«Հրապարակ». Որոշել են բոլոր դպրոցները տալ Ժաննա Անդրեասյանին

«Հրապարակ». Որոշել են բոլոր դպրոցները տալ Ժաննա Անդրեասյանին

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հավերժ ինչ-որ փոփոխություններ է իրականացնում կրթության ոլորտում՝ գումարում, բաժանում, բազմապատկում, հետո նորից բաժանում, բուհեր եւ ՊՈԱԿ-ներ միավորում, չափորոշիչներ ու դասագրքեր փոխում։ Դեռ մի փոփոխությունը չավարտած, անցնում է այլ՝ տրամագծորեն հակառակ «բարեփոխման», որոնք պարտադիր ուղեկցվում են աղմուկով, բուռն դժգոհություններով ու քննադատություններով։ Պարզվում է` հիմա էլ որոշել են փոխել դպրոցների ենթակայությունը՝ դրանք ամբողջությամբ հանձնելով նախարարությանը։ 

Ինչպես հայտնի է, տարիներ շարունակ կրթության նախարարության ենթակայության տակ են եղել միայն հանրապետության ավագ դպրոցները եւ որոշ հատուկ դպրոցներ։ Դպրոցական համակարգի օպերատիվ կառավարումն իրականացվել է մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից։ Առաջարկվող փոփոխությամբ` հիմնական դպրոցները (մինչեւ 9-րդ դասարան) անցնելու են նախարարության ենթակայության տակ։ Գաղափարն այս, մեզ հասած տվյալներով, քննարկվել է մոտ 1 ամիս առաջ` մարտի 16-ին, ԿԲ Դիլիջանի ուսումնական կենտրոնում կայացած կառավարության տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում։ Եվ այդ նիստի արձանագրության մեջ համապատասխան հանձնարարական կա դրա մասին: Դիմել էինք ՀՀ կառավարություն՝ պահանջելով ներկայացնել մեզ Տնտեսական քաղաքականության խորհրդի երրորդ նիստի արձանագրությունը, որում քննարկված օրակարգային հարցերի թվում դպրոցների ենթակայությունը փոխելու վերաբերյալ կետ կա։ ԶԼՄ-ների հետ կապերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը տարօրինակ պատասխան էր տվել, թե այդ նիստերի արձանագրությունները չեն հանրայնացվում. «Դրանք կայքում չկան, քանի որ համարվում են աշխատանքային փաստաթղթեր», եւ խորհուրդ էր տվել դիմել ԿԳՄՍՆ։ Դիմել էինք նախարարություն եւ մեր դիմելուց օրեր անց` երեկ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ստորագրությամբ պատասխան ենք ստացել, որը հաստատում է դպրոցների ենթակայությունը փոխելու մասին մեր տեղեկությունները։ Ի դեպ, դպրոցների ենթակայության նախորդ բանաձեւն ամրագրված էր «Կրթության մասին» օրենքով:

«Հայտնում ենք, որ 2024 թվականի մարտի 16-ին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի երրորդ նիստում քննարկվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործելու նպատակահարմարության հարցը: Ներկայում ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է ուսումնասիրություն՝ կատարելով բոլոր լիազոր մարմինների գործառույթների, ինչպես նաեւ դպրոցների կառավարմանն առնչվող իրավակարգավորումների գույքագրում, որի արդյունքում կկատարվի վերլուծություն՝ հաջորդաբար սահմանված կարգով օրենսդրական փոփոխության նախագիծ ներկայացնելու նպատակով»:

Փաստորեն, կառավարությունը սրանով հետ է կանգնում դեռեւս 2 տարի առաջ իր իսկ ընդունած կրթության 20-30 թթ․ ռազմավարությունից, որտեղ հստակ գրված է, որ դպրոցները մարզային ենթակայությունից անցնում են համայնքային ենթակայության։ Իշխանությանն այն ժամանակ քննադատեցին, որ սրանով լրացուցիչ լծակներ է տալիս համայնքապետերին` դպրոցները ՏԻՄ ընտրություններում օգտագործելու համար, կոռուպցիոն ռիսկ է ստեղծում, հարվածի տակ է դնում հիմնական դպրոցները, որովհետեւ եթե մարզպետարաններում գոնե կան կրթության բաժիններ, որտեղ նստած են բարձրագույն կրթություն ունեցող կադրեր, ապա համայնքներում բարձրագույն ունեցողները, դպրոցներից, մանկապարտեզներից հասկացողները, մեղմ ասած, քիչ են։ ԿԳՄՍ նախարարությունում կային մարդիկ, ովքեր պայքարեցին սրա դեմ, բայց ոչնչի չհասան։ 2022 թվականին փաստաթուղթն օրենքի ուժ ստացավ։ Օրենքն այս կոչվում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին», որում ծրագրի կետ կա. «Հանրակրթական հաստատությունների կառավարման լիազորությունների աստիճանական պատվիրակում տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համայնքների խոշորացման համատեքստում»։

Փաստորեն, սա ընդամենը 2 տարվա համար ընդունված օրենք էր, թեեւ ԿԳՄՍՆ-ի մեր աղբյուրներն ասում են, որ օրենսդրական փոփոխություններ կան, որոնք շատ ավելի կարճ կյանք են ունենում` օրենքն ընդունվում է, եւ մի քանի ամսից սկսում են փոխել դրա դրույթները։ Այժմ հասկանալի չէ, թե ինչ հիմնավորմամբ, կառավարությունը հակառակ դիրքորոշումն է որդեգրել եւ արդեն հանձնարարականներ է իջեցրել ԿԳՄՍՆ-ին` նախապատրաստել նոր օրենսդրական փոփոխությունը։

ԿԳՄՍ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության նախկին պետ Արտակ Աղբալյանը կարծում է, որ նախարարությունը չի կարող ստանձնել դպրոցների կառավարումը, քանի որ այն ռազմավարություն մշակող մարմին է, ոչ թե ուսումնական հաստատության կառավարիչ։ «Հանրակրթության վարչությունում պայմանական 10-11 աշխատող է, նա չի կարող ամբողջ հանրապետության 1450 դպրոցի կառավարում իրականացնել։ Ժամանակին խոսվում էր այն մասին, որ կրթության նախարարությանը կից ստեղծվի պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որ եթե նման խնդիր լինի, որ անցնեն ԿԳՄՍՆ ենթակայության տակ, այդ ՊՈԱԿ-ը կառավարումն իրականացնի։ Այնտեղ մի 50-100 աշխատող է պետք, որ բոլոր դպրոցները կառավարեն։ Երեւան քաղաքի կրթության վարչությունը մոտ 200 դպրոցի կառավարում է իրականացնում եւ առնվազն 20 աշխատող ունի, որքան գիտեմ։ Չեմ կարծում, որ նման բան անեն, չնայած արդեն ամեն ինչ սպասելի է»,- ասաց նա։