Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում

Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com 

Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը 16 օր շարունակ հացադուլ է անում Երևանի օդանավակայանում՝ Հայաստան մուտք գործելու արգելքից հետո։

57-ամյա Նիկոլյանը խիզախ հետաքննող լրագրող է, որը բազմաթիվ վեճեր է առաջացրել կարևոր անձանց մասին իր բացահայտումների պատճառով: Նա եղել է Արցախի հակամարտության և Իսրայել-Լիբանան սահմանին վերջերս տեղի ունեցած բախումների առաջնագծում, վիրավորվել է երկու հակամարտությունների ժամանակ:
Անցած 30 տարիների ընթացքում Նիկոլյանը տասնյակ անգամ այցելել է Հայաստան ու Արցախ և հարցազրույցներ ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այնուամենայնիվ, այն, ինչին նա բախվեց երկու շաբաթ առաջ Երևանի օդանավակայանում իր վերջին այցի ժամանակ, բոլորովին անսպասելի էր և ցնցող:

Ապրիլի սկզբին Նիկոլյանն այցելել էր Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հարցազրույց ունեցել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ, որը ղեկավարում է ժողովրդական շարժումը՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս կայացրած որոշման՝ հանձնելու չորս հայկական սահմանային գյուղերը Ադրբեջանին:

Ապրիլի վերջին, երբ Նիկոլյանը փորձեց վերադառնալ Հայաստան, Երևանի օդանավակայանում ներգաղթի ծառայության աշխատակիցները նրան ասացին, որ իրեն թույլ չի տրվում մուտք գործել երկիր: Հարցին, թե ինչու, նրան պատասխանեցին, որ նա «վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը»: Սա ծիծաղելի մեղադրանք է, քանի որ Նիկոլյանը պրոֆեսիոնալ լրագրող է, որը հայկական որևէ օրենք չի խախտել և հանցագործություն չի կատարել:

Ցավոք, Նիկոլյանը միակ սփյուռքահայը չէ, ում մուտքն արգելված է Հայաստան: Մի քանի այլ անձանց ևս Երևանի օդանավակայանում վայրէջքից հետո ասել են, որ իրենց թույլ չի տրվում այցելել Հայաստան: Նրանցից ոչ մեկը ոչ մի անօրինական կամ հանցավոր բան չէր արել, որ նման կոշտ պատժի արժանանար: Բացի այդ, եթե նրանք որևէ օրենք են խախտել կամ վտանգ են ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, նրանց պետք է ձերբակալեին օդանավակայանում և կանգնեին դատարանի առջև՝ նրանց ճակատագիրը որոշելու համար։ Որևէ պաշտոնատար անձ, անկախ իր կոչումից և պաշտոնից, իրավունք չունի դատական իշխանության անունից կամայական որոշումներ կայացնել։

Բացի այդ, վարչապետ Փաշինյանը իրավունք չունի որոշելու, թե ով կարող է մուտք գործել երկիր: Հայաստանը նրա առանձնատունը չէ: Նա չի կարող որոշել, թե ում թույլ տալ կամ ում թույլ չտալ: Հայաստանը աշխարհի բոլոր 10 միլիոն հայերի հայրենիքն է, և ոչ մի պաշտոնյա իրավունք չունի օրինական պատճառի բացակայության դեպքում արգելել նրանցից որևէ մեկի մուտքը երկիր:

Նիկոլյանի և մի քանի այլ սփյուռքահայերի մուտքը Հայաստան արգելված է միայն այն պատճառով, որ նրանք համարձակվել են քննադատել Փաշինյանի պարտվողական քաղաքականությունը։Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ժողովրդավար է: Սակայն, խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկն է, որը հաճախ խախտվում է Հայաստանի իշխանությունների կողմից, որոնք երկիրը վերածել են միանձնյա  կառավարման՝ բռնապետության:

Իրավիճակն ավելի վատթարացավ, երբ Մուրադ Փափազյանին, Փաշինյանի ֆրանսահայ հայտնի քննադատին, թույլ չտվեցին մուտք գործել Հայաստան, և նա հայց ներկայացրեց հայկական դատարան, որն էլ ապօրինի համարեց կառավարության արգելքը: Քանի որ հայ պաշտոնյաները 30 օր ժամանակ ունեին բողոքարկելու ավելի ցածր ատյանի դատարանի որոշումը, ոչ ոք չգիտեր, թե արդյոք նրանք նման բողոք կներկայացնեն: Բարեբախտաբար, երբ Փաշինյանն այցելեց Փարիզ այդ 30 օրերի ընթացքում, նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպեց Փափազյանի և Փաշինյանի հետ և հորդորեց վարչապետին հրաժարվել Փափազյանի հետապնդումից: Փաշինյանը դժկամությամբ համաձայնեց չեղարկել բողոքը, բայց ամոթալի էր, որ օտար երկրի ղեկավարը ստիպված էր միջամտել հայկական ներքին գործերին:

Մինչդեռ, Նիկոլյանը վերջին 16 օրվա ընթացքում հյուծվում է Երևանի օդանավակայանում: Մեր բազմաթիվ հեռախոսազրույցների ընթացքում նա ինձ ասաց, որ կշարունակի իր հացադուլը, նույնիսկ եթե դա հանգեցնի մահվան: Նրա կյանքը վտանգված է, քանի որ նա մի քանի լուրջ հիվանդություններ ունի։ Ժամանակ առ ժամանակ տեղի բուժանձնակազմը գալիս է նրա ճնշումը չափելու և մի քանի ներարկումներ անելու։ Նրան թույլ չեն տալիս դուրս գալ օդանավակայանից որևէ բուժօգնության համար: Վերջին օրերին շտապօգնության մեքենա էին ուղարկել օդանավակայան՝ ստուգելու նրա արյան ճնշումը, սրտի աշխատանքը և ևս մեկ ներարկում անելու։

Նիկոլյանի վիճակն անորոշ է: Նա ինձ ասում է՝ քանի որ ինքը գտնվում է օդանավակայանի
միջազգայնորեն պահպանվող «չեզոք գոտում», հայ պաշտոնյաները չեն կարող որևէ գործողություն ձեռնարկել իր դեմ: Վերջիններս փորձել են համոզել նրան նստել Փարիզ մեկնող ինքնաթիռը, ինչից նա հրաժարվել է։ Նրան նաև սենդվիչներ և ջուր են առաջարկել, որոնք նա մերժել է:

Նիկոլյանն ինձ ասաց, որ մտադիր է սովամահ լինել Երևանի օդանավակայանում: Նա կարծում է, որ իր մահն ամոթալի կլինի վարչապետի համար: Ես համոզված չեմ, որ նա ճիշտ է: Կարծում եմ, որ դա  խայտառակություն կլինի Հայաստանի Հանրապետության հեղինակության համար:

Երևանում Ֆրանսիայի դեսպանատունը, հակառակ իր դիվանագիտական պարտավորություններին, հրաժարվել է այցելել սեփական քաղաքացուն՝ տեղեկանալու նրա վիճակի մասին։ Սա Ֆրանսիայի դեսպանի վրեժխնդրական դիրքորոշումն է, քանի որ Նիկոլյանը լրատվամիջոցներով բացահայտել էր դեսպանի սկանդալները: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես հետաքրքրություն չի ցուցաբերել Նիկոլյանի բարօրության նկատմամբ, քանի որ նա նախկինում հրապարակավ քննադատել է Ֆրանսիայի նախագահին:

Չնայած Նիկոլյանն իր կոշտ քննադատությունների և բիրտ անհատականության պատճառով հակադրված է բազմաթիվ անհատների և կազմակերպությունների դեմ, հայերը պարտավոր են անել ամեն ինչ, որպեսզի հրապարակայնացնեն նրա ծանր վիճակը և փրկեն իրենց հայրենակցի կյանքը, նախքան նրա սովամահ լինելը:
Ես կոչ եմ անում Հայաստանի քաղաքացիներին բողոքի ցույցեր անցկացնել Երևանում վարչապետի շենքի դիմաց՝ պահանջելով, որ Նիկոլյանին թույլատրվի մուտք գործել Հայաստան: Բողոքի ցույցեր պետք է կազմակերպվեն նաև Երևանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց:

Ֆրանսահայերը պետք է բողոքի ցույցեր անցկացնեն Փարիզում՝ արտաքին գործերի նախարարության և նախագահական պալատի առջև՝ պահանջելով իրենց միջամտությունը Հայաստանի կառավարությանը:
Եթե Նիկոլյանը մահանա Երևանի օդանավակայանում իր երկարատև հացադուլի պատճառով, վարչապետ Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնինը՝ նույնպես։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի