Հայաստանում մեկնարկել է նոր կենսաչափական անձնագրերի լայնածավալ տպագրության գործընթացը։ Այս մասին հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
Նախարարի խոսքով՝ իր ձեռքում գտնվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված նոր անձնագրի առաջին նմուշը, որը համարվում է անվտանգության բարձր չափանիշներին համապատասխանող փաստաթուղթ։
«Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ Սա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նոր անձնագրի առաջին նմուշն է։ Այսօր ես տվել եմ դրա լայնածավալ տպագրության մեկնարկը»,- նշել է Արփինե Սարգսյանը։
Նոր կենսաչափական անձնագրերի ներդրումը նպատակ ունի բարձրացնել փաստաթղթերի պաշտպանության մակարդակը և համապատասխանեցնել դրանք միջազգային անվտանգության չափանիշներին։