Հայաստանը նախատեսում է ներգրավել 100 միլիոն եվրոյի վարկ՝ Զարգացման ֆրանսիական գործակալությունից՝ ջրային և գյուղատնտեսական ոլորտներում իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման համար։ Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը՝ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ։
Քննարկվող համաձայնագիրը վերաբերում է Ֆրանսիայի զարգացման գործակալության հետ կնքվող շրջանակային վարկային պայմանագրին, որը նախատեսում է ֆինանսավորում «Cam 1029» ծրագրի շրջանակում։
Ներկայացված ծրագրի հիմնական նպատակը ջրային և ոռոգման ենթակառուցվածքների բարելավումն է, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի զարգացման աջակցությունը։ Վարկային միջոցները կուղղվեն այս ուղղություններով իրականացվող համալիր ծրագրերի ֆինանսավորմանը։
Վարդանյանի խոսքով՝ Հայաստանում ջրային համակարգերի զգալի մաշվածությունը, ջրի կորուստների բարձր մակարդակը և կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ռիսկերի աճը լուրջ խնդիրներ են ստեղծում ոլորտի արդյունավետ կառավարման համար։ Նրա գնահատմամբ՝ նախատեսվող ծրագիրը նպատակ ունի փուլային և համակարգված լուծումներ առաջարկել այդ մարտահրավերներին։