Վրաստանում «գունավոր» հեղափոխություն է ծրագրվում․ հայտարարություն

Վրաստանում «գունավոր» հեղափոխություն է ծրագրվում․ հայտարարություն

Թբիլիսիում «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ ցույցերի կազմակերպիչները «սադրանքներ» են նախապատրաստում՝ Ուկրաինայի կողմից ռուսների դեմ կռվող վրացի կամավորների ներգրավմամբ։ Այս մասին ասվում է Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

«Վրաստանի խորհրդարանի մոտ անցկացվող հանրահավաքներում մարդկանց որոշակի խմբեր փորձում են սադրանքներ կազմակերպել, որոնց նպատակն է զարգացնել ապակառուցողական և բռնի սցենարներ։ Դրանք ֆինանսավորվում են դրսից՝ կոնկրետ քաղաքական խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից։ 

Այդ հանցավոր ծրագրերում ներգրավված են Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր գտնվում են արտերկրում, մասնավորապես՝ Ուկրաինայում կռվող վրացիների որոշակի հատվածը»,- ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը պնդում է, որ բողոքի ակցիաների կազմակերպիչները արտերկրից փող են ստանում կրիպտոարժույթի տեսքով. «Հանցավոր ծրագրեր իրականացնելու համար օգտագործվում են դրսից եկող ֆինանսները, իսկ հետքերը թաքցնելու համար՝ կրիպտոարժույթ։ Օտարերկրյա հրահանգիչներն ապրիլի վերջին անցկացրել են կրիպտոարժույթով գործարքների վերաբերյալ թրեյնինգ, որի ժամանակ ակցիայի կազմակերպիչներին հանձնարարվել է գաղտնի ֆինանսավորում ստանալ արմատական ​​գործողությունների համար»։

Այս բողոքի ցույցերի կազմակերպիչների նպատակն է բռնի ուժով զավթել իշխանությունը, հայտարարել է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը։ «Բողոքի ակցիաների կազմակերպիչների առանձնակի ագրեսիայի թիրախը իրավապահներն են։ Նրանց բարոյալքելու և հրահրելու համար օգտագործվում են «գունավոր հեղափոխությունների» կազմակերպման հետ կապված մեթոդներ, ինչպիսիք են ահաբեկումը, կաշառքը, նրանց՝ ակցիաների մասնակիցների կողմն անցնելու բեմադրությունները, որն ի վերջո նպատակ ունի փլուզել պետական ​​կառույցներն ու բռնազավթել իշխանությունը»,- ասվում է Վրաստանի ՊԱԾ հայտարարության մեջ։

Ընդգծվում է նաև, որ արտասահմանյան հրահանգիչները հավաքի մասնակիցներին մարզում են իրավապահների դեմ սադրանքներ հրահրելու և երկրում քաոս ստեղծելու համար։ Ցուցարարները ծրագրում են կաթվածահար անել տրանսպորտային հանգույցներն ու պատնեշել վարչական շենքերը։