Այսօր Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Պուտինին

Այսօր Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Պուտինին

Տեղեկացրել ենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության նիստին։ Այս մասին երկուշաբթի հայտնել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի։ «Այդ երկկողմ շփումը շատ բովանդակալից կլինի, շատ հարցեր կան քննարկելու։

Վերջին շրջանում Ռուսաստանի ու Հայաստանի միջև կուտակվել են խնդիրներ, որոնք մենք հույս ունենք, թափանցիկ կերպով կքննարկեն առաջնորդները։ Հենց ինքը Փաշինյանն է ապրիլին ասել, որ Մոսկվայի հետ հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում: Վերջին շրջանում նկատելիորեն նվազել են մեր երկրների միջև շփումները տարբեր մակարդակներում։ Քննադատության է ենթարկվում ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ՀԱՊԿ-ը», - նշել էր Ուշակովը։ «Մայիսի 8-ին մեկնելու եմ Մոսկվա, որտեղ նախագահելու եմ ԵԱՏՄ գագաթնաժողովում: Նախատեսված է նաև իմ հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ», - նախօրեին էլ մամլո ասուլիսում հայտարարեց Փաշինյանը: