Մայիսի 10-ին գրել էինք` մայիսի 28-ին կատարվեց

Մայիսի 28-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ մի շարք զինվորականների գեներալ-մայորի զինվորական կոչումներ շնորհելու մասին հրամանագրեր հրապարակեց եւ հանդիսավոր պայմաններում այդ կոչումները հանձնեց։
Ուշագրավն այն է, որ աշխարհում կոչումներ ստանում են հող գրաված, ռազմական հաջողություններ արձանագրած, սահմանն ու հայրենիքը պաշտպանած զինվորականները, իսկ մեզանում կոչումներ շնորհվում են հողը հաջողությամբ հանձնելու, դիրքերն առանց կրակոցի հետ քաշելու, սահմանը եւ ՀՀ քաղաքացիներին անպաշտպան թողնելու համար։
Մայիսի 28-ին կոչումներ ստացողները հենց այն անձինք են, որոնք ինչ որ դերակատարում են ունեցել Տավուշից հող հանձնելու վերջին գործընթացներում։
Հատկապես ուշագրավ է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդ Ցականյանի՝ գեներալ-մայորի կոչում ստանալու փաստը։
3-րդ բանակային կորպուսը, որն ամենաուժեղն է եղել մեր բանակային կորպուսների մեջ եւ որը երկար ժամանակ ղեկավարել է Գրիգորի Խաչատուրովը, Տավուշյան վերջին հաջող մարտերն իրականացնողն էր 2020 թվականին, որի համար Նիկոլ Փաշինյանը մեծ հրճվանք էր ապրում եւ պարգեւներ բաժանում։
Իսկ պատերազմից հետո այս կորպուսն ու իր հրամանատարը դարձան անցանկալի այս իշխանության համար, քանի որ կարող էին դիմադրություն ցույց տալ` չհանձնել հայրենի հողը: Դրա համար փաշինյանական իշխանությունը նախ Խաչատուրովին հեռացրեց պաշտոնից, ապա քրեական գործ հարուցեց նրա նկատմամբ եւ իր կամակատար զինվորականով՝ Ցականյանով փոխարինեց նրան։
Ի դեպ, «Հրապարակը» դեռ մայիսի 10-ին գրել էր այն մասին, որ Կիրանցի օպերացիան ալիեւյան պլանի համաձայն իրականացնելու համար Ցականյանին գեներալի կոչում են խոստացել․
«Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց գեներալի կոչում են խոստացել»: Չսպասեցին անգամ թանաքը չորանա այդ հակահայ որոշումների տակ, ընդամենը օրեր անց` մայիսի 28-ին այդ «խոստումը» կատարեցին, որպես խրախուսում հող հանձնելու, հայրենավաճառությանը նպաստելու համար` ի տես մյուս զինվորականների:
Կարծիքներ