«Հրապարակ». Ավանեսյանի թեկնածուն չի հաղթահարել թեստավորման փուլը

«Հրապարակ». Ավանեսյանի թեկնածուն չի հաղթահարել թեստավորման փուլը

Տեւական ժամանակ է, ինչ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունը, որը պետպատվերի միջոցներն է բաշխում բժշկական կենտրոններին, տնօրեն չունի` ժամանակավոր պաշտոնակատարն է ղեկավարում: «Հրապարակի» տեղեկություններով՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի` ՊԱԳ-ի նոր տնօրենի թեկնածու Սամվել Խարազյանը երեկ չի կարողացել հաղթահարել Պետական առողջապահական գործակալության տնօրենի համար հայտարարված մրցույթի առաջին՝ թեստավորման փուլը, որը, ի դեպ, կազմված է լինում մրցույթի մասնակիցներին նախօրոք տրամադրվող եւ հիմնականում առողջապահությանը վերաբերող իրավական ակտերի մասին հարցերից։ «Հրապարակը» կապ հաստատեց Խարազյանի հետ, ով չհերքեց մեր տեղեկությունը։ «Չեմ ուզում մեկնաբանել»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ ՊԱԳ պետի պաշտոնը թափուր է մարտի 14-ից, երբ անսպասելի հրաժարական տվեց Ահարոն Բարսեղյանը, իսկ մի քանի օրից պարզվեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ է նախաձեռնել նրա գործունեության հետ կապված։ ՊԱԳ պետի պաշտոնի համար ներկայացվել էր 4 հայտ, սակայն մրցույթին մասնակցել է երկու թեկնածու։ Մայիսի 8-ին տեղի կունենա հարցազրույցի փուլը եւ հայտնի կլինի նոր պետի անունը։

Խարազյանը երկար տարիներ աշխատում է առողջապահության նախարարությունում, Անահիտ Ավանեսյանի մտերիմն է, գուցե հենց դա է պատճառը, որ ծուլացել է կարդալ թեստերի առաջադրանքները եւ պատշաճ պատրաստվել մրցույթին՝ վստահ լինելով, որ իր թիկունքում գտնվող Ավանեսյանն անարգել առաջ կտանի իրեն։ Փաստորեն, Խարազյանը լավ չի տիրապետում իր ոլորտի իրավական օրենսդրությանը։ Իսկ Անահիտ Ավանեսյանի դիրքերը թուլացել են պետպատվերի բաշխման թեմայով առողջապահության նախարարության շուրջ առաջացած վերջին սկանդալից հետո, եւ նա չի ուզում միջամտել մրցույթին։ Իրավապահները, հիշեցնենք, օրեր առաջ խուզարկում էին Ավանեսյանի ղեկավարած կառույցը, ՊԱԳ-ը եւ նրա ընկերոջ՝ Զավեն Քոլոյանի ղեկավարած «Ուիգմոր Քլինիքը»։ 

Առողջապահության նախարարության մեր աղբյուրներն ասացին, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մորը («Ուիգմոր» կլինիկայի նախկին հաշվապահ)  պատկանող «Արֆարմացիա» դեղորայք ներկրող ընկերության նախկին հաշվապահ, ՊԱԳ-ի նախկին ղեկավար Ահարոն Բարսեղյանի անակնկալ աշխատանքից ազատումից կարճ ժամանակ անց լուրեր էին պտտվում, որ այս կառույցի ղեկավարի՝ նախարարի նոր թեկնածուն Սամվել Խարազյանն է։ Սամվել Խարազյանը նախկինում աշխատել է ՊԱԳ-ում։ Ժամանակին զբաղեցրել է ՊԱԳ-ի բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի պետի պաշտոնը։ Նա նաեւ ՊԱԳ-ը սպասարկող էլեկտրոնային համակարգը ներդրած ընկերության ոչ պաշտոնական սեփականատերն էր։ 2016 թվականին Խարազյանն ազատվել է աշխատանքից՝ կոռուպցիոն սկանդալի արդյունքում։ Ի թիվս այլ պաշտոնյաների, նա մեղադրվում էր պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ` անվճար հատկացվող առողջարանային բուժօգնության ուղեգրերը կեղծելու գործով։ Քրեական գործը, սակայն, քննությունից հետո կարճվել է։ Նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ Սամվել Խարազյանը փոխնախարար Լենա Նանուշյանի մտերիմներից է։ Ավելին, հենց Նանուշյանի կողմից է Խարազյանը ներգրավվել ապահովագրության ներդրման գործընթացում՝ որպես հիմնական փորձագետ։ 

Ի դեպ, մեր աղբյուրները պնդում են նաեւ, որ միայն ապահովագրության համակարգի ներդրման գործընթացի համար տարբեր հիմնադրամներից բավականին ֆինանսական միջոցներ են տրամադրվել։ Բացի այդ, Սամվել Խարազյանն աշխատում է նաեւ որպես առողջապահության նախարարի խորհրդական։
Հարց է առաջանում․ եթե ՊԱԳ-ի ղեկավարի թեկնածուն չի կարողանում հաղթահարել քաղաքացիական ծառայող դառնալու համար մրցույթի ամենահեշտ փուլը, ապա ինչպե՞ս է հաղթահարելու մրցույթի երկրորդ փուլը եւ ինչպե՞ս է ղեկավարելու այս կառույցը: