«Հրապարակ». 2 ժամ տեւեց Փաշինյանի հետ հանդիպումը, որից մի ժամը լաց եմ եղել, անգամ անձեռոցիկ չկար, շորերովս եմ արցունքներս սրբել

«Հրապարակ». 2 ժամ տեւեց Փաշինյանի հետ հանդիպումը, որից մի ժամը լաց եմ եղել, անգամ անձեռոցիկ չկար, շորերովս եմ արցունքներս սրբել

Կիրանցեցի Գոհար Վարդանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ անկախ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվությունից, մարդկանց ոգեւորությունից, կիրանցեցիները վստահ են` այլեւս իրենց գյուղի համար առաջվա պես լավ չի լինելու` կա՛մ վատ է լինելու, կա՛մ սարսափելի վատ: Գոհարը կարծում է, որ ինքն այս օրերին գյուղին ավելի է պետք, քան մայիսի 9-ին Երեւանում կայանալիք բողոքի ակցիային. «Երեւանում հազարների մեջ մի հոգին բան չի փոխի, իսկ էստեղ` Կիրանցում, մի քանի հարյուրի մեջ մեկը շատ կարեւոր է…»:

- Ի՞նչ իրավիճակ է այս պահին Կիրանցում: Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում ասաց, որ 90 տոկոսով սահմանազատման աշխատանքներն արված են:

- Ժողովուրդն ինֆորմացիա ստանում է իր տեսածով, մեկը մյուսից լսելով: Կիրանց-Խեյրիմլի հատվածում դրվելու է 11 սյուն: 11-ից 6-ը, եթե չեմ սխալվում, արդեն դրված է: Մնացած սյուներն էլ պետք է դնեն էս քանի օրը: Փաստացի, ճիշտ է ասում, 5 սյուն է մնացել` ամենացավալի սյուները:

- Ինչո՞ւ ամենացավալի:

- Ասում են՝ սյուները շատ մոտ չեն լինելու գյուղին, բայց չենք հավատում, մեզ շատ են խաբել: Ըստ հրապարակված քարտեզի, այն, ինչ ես տեսել եմ, այդ սյուները պետք է տեղադրվեն դպրոցից 200 մետր ներքեւ: Իսկ եթե այդ սյունն էլ մյուս սյունին միանա շրջանաձեւ, դպրոցի հեռավորությունը դառնում է ընդամենը 50 մետր: Հիմա մնացել է, որ դնեն այն սյուները, որոնք գտնվելու են Կիրանց բնակավայրից ամենամոտը: Մարդու տնից, դպրոցից 50 մետր հեռավորության վրա, 50 մետրն էլ եմ երեւի շատ ասում: Մարդիկ կան, ովքեր ասում են, որ կարող է այդ հատվածներում չլինեն սյուներ, սակայն չենք հավատում: Դա մարդկանց հանգստացնելու համար արված հայտարարություն է: Չափագրման աշխատանքներին մասնակցում են նաեւ ադրբեջանցի ներկայացուցիչներ:

- Ադրբեջանցիները փաստացի հասնում են Կիրանց:

- Կիրանցից ամենամոտ սյունը 500 մետրի վրա է:

- Քանի՞ տուն է անցնելու Ադրբեջանին` այդ սահմանազատում կոչվածից հետո:

- Ըստ կառավարության կողմից հրապարակված քարտեզի՝ երկու տուն անցնում է Ադրբեջանին: Մի գիծը քարտեզի վրա գուցե շատ փոքր է թվում, բայց հողի վրա 10-20 մետր տարածք է: Հիմա իբր ասում են` ամեն ինչ մեր ուզածով է լինելու եւ այլն, բայց ո՞վ է հավատում:

- Մի գրառում էիր արել, որ ընդդիմադիրների գաղափարակիցը չես եղել երբեք, սակայն այս օրերին նրանք են կանգնած կիրանցեցիների կողքին:

- Այո, անգամ կրոնական չեմ եղել, վերջին անգամ եկեղեցում մոմ վառել եմ 8-րդ դասարանում, բայց եթե այս պահին իմ գաղափարակիցներն իմ կողքին չեն գալիս կանգնում, չեն բարձրաձայնում, որ մեր իրավունքները ոտնահարվում են, տներն անցնում են Ադրբեջանի կազմ, իսկ իմ կողքին կանգնել է Բագրատ սրբազանը, իմ կողքին կանգնել են ընդդիմադիր պատգամավորները, որոնց երբեք իմ գաղափարակիցը չեմ համարել, բայց նրանք փորձում են մեր խնդիրներին լուծում տալ: Մի գյուղից` 300 հոգուց 30-ին բերման են ենթարկում, դա նույնն է, որ Երեւանից 100 հազար տղամարդու բերման ենթարկեն…. Միակ մարդը, ով դիմավորել է գյուղի տղամարդկանց, աջակցել է, եղել է Գառնիկ Դանիելյանը: Ես հիմա ո՞նց այդ մարդու արածը չբարձրաձայնեմ:

- Նիկոլ Փաշինյանի հետ կառավարությունում հանդիպումից հետո դուրս եկար ու լաց եղար: Ի՞նչ էր ասել, որ այդպես հուզվել էիր:

- Մենք նրա հետ զրուցել ենք 2 ժամ: Առաջին 15 րոպեից հետո արդեն ամեն ինչ պարզ դարձավ: Բայց ենթադրվում էր, որ եթե ինքն է մեզ կանչում, գոնե մի հուսադրող բան պետք է ասի, որ ինչ-որ բան է փոխվել: 15 րոպե անց պարզ դարձավ, որ մեզ կանչել է պարզապես ավելի մանրամասն նույն բանն ասելու: 2 ժամ նստել եմ այդ հանդիպմանը, ուղիղ մեկ ժամը լաց եմ եղել:

- Իսկ Փաշինյանն ինչպե՞ս արձագանքեց քո այդ վիճակին:

- Երկու ժամ նստած եմ եղել, մի ժամը լաց եմ եղել, անգամ անձեռոցիկ չկար, շորերովս եմ արցունքներս սրբել…. ես անգամ նրա աչքերի մեջ չեմ նայել: Ամենասարսափելին այն է, որ էս մարդիկ իմ իրավունքների վրա թքած ունեն, էս մարդկանց չի հետաքրքրում, որ մեր անվտանգությունը մնում է օդից կախ, ոչ մի բան չեն երաշխավորում: Ինձ նրանց խոսքերը չեն բավարարում, ինձ պետք են երաշխիքներ:

- Փաշինյանը 2021 թ. ընտրություններին Կիրանցում ու մյուս սահմանամերձ գյուղերում հիմնականում հաղթել է: Հիմա է՞լ է նույն վիճակը:

- Մարդիկ հիասթափված են: Նա ամեն ինչ շատ վատ է ներկայացնում, բայց եթե մի պուճուր բան լավ լինի, դա իրեն է վերագրելու, թե իբրեւ ինքն արեց ամեն ինչ: Ես իրեն երբեք չեմ ընտրել, հիմա էլ չեմ ընտրելու:

- Քո ֆեյսբուքյան էջից տպավորություն է, որ դու ՀԱԿ-ի համակիր ես:

- Այո, ես ՀԱԿ-ին եմ ընտրել, կողմ եմ եղել Արցախի 5 շրջանների հանձնմանը, խաղաղությանը, բայց այսօր Նիկոլ Փաշինյանի արածը չի տանում մեզ խաղաղության:

- Գյուղից շատերը քայլերթով Երեւան են գալիս, իսկ դո՞ւ:

- Գյուղի մեծ մասը մնացել է գյուղում, սրբազանին միացողներն էլ են շատ: Չենք ուզում գյուղը թողնել: Ես չգիտեմ՝ վաղն էստեղ ինչ է լինելու, ինձ համար առաջնայինն իմ գյուղն է: Եթե անգամ իմանամ, որ վաղն էստեղ գալու են, մարդկանց ծեծելով տանեն, կմնամ, որ փորձեմ կանխել մի բան: Ես այստեղ ավելի կարեւոր եմ, ավելի պետք եմ գյուղին: Երեւանում մի հոգի էս կողմ, մի հոգի էն կողմ, բայց էս փոքր գյուղում մի հոգին էլ է բան փոխում:

- Ամեն դեպքում, ինչպես հասկացա` բոլորի հույսը Բագրատ սրբազանն է:

- Անկեղծ ասած, չգիտեմ՝ մինչեւ մայիսի 9-ն ինչ տեղի կունենա: Գուցե մայիսի 9-ին ամեն ինչ շատ ուշ լինի արդեն: Այ, հիմա ական պայթեց` այս պահին: Կիրանցի համար ինչ էլ լինի, էլ լավ չի լինելու: Անգամ եթե շարժումը հաջողի: Գյուղացիներն ասում են` կա՛մ վատ է լինելու, կա՛մ սարսափելի վատ, մեզ համար էլ լավ չկա….

- Էդպես մի ասա, Գոհար:

- Փաստն եմ ասում: Իմ ամենամեծ մտավախությունն այն է, որ էստեղ պատերազմ չսկսվի: Եթե Ադրբեջանը գիտակցի, որ նոր շարժումը հաջողում է, չգիտեմ ինչ կարող է լինել: