Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը միշտ էլ եղել է այն բեմը, որտեղ ազգերը ներկայացնում են իրենց լավագույններին՝ խաղադաշտում և դրա սահմաններից դուրս։ Այս տարվա մրցաշարը ևս բացառություն չէ․ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ֆուտբոլիստներն ու մարզիչները պայքարում են ամենաբարձր տեղերի համար։ Հայ ֆուտբոլասերների համար ևս այս առաջնությունն ունի յուրահատուկ նշանակություն. մրցաշարի մասնակիցների շարքում կա մեկ ներկայացուցիչ, որը հայկական արմատներ ունի և շարունակում է բարձր պահել հայի անունն համաշխարհային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում։
Այդ մարդը Անդրանիկ Թեյմուրյան է։
Այսօր Թեյմուրյանը ընդգրկված է Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչական շտաբում և հանդիսանում է գլխավոր մարզիչ Ամիր Ղալենոեիի օգնականներից մեկը։ Նա Իրանի հավաքականի մարզչական թիմում աշխատում է արդեն մի քանի տարի և 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցում է որպես թիմի ղեկավար կազմի կարևոր անդամ։
Թեյմուրյանի ճանապարհը դեպի աշխարհի առաջնություն նոր չէ։ Նա այն եզակի ֆուտբոլիստներից է, որոնք նախ փայլել են խաղադաշտում, ապա վերադարձել ազգային թիմ՝ արդեն որպես մարզիչ։ Իր ակտիվ կարիերայի ընթացքում նա եղել է Իրանի հավաքականի առաջատարներից մեկը, անցկացրել ավելի քան հարյուր հանդիպում ազգային թիմում, մասնակցել աշխարհի առաջնություններին և դարձել Իրանի հավաքականի պատմության ամենահարգված ավագներից մեկը։ Նա նաև պատմության մեջ մտավ որպես Իրանի ազգային հավաքականի առաջին քրիստոնյա ավագը։