Խմբագրի կողմից

Շատ ցավալի փոփոխություններ են տեղի ունեցել վերջին 8 տարվա ընթացքում

Շատ ցավալի փոփոխություններ են տեղի ունեցել վերջին 8 տարվա ընթացքում

Շատ ցավալի փոփոխություններ են տեղի ունեցել վերջին 8 տարվա ընթացքում: Բայց, ըստ իս, ամենացավալին մեր ազգի դիմադրողականության, ինքնապաշտպանական բնազդի, պայքարելու կամքի բացակայությունն է, որին հասել է այս իշխանությունը 8 -ամյա հետեւողական աշխատանքի արդյունքում:

Դիմադրողականության բացակայությամբ, ամեն ինչի հետ հաշտվելու, ամեն ինչ մարսելու ու ներելու, միայն դրականը տեսնելու, իսկ վտանգները տեսնողներին քարկոծողների բազմության է վերածվել մեր հասարակությունը, որը չի ուզում վատ բաների մասին լսել- տեսնել, վատի դեմ պայքարել:

Վստահ եմ` ինքներդ հարյուրավոր օրինակներ կարող եք բերել: Իմ աչքի առաջ ծառերը գրկած երիտասարդներն են, որոնք թույլ չէին տալիս գեթ մեկ ծառ կտրվի Երեւանում եւ իրենց պայքարով փրկեցին Մաշտոցի պուրակը, իսկ հիմա խաղաղ հետեւում են Երեւանի կանաչ զանգվածի հոշոտմանը:

Իմ աչքի առաջ Ամուլսարի դեմ պայքարողներն են, որոնք երկար ամիսներ քնում էին Ջերմուկի սարերում, որ հանքը չկառուցվի, հիմա ադրբեջանական դիրքերի կառուցմանն են հանգիստ հետեւում:
Իմ աչքի առաջ տրանսպորտի ու հոսանքի թանկացման դեմ պայքարն է, ոստիկանների ու ժողովրդի մեջ պատ կազմած իշխանականների շարքը:

Իմ աչքի առաջ 16-ի ապրիլյան պատերազմից հետո հանրությանը համակած ցասումն է` 100 զոհի եւ մի բլուր կորցնելու համար:

Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես էին 90-ականներին նոր դասագրքերի դեմ ընդվզում ուսուցիչները և նախարարի երեսին ասում իրենց կարծիքը` չվախենալով, որ աշխատանքից կզրկվեն:

Ես տեսել եմ, թե բանակում ամեն զոհի, ամեն անարդար դատավճռի, ամեն չբացահայտված հանցագործության դեմ ինչպես էին պայքարում եւ քաղաքացիները, եւ իրավապաշտպանները:

Ես տեսել եմ, թե ինչ անզիջում պայքար էին մղում Հյուսիսային պողոտայի եւ Բուզանդի բնակիչները, որոնք դժգոհ էին իրենց տրամադրվող փոխհատուցումներից: Նրանք փաստաբանների հետ բարիկադներ էին կառուցում ու ԴԱՀԿ աշխատողների դեմ բառացիորեն մարտեր մղում, հետո բոլոր ատյաններով անցնում, որ փոխհատուցում ստանան:
Ես տեսել եմ, թե ինչպես էին բնակելի շենքերի բնակիչները միասնաբար պայքարում նոր կառուցվելիք բարձրահարկի դեմ, որն իրենց լույսն էր փակելու` քանի տոննա նամակ ու հայց էին գրում: Ի վերջո, հասնելով հաջողության` հարկայնությունն էր նվազեցվում, փոխհատուցումներ էին վճարում, բակն էին բարեկարգում կառուցապատողները:
Ես չեմ մոռացել` ինչպես էին դիմորդների ծնողները պայքարում, որ լրացուցիչ տեղեր հատկացվեն բուհերի տարբեր ֆակուլտետներում, ինչպես էին նախարարության դռները ջարդում` հասնելով իրենց ուզածին: Իսկ երբ խորհրդարանում քննարկվում էր ուսանողական նստարանից` 18 լրանալուն պես բանակ տանելու հարցը, ի~նչ աղմուկ բարձրացավ եւ ինչպես իշխանությունը հետքայլ արեց: Իսկ պայքարը ղեկավարում էր ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, ով չվախեցավ դուրս գալ Տեր-Պետրոսյանի ու բուհական ռեֆորմի դեմ:

Դե, իսկ ո՞վ է մոռացել 2016-ի ապրիլին կամ 2020-ի սեպտեմբեր-հոկտեմբերին պատերազմ գնացողների շարասյուները` հայրենիքի համար մեռնելու պատրաստ երիտասարդներից մինչեւ 90-ականներին կռված տարեց ազատամարտիկներ:

Ինչպե՞ս պատահեց, որ պայքարի նման պոտենցիալ ունեցող մեր ըմբոստ ժողովրդին այսպես կոտրեցին, դարձրին ամեն ինչի հանդեպ անտարբեր, ամեն ինչի հետ հաշտվող հացկատակների հանրություն, որը ոչ միայն թույլ է տալիս, որ իր սրբությունները տրորեն, իր հայրենիքն ու պատմությունը ձեռքից խլեն, այլեւ ինքն է միանում արցախցիներին ու հայրենիքի համար զոհվածներին հայհոյելու նողկալի գործին: Եւ խաղաղ լսում է, թե ինչպես են իրեն նվաստացնում, հայտարարելով` «ում դուր չի գալիս, դուրս եկեք փողոց, հեղափոխություն արեք»:

Գուցե պատճառն այն է, որ 2018-ին մի անգամ դուրս են եկել ու նման արդյո՞ւնք ստացել: Գուցե այն, որ իրենց դիմաց ավելի «անդողդողդ» իր նպատակին գնացող չար ո՞ւժ են տեսնում: Գուցե այն, որ նման պայքարի առաջնո՞րդ չեն տեսնում:

ՀԳ Նկարում Փարպեցի-Արամ հատման կետում կառուցվող շենքի շինարարությունն է` մոտակա շենքերի բնակիչներն անասելի վրդովված են, որ այս մի ափարափ տեղում Ավինյանը 17 հարկանի շենքի թույլտվություն է տվել, որը ոչ միայն իրենց լույսն է փակելու, այլեւ այս տարածքում անհնարին է դարձնելու շարժվելը, ապրելը...բայց վրդովված բնակիչները ոչինչ չձեռնարկելցին այս այլանդակությունը կանխելու համար: Ի դեպ, ասում են` կառուցողը Արթուր Բաղդասարյանի եղբայրն է, բայց շենքից իրենց փայն ունեն իշխանական որոշ պերսոններ...

Լրահոս

Ամենաընթերցված

Պատժում են բոլորին

Պատժում են բոլորին

Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ...

×
Gallery Image