առավելագույն մանդատները հատկացված են Գերմանիային:

Եվրախորհրդարանի անդամներն ընտրվում են ԵՄ յուրաքանչյուր երկրում համամասնական ընտրակարգով: Չկա քվեարկության մեկ ընթացակարգ, այն կարող է տեղի ունենալ ինչպես բաց, այնպես էլ փակ ցուցակներով: Մինչեւ 2011 թվականը ընտրված կուսակցությունների համար եղել է հինգ տոկոսի շեմ, սակայն այն ճանաչվել է հակասահմանադրական։ Այժմ երկրներն իրենք են սահմանում իրենց նվազագույն շեմը։ 

Ինչպես կարող է փոխվել ուժերի հարաբերակցությունը

Եվրասկեպտիկները կամ եվրաթերահավատները, ամենայն հավանականությամբ, ֆավորիտ կլինեն այս ամռանը՝ հունիսի 6-9-ին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններում՝ ԵՄ ինը երկրում: Այսպիսի եզրակացության է հանգել Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի (ECFR) վերլուծական կենտրոնի պատրաստած զեկույցը։ Խոսքն Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Հունգարիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Լեհաստանի եւ Սլովակիայի մասին է։ Եվս ինը երկրում՝ Բուլղարիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Լատվիա, Պորտուգալիա, Ռումինիա, Իսպանիա եւ Շվեդիա, աջակողմյան ուժերը, հավանաբար, կլինեն երկրորդ կամ երրորդ տեղերում:

Ովքե՞ր են այժմ ներկայացված ԵԽ-ում 

Այսօր Եվրախորհրդարանում ներկայացված են 7 կուսակցությունների խմբակցություններ՝
Եվրոպական ժողովրդական կուսակցություն (ԵԺԿ) - Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունը, պահպանողական, 178 տեղ։

Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինք (S&D) - սոցիալ-դեմոկրատական, 141 տեղ։
«Նորացնելով Եվրոպան» (Renew) - լիբերալ-եվրոպամետ խմբակցություն, 101 տեղ։
Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք (Կանաչներ - EFA) - խթանում է կլիմայի օրակարգը եւ ազգային փոքրամասնությունների շահերը, 71 տեղ։
«Եվրոպական պահպանողականներ եւ ռեֆորմիստներ» (ECR) - չափավոր եվրասկեպտիկներ, հակաֆեդերալիստներ, 67 տեղ։
«Ինքնություն եւ ժողովրդավարություն» (IID) - աջ եւ ծայրահեղ աջ քաղաքական գործիչների խումբ, եվրասկեպտիկներ, 58 տեղ։
«Եվրոպական ձախեր» (The Left) - միավորում է կոմունիստական հայացքներով քաղաքական գործիչներին, 38 տեղ:
Եվս 51 մանդատ ունեն անկախ պատգամավորները։

Այս տարվա ընտրություններից հետո, ըստ ECFR-ի կանխատեսման, Եվրախորհրդարանի մանդատների գրեթե կեսը կպատկանի երեք կենտրոնամետ խմբակցությունների՝ ԵԺԿ, S&D եւ Renew «սուպերմեծ կոալիցիայի» մաս չհանդիսացող պատգամավորներին, եւ առաջին անգամ այնտեղ կարող է հայտնվել պահպանողականների աջ պոպուլիստական կոալիցիա - (ԵԺԿ), եվրասկեպտիկներ (ECR), ծայրահեղ աջեր (ID) եւ անկախ պատգամավորներ:
ԵԺԿ-ն եւ S&D-ը, ամենայն հավանականությամբ, կշարունակեն կորցնել մանդատները, ինչպես դա արեցին 2004 եւ 2014 թվականներին կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում, եւ կվատթարացնեն իրենց դիրքերը համապատասխանաբար հինգ եւ տասը մանդատներով: ԵԺԿ խմբակցությունը դեռ հնարավորություն ունի մնալ ամենամեծը՝ պահպանելով ԵՄ օրակարգի զգալի վերահսկողությունը։ Ավելի զգալի անկում է սպասվում լիբերալներին (Renew) եւ «Կանաչներին» (EFA). առաջինները, ըստ կանխատեսումների, կստանան 86 մանդատ (այժմ ունեն 101), երկրորդները՝ 61՝ ներկայիս 71-ից։ Աջերն ու եվրասկեպտիկները կշահեն. ID-ն կստանա 40 տեղ ավելին, իսկ ECR-ը՝ 18-ով ավելի շատ մանդատ։

ECFR-ի մեկ այլ հետազոտության համաձայն, ԵՄ ընտրողները հիմնականում հեռանում են ընտրությունների նկատմամբ գաղափարական մոտեցումից: Հիմնական գործոնը գաղափարախոսությունը չէ, այլ թեկնածուների վերաբերմունքը վերջին տարիների եվրոպական հինգ հիմնական մարտահրավերներին՝ տնտեսության վատթարացող վիճակ, համաճարակի հետեւանքներ, Ուկրաինայի հակամարտություն, կլիմայի փոփոխությունը եւ միգրացիոն ճգնաժամը։ Եվրոպայի ապագան կախված է նրանց առաջարկած լուծումներից։

ECFR-ի վերջին զեկույցի հեղինակները կոչ են անում եվրոպական էլիտաներին՝ ուշադրություն դարձնել աջերի աճող ժողովրդականությանը։ Վերլուծաբանները կարծում են՝ ժամանակն է, որ եվրոպացի առաջնորդները պատրաստեն առաջարկներ, որոնք կարող են փոխել իրավիճակը։ Կանաչ անցման ծախսերն ու ռիսկերը, Ուկրաինային աջակցելը կամ միջազգային հարաբերություններում ռիսկերը մեղմելու ուղիները քննարկելու փոխարեն, արժե ավելի հստակ պատկերացում կազմել տնտեսական եւ անվտանգության կարիքների մասին, քանի որ սրանք են ընտրողներին հուզող հարցերը՝ ասված է եզրակացության մեջ: