"Եւրատեսիլին" ընդառաջ

"Եւրատեսիլի" հայկական պատվիրակությունը որոշ փոփոխություններ է մտցրել "Apricot Stone" երգի բեմադրության պարային հատվածում։ Երկու օր առաջ Օսլոյում կայացել է մրցույթի երկրորդ փորձը: Նոր տարբերակում երեք բեք- վոկալիստները մոտենում են արհեստական ջրվեժին եւ ձեռքով ջուր են վերցնում։ Այս անգամ առաստաղից կախված փայլուն սպիտակ պղպջակները բարձրանում են այն պահին, երբ կորիզից սկսում է ծիրանենի աճել։ Եւրոպական բուքմեյքերական ընկերությունների կանխատեսումներով՝ Եւա Ռիվասը կզբաղեցնի 4-րդ հորիզոնականը, նույն կանխատեսումների համաձայն՝ հաղթող կճանաչվի Գերմանիայի ներկայացուցիչը՝ Լենան: Կանխատեսվում է նաեւ, որ հաղթական եռյակում կարող են հայտնվել Ադրբեջանի ներկայացուցիչ Սաֆուրան եւ Իսրայելի ներկայացուցիչ Հարել Սքաթը: Նշենք, որ Ադրբեջանի ներկայացուցիչ Սաֆուրան դեռեւս դպրոցական է: Ռուսական ֆորումներում շրջանառվում է այն խոսակցությունը, թե Ադրբեջանն իր նավթի շնորհիվ արդեն իսկ մրցույթում ապահովել է իր մասնակցի հաղթանակը: Հետաքրքիր է, որ Սաֆուրայի երկրպագուների շրջանակներում քիչ չեն նաեւ հայ երիտասարդները, որոնք ջերմ նամակներ են գրում Սաֆուրային:
Կարծիքներ