Նոր մանրամասներ զինծառայողի մահվան դեպքից․ նախաձեռնվել է վարույթ

Նոր մանրամասներ զինծառայողի մահվան դեպքից․ նախաձեռնվել է վարույթ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ԶՈՒ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

«2024թ․  մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի գետնատնակում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին` կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հարցաքննվել են մարտական դիրքում հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողները, սպաները։ Նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ձեռնարկվում են  անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար»,-ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: