Վրաստանի խորհրդարանը Զուրաբիշվիլիի ևս մեկ վետո է շրջանցել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է երկրի նախագահի վետոն, որը դրվել էր օֆշորային ընկերություններից ակտիվների դուրսբերման համար հարկային արտոնությունների մասին օրինագծի վրա։
Օրենքի նախնական տարբերակին կողմ է քվեարկել 83, դեմ՝ 1 պատգամավոր։
Ավելի վաղ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները ֆինանսաբյուջետային հանձնաժողովի աջակցությունը ստանալուց հետո սկսել էին վետոյի չեղարկման շուրջ քննարկումները։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «անընդունելի» է անվանել երկրի Հարկային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը։ Նրա խոսքով, օրինագիծը անհավասար և խտրական վերաբերմունք է ստեղծում տեղական և օտարերկրյա ներդրողների կողմից ներդրումների նկատմամբ՝ նշելով, որ այն կվնասի Վրաստանի հեղինակությանը միջազգային ներդրումային տարածքում և կստեղծի փողերի լվացման հետ կապված օրենքներից խուսափելու վտանգ։
Օրինագիծը նախատեսում է հարկերից ազատում օֆշորային ընկերություններից Վրաստան դրամական փոխանցումների համար։ Այս գործարքները կազատվեն շահութահարկից, եկամտահարկից և գույքահարկից։
Նաև մինչև 2030 թվականը օդանավերը, մեքենաները և տեխնիկան կազատվեն ներմուծման մաքսատուրքից, գույքահարկ չի լինի։
Կարծիքներ