Կարեւո՞ր է արդյոք Մոսկվայի համար, թե ով է լինելու Հայաստանի ղեկավարը

Կարեւո՞ր է արդյոք Մոսկվայի համար, թե ով է լինելու Հայաստանի ղեկավարը

Ռուս քաղաքագետ, Ռուսաստանում գործող ադրբեջանական լոբբիստական կառույցների հետ ամենասերտ հարաբերությունների մեջ գտնվող եւ իր հակահայկական հայտարարություններով մշտապես հայտնի Իգոր Կորոտչենկոն գրել է, թե, իր կարծիքով, Ռուսաստանին Հայաստանի առնչությամբ ինչն է հետաքրքրում, ինչը՝ ոչ։
Ըստ այդմ, Ռուսաստանին չի հետաքրքրում, թե ինչ է լինելու Հայաստանի վարչապետի անունը։ Սակայն հետաքրքրում է, որ Հայաստանը շարունակի մնալ հետխորհրդային տարածքում գործող ՌԴ ստեղծած ռեգիոնալ ինտեգրացիոն միավորումների անդամ, եւ Հայաստանում պահպանվի ռուսական ռազմական ներկայությունը, ինչպես նաեւ Հայաստանը դադարեցնի իր պրոարեւմտյան «սիրախաղերը»՝ բոլոր ուղղություններով, բացվի, այսպես ասած, «զանգեզուրյան միջանցքը», որը կվերահսկվի ռուսական ուժերի կողմից։ Կան նաեւ այլ ածանցյալ խնդիրներ, օրինակ, որ Հայաստանում առանձնակի հոգածության առարկա դառնան ռուսաց լեզուն եւ ռուսական դպրոցները։
Մի խոսքով, ընդհանուր գծերով հասկանալի է, որ Կորոտչենկոն ներկայացրել է այն խնդիրների շրջանակը, որը Ռուսաստանը կարեւորում է՝ թե՛ Հարավային Կովկասում իր ներկայությունը պահպանելու, թե՛ ամրապնդելու եւ թե՛ ընդհանուր աշխարհաքաղաքական վերադասավորումների ներկա փուլում ավանդաբար իր ազդեցության գոտիներից մեկում այլ խաղացողների մուտքը թույլ չտալու համար։

Մեծ հաշվով, եթե անկեղծ լինենք, Կորոտչենկոն նոր բան չի ասել։ Բոլորին էլ հասկանալի է այն շահերի շրջանակը, որը հետապնդում է Ռուսաստանը։ Սակայն Կորոտչենկոն իրականում մի շատ կարեւոր բացթողում է արել։ Խնդիրն այն է, որ սխալ է ասել, թե Ռուսաստանի համար միեւնույն է, թե ով է լինելու Հայաստանի ղեկավարը։ Նման բան հայտարարելով, Կորոտչենկոն կա՛մ ցույց է տալիս, որ ինքը տեղյակ չէ խորքային շատ հարցերից, կա՛մ միտումնավոր է իր հայտարարությունը նման կերպ ձեւակերպում։ Առնվազն 2018 թվականից հետո մինչ այսօր հայ-ռուսական հարաբերությունների փորձառությունը վկայում է այն մասին, որ հետսովետական տարածքում շատ կարեւոր են միջպետական լավ հարաբերությունների կառուցման համար նաեւ պետությունների ղեկավարների միջեւ եղած միջանձնային լավ հարաբերությունները։

Մեծ հաշվով՝ ողջ աշխարհում էլ դա կարեւոր է, սակայն հատկապես հետսովետական տարածքում, որտեղ պետական ինստիտուտներն այնքան կայացած չեն, որ ամեն բան դրված լինի ռելսերի վրա, եւ անձերից քիչ բան կախված լինի, եւ ավելին՝ իշխանական համակարգն ավելի շատ անձնակենտրոն ուղղահայացի մոդելով է կառուցված, լիդերների միջեւ եղած լավ հարաբերությունները կարեւոր գործոն են։ Այնպես որ, այս հարցում պետք է ուղղենք ռուս քաղաքագետին եւ նշենք, որ Մոսկվայի համար, իհարկե, կարեւոր է, որ Հայաստանի ղեկավարն իր համար լինի ընդունելի նաեւ մարդկային կամ անձնային առումով։