Մշակույթ

Ինչ նշանակություն ունի մուլտֆիլմը երեխայի կյանքում

Ինչ նշանակություն ունի մուլտֆիլմը երեխայի կյանքում

Երեխայի զարգացման եւ դաստիարակության համար, ժամանակակից տեխնոլոգիաների ժամանակաշրջանում շատ կարեւոր է, թե ինչ է նա տեսնում էկրանին։ Այս համատեքստում շատ կարեւոր են մուլտիպլիկացիոն կինոնկարները։ Վաղ տարիքից արդեն երեխաներն ակտիվորեն առնչվում են անիմացիոն բովանդակության հետ։ Այն դառնում է երեխաների համար ոչ միայն ժամանցի աղբյուր, այլ նաեւ՝ շրջակա աշխարհը ճանաչելու միջոց, ինֆորմացիայի աղբյուր։ Սա հաշվի առնելով՝ կարեւոր է, որ երեխաներին, ըստ տարիքային խմբերի, ճիշտ բովանդակություն մատուցվի։

Մասնագետները նշում են, որ անիմացիոն ֆիլմերը՝ մուլտֆիլմերը, զգալի ազդեցություն են գործում երեխայի անհատականության անձնային ձեւավորման վրա, քանի որ մուլտհերոսների, սյուժեների, սյուժետային գծերի կամ սյուժետային մոդելների միջոցով երեխան յուրացնում է բարոյական նորմերը, սոցիալական դերերը, շրջապատող մարդկանց հետ հաղորդակցման մեխանիզմներն ու մեթոդները։ Մանկավարժներն ու հոգեբանները հատկապես կարեւորում են բարոյական դաստիարակության ֆակտորը։ Հատկապես նախադպրոցական տարիքում երեխաներն ակտիվորեն ընդօրինակում են իրենց սիրելի մուլտհերոսներին, որոնք նրանց մոտ էմոցիոնալ արձագանք եւ համակրանք են առաջացնում։ Դրա համար էլ մուլտերը դառնում են նրանց համար վարքագծային որոշակի օրինակներ։ Անիմացիոն կոնտենտի սյուժեի միջոցով երեխան ծանոթանում է բարոյական այնպիսի կատեգորիաների հետ, ինչպիսիք են՝ բարին, չարը, ազնվությունը, սուտը եւ կեղծիքը, ընկերությունն ու դավաճանությունը, փոխօգնությունն ու պատասխանատվությունը։ Մուլտհերոսների արարքների եւ իրավիճակային զարգացումների միջոցով էլ երեխաները սկսում են գիտակցել պատճառահետեւանքային կապերը մարդկային վարքագծի եւ արարքի հետեւանքների միջեւ։

Մանկավարժները նշում են, որ ճիշտ ընտրված կոնտենտն օգնում է, որ երեխան ճիշտ ընկալի բարոյական նորմերը եւ զարգանա այդ նորմերին համահունչ վարքագիծ դրսեւորելով։ Նաեւ՝ մուլտերն օգնում են, որպեսզի երեխաները կարողանան ծանոթանալ կյանքի տարբեր իրավիճակներին ու մոդելներին, փորձեն ինքնուրույն կողմնորոշվել անելիքների հարցում, ձեւավորվի համապատասխան էմոցիոնալ դաշտ։ Մանկավարժներն ու հոգեբանները հորդորում են՝ երեխաներին հեռու պահել այնպիսի անիմացիոն կոնտենտից, որտեղ առկա են ասոցիալ վարքագծի դրսեւորումներ, ագրեսիա, բարոյական պատկերացումներն այլասերող կամ բացասական ազդեցություն ունեցող տեսարաններ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image