Շենքը՝ աճուրդի, կենտրոնը՝ լուծարման, գրադարանի 22 մլն ֆոնդն էլ՝ մակուլատուրա

Շենքը՝ աճուրդի, կենտրոնը՝ լուծարման, գրադարանի 22 մլն ֆոնդն էլ՝ մակուլատուրա

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, մայիսի 2-ի կառավարության որոշման համաձայն, պետք է լուծարվի։ Կենտրոնի՝ անձնակազմի կառավարման գծով մասնագետ Արփի Մեհրաբյանը մեզ հետ զրույցում նշում է՝ իրենք հանկարծակիի են եկել՝ տեղեկանալով, որ ՊՈԱԿ-ը լուծարում են․ «Մայիսի 2-ին հա՛մ իմանում ենք, որ մեզ պետք է լուծարեն, հա՛մ էլ նույն օրը ափալ-թափալ որոշում է ընդունվում լուծարման մասին, իսկ որոշման մեջ գրված է, որ 15 օրվա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով»։

Զրուցակիցս ասում է՝ մի մտահոգություն է հենց կենտրոնի լուծարումը, մեկ այլ դարդուցավ է, որ պետք է լուծարվի ՊՈԱԿ-ի կազմում գործող գիտատեխնիկական մեծածավալ գրադարանը՝ իր 22 միլիոնանոց ֆոնդով։ 
«Մեր գիտատեխնիկական գրադարանը երկրորդ գրադարանն է հանրապետությունում, իսկ ժամանակին միակն էր Կովկասում։ Ցավն այն է, որ այսօրվա դրությամբ Վրաստանն ու Ադրբեջանը զարգացնում են իրենց գիտատեխնիկական գրադարանները, իսկ մեր կառավարությունը որոշել է, որ մեր գիտատեխնիկական գրադարանի պահպանությունը բյուջեի անիմաստ վատնում է, դրա համար պետք է այդ գրադարանը փակել։ Ավելին ասեմ՝ շատ մեծ ցավ է մեզ համար, որ այդ 22 մլն-անոց ֆոնդը՝ մեր գրադարանը, պետք է ցաքուցրիվ անեն․․․, մինչդեռ մեզ մոտ հատուկ պահպանության ռեժիմով ֆոնդեր են՝ հատուկ ստելաժներով, օդափոխությամբ, որպեսզի այդ գրականությունը պահպանվի»,-ասում է Ա․ Մեհրաբյանն ու ընդգծում, որ գրադարանը մոտավորապես 6 հարկ է զբաղեցնում։
Կոմիտասի 49/3 հասցեում գտնվող շենքը, որտեղ էլ տեղակայված է ՊՈԱԿ-ը, աճուրդի է դրվել դեռ անցած տարվա դեկտեմբերին. «Երբ բարձրացնում ենք ֆոնդերի պահպանության հարցը, մեզ շատ արհամարհական ձեւով ասում են՝ դե ֆոնդերի կեսը կտանք արխիվ, կեսը՝ Ազգային գրադարան, բայց կողմնակի զրույցներում ասում են՝ սա մակուլատուրա է․․․, այսինքն՝ այդ ողջ գրականությունն անհայտ ձեւով կդառնա մակուլատուրա եւ կկորի։ Մինչդեռ բոլոր նորմալ երկրները գիտությունը զարգացնում են, իսկ մենք այսպես տապալում ենք մեր գիտությունը եւ գիտական ֆոնդերը: Իսկ որպես գրադարան՝ նման ֆոնդերով, մենք ուղղակի եզակի ենք, որովհետեւ միայն 1.5 մլն պատենտ ունենք, եզակի գրականություն, որ այլեւս ոչ ոք չունի»։ Ավելին՝ գիտատեխնիկական գրադարանի 22 մլն փաստաթղթային ունիկալ հարստությունը թափոնի վերածելը, ոչնչացնելը եւ փոշիացնելը, ըստ զրուցակցիս, կարող է որակվել ոչ միայն որպես քաղաքակրթական ցեղասպանության եւ բարոյալքման քայլ, այլեւ քրեական հանցագործություն: 

Հանրապետական գիտատեխնիկական գրադարանը հանրապետության մյուս բոլոր գրադարաններից առանձնանում է ֆոնդերի բնույթով՝ իր մեջ ներառելով տեխնիկական փաստաթղթերի հատուկ տեսակներ՝ արտոնագրեր, պետական, միջպետական, ճյուղային ստանդարտներ, շինարարության նորմեր եւ կանոններ, արտադրությանը վերաբերող տեխնիկական պայմաններ, սարքավորումների տեխնիկական անձնագրեր, գիտական պարբերական հրատարակություններ՝ ամսագրեր, ճյուղային սեղմագրային հանդեսներ, որոնք կազմում են ֆոնդի շուրջ 22 մլն օրինակ գրականության 91,4%-ը: 

ՊՈԱԿ-ն ունի 72 աշխատող, միայն գրադարանի աշխատողները 35 հոգի են՝ գրադարանավարներ, մատենագետներ, որոնց 90 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 104 հազար, եւ որոնք, փաստացի, շուտով գործազուրկի կարգավիճակում են հայտնվելու։ 

Գրադարանի 4 մասնաճյուղերը գործում են Գյումրիում, Հրազդանում, Վանաձորում, Կապանում, որոնք այս որոշման արդյունքում եւս պետք է լուծարվեն․ «Այսինքն՝ առանց ալտերնատիվի մեզ լուծարում են, ոչ թե վերակազմավորում կամ միավորում, այլ հենց լուծարում են, ընդ որում՝ այդ մարդիկ 30-40 տարի շարունակ այդ գրադարանը փայփայել են․․․ շատ վիրավորված ենք ու անճարությունից չգիտենք ինչ անենք»։