Արագածը մի պղծեք

Արագածը մի պղծեք

Չգիտեմ, բացի իշխանության մեջ գտնվողներից, որեւէ մեկը կարողացե՞լ է արդյոք հետեւել երեկվա 4 ժամանոց ասուլիսին, ըմբռնել իր իսկ խոսքի բավիղներում խճճված վարչապետի ասածների իմաստը, նաեւ` բուն ասուլիս հրավիրելու իմաստը: Դա բավականին բարդ խնդիր է, նախ, զուտ «առողջական տեսանկյունից»: Չէ՞ որ վիճելի, կասկածելի, մանիպուլյատիվ խոսք լսելը` առանց առարկություններ հնչեցնելու հնարավորության, կարող է լուրջ վնաս պատճառել մարդու առողջությանը:

Պատկերացնում եմ, թե խելացի ունկնդիրները երեկ ինչ բարդ օր են ունեցել: Մինչդեռ երեւի նաեւ կան մարդիկ, ովքեր հավատում են լսածին կամ չեն կողմնորոշվում, թե որն է ճշմարտությունը, որը՝ կեղծիքը, ոմանք էլ երկար ու անհասկանալի տեքստերից էյֆորիայի մեջ են ընկնում, որովհետեւ իրենց շրջապատում նման տեքստեր ասելու ունակ մարդիկ շատ չեն: Ինչ վերաբերում է ասուլիսի նպատակին, պարզ է, որ Տավուշից սկսված շարժումն անհանգստացրել է 6 տարի շարունակ երկրում իշխող եւ երկրին մեծ աղետներ բերած քաղաքական ուժին ու նրա առաջնորդին, որոնք ուզում են ամեն կերպ պահել իշխանությունը եւ շարունակել պետությունը վարի տալու պրոցեսը:

Եվ այս բոլոր ճիգերն ուղղված են մի նպատակի` հրաժարական չտալ, կանխել պայքարը եւ ամեն ինչ անել, որ մեր թշնամիների շահերից բխող որոշումներն անխափան իրականացվեն, ու այդ գործն իրենք հասցնեն մինչեւ վերջ: Եվ այդ նպատակին հասնելու համար ոչ մի միջոցի մեջ խտրականություն չեն դնում. վարկաբեկել հայրենիքի համար պայքարողներին, հոգեւորականներին, խաբել ու վախեցնել պատերազմով, իրենց բոլոր քայլերը եւ որոշումները ներկայացնել որպես պատմական հաղթանակ եւ երկրի ինքնիշխանության պահպանում: Եվ դա անել մի նոր պլակատի ներքո` «Իրական Հայաստան. տեսլական»` Արագած սարի նկարի տակ: