Որ դեպքում քրիստոնյան կարող է չենթարկվել պետական իշխանություններին

Որ դեպքում քրիստոնյան կարող է չենթարկվել պետական իշխանություններին

Հայտնի քրիստոնեական ճշմարտություն կա, թե Աստծունը՝ Աստծուն, կայսրինը՝ կայսրին եւ ամենայն իշխանություն Աստծուց է։ Սրանք քրիստոնեական ուսմունքի համար կարելի է ասել՝ հիմնարար սկզբունքներ են։ Սակայն սրանով հանդերձ, չի կարելի միանշանակ պնդել դրանց բացարձակությունը, քանի որ քրիստոնյայի համար նախ Աստված եւ Աստվածային օրենքն է, հետո արդեն մնացածը։ Ու եթե որեւէ պետական իշխանություն անաստված է, եթե անում է բաներ, որոնք հակառակ են քրիստոնեությանը, Աստծո կողմից հաստատված կամ աստվածադիր օրենքներին, ապա նաեւ նման իշխանություններին քրիստոնյաների կողմից ենթարկվելու, հնազանդվելու հարցն էլ դրվում է հարցականի տակ։ Սա համառոտ կերպով, իսկ հիմա փորձենք հարցը ներկայացնել ավելի ընդարձակ եւ համակողմանի ձեւով։ 
Քրիստոնեական Սուրբ Գրքում, Ավետարաններում ներկայացվում է, թե ինչպես են Հիսուսին ցույց տալիս կայսեր պատկերով դրամը եւ հարցնում, թե արդյոք ճիշտ է կայսրին հարկ տալը։ Հիսուսը պատասխանում է․ «Տվեք կայսրինը կայսրին, Աստծունը՝ Աստծուն» (Մատթ. 22:21)։ Արդեն Իր դատավարության ժամանակ Հիսուսն ասում է հռոմեացի կուսակալ Պիղատոս Պոնտացուն․ «Դու իմ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ» (Հովհ. 19:11)։

Հիսուսի ուսուցումները մեծապեսազդել են քրիստոնեական սոցիալ-քաղաքական մտքի կայացման վրա։ Պետրոս առաքյալը գրում է․ «Հարգեցե՛ք բոլորին, սիրեցե՛ք եղբայրությունը, վախեցե՛ք Աստծուց, պատուեցե՛ք թագաւորներին» (Ա․ Պետ. 2:17)։ Պետրոս առաքյալի այս խոսքը մաս է կազմում նրա՝ ավելի ծավալուն խրատի, որը նա շարադրում է իր նամակում․  «Ի սեր Տիրոջ հնազա՛նդ եղեք մարդկային ամեն իշխանության՝ թե՛ թագաւորին, որպէս գերագույն հեղինակություն ունեցող մեկի, թե՛ կառավարիչներին, որպես նրանից ուղարկվածների, այն բանի համար, որ նրանք չարագործներին պատժում են, իսկ օրենքը պահողներին՝ գովում։» (Ա․ Պետ. 2:13–14)։

Պողոս առաքյալն էլ իր հերթին ավելի մանրամասնորեն է զարգացնում այս ուսմունքը․ «Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հպատակի նրան. քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի. եւ եղած իշխանությունները Աստծուց են կարգված: Հետեւաբար, ով հակառակում է իշխանութեանը, Աստծու հրամանին է հակառակում. եւ նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում. քանի որ իշխանաւորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի: Ուզո՞ւմ ես չվախենալ իշխանությունից. բարի՛ն գործիր եւ նրանից գովասանք կը ստանաս, որովհետեւ նա Աստծու պաշտոնյա է քեզ՝ բարի գործերի համար. իսկ եթէ չար գործես, վախեցի՛ր. քանի որ սուրը մեջքին ի զուր չէ կապված. Աստծու սպասավոր է նա, վրեժխնդիր՝ բարկության համար, նրա դեմ, որ չարն է գործում. դրա համար պետք է հնազանդվել ոչ միայն բարկության համար, այլ նաեւ խղճմտանքի պատճառով» (Հռոմ. 13:1–5)։

Ինքնին հասկանալի է, որ Պետրոս եւ Պողոս առաքյալները կոչ են անում լոյալություն եւ հնազանդություն ցուցաբերել այն հեթանոսական իշխանությանը, որի ներքո գտնվում էր Հրեաստանը Հիսուս Քրիստոսի ժամանակները։ Այս տեսակետը համահունչ է նաեւ Հին Կտակարանյան այն պատկերացմանը, թե երկրային իշխանավորը, ով նույնիսկ այլահավատ է կամ հեթանոս, կարգված է Աստծո կողմից եւ Աստծո կամքն է կատարում։ Համաձայն Հին Կտակարանի, երկրի վրա ցանկացած իշխանություն բխում է Աստծուց։ Աստված է կարգում եւ փոփոխում փագավորներին (Դան 2:21) եւ աշխարհիկ իշխանության հանդեպ անհնազանդություն պետք է դրսեւորել միայն այն դեպքում, երբ տեղի է ունենում հավատքի դեմ գործողություն (Դան. 3:16–18) կամ հայրերի դրած օրենքների դեմ գործողություն  (Բ․ Մակ. 7:1–41)։ Այս դեպքում, հավատացյալը պետք է պատրաստ լինի դիմադրել ցանկացած աշխարհիկ իշխանության՝ ընդհուպ մինչեւ մահվան գնով։ 

Քրիստոնյաների հետագա սերունդները չեն փոխել երկրային իշխանության էության մասին եղած այն պատկերացումները, որոնք ձեւավորվել եւ ձեւակերպվել են առաքելական շրջանում։ 2-3-րդ դդ․ քրիստոնյաները լիուլի ապացուցում են իրենց հնազանդությունը հռոմեական իշխանություններին՝ բազմաթիվ ջատագովական երկերում։ Ընդ որում, այդ ժամանակների շատ քրիստոնյաները պատրաստակամորեն ընդունում են մահը, սակայն չեն ուրանում Քրիստոսին եւ կայսրին զոհ չեն մատուցում որպես աստվածության։ Այս դիրքորոշումը քրիստոնեական Եկեղեցին պահպանել է նաեւ հետագա բոլոր դարերում՝ սահմանելով, որ լոյալ է որեւէ պետական իշխանության հանդեպ այնքան ժամանակ, քանի դեռ այդ իշխանությունը Աստծո դեմ հանցանք չի գործել։ Ս․ Հովհան Ոսկեբերանը դեռ 4-րդ դարում հետեւյալ կերպ է մեկնաբանում «Աստծունը՝ Աստծուն, կայսրինը՝ կայսրին» սկզբունքը․ «Երբ լսում ես «Տվեք կայսրինը կայսրին» խոսքը, դրա ներքո հասկացիր միայն այն, ինչը չի վնասում բարեպաշտությանը։ Ամեն մնացյալը, որ դմ է բարեպաշտությանը, ոչ թե տուրք է կայսրին, այլ տուրք եւ վարձք սատանային»։

Ամփոփելով, կարող ենք արձանագրել, որ քրիստոնեական Եկեղեցին պահպանում է պետության, պետական իշխանությունների հանդեպ լոյալությունը, սակայն լոյալության պահանջից ավելի՝ Եկեղեցու համար առաջնային է Աստվածային պատգամն ու Աստվածային պատվիրանը՝ ցանկացած իրավիճակում եւ ցանկացած հանգամանքների եւ պայմանների մեջ զբաղվել մարդկանց փրկության գործով։ Եւ եթե իշխանությունները հավատացյալներին իրենց գործողություններով տանում են Քրիստոսից եւ Եկեղեցուց հեռացման, ինչպես նաեւ մեղսալի եւ հոգին վնասող, կործանարար գործերի, Եկեղեցին պետք է դադարեցնի իր լոյալությունը նման իշխանությունների հանդեպ։ Այս դեպքում, քրիստոնյան, սեփական խղճի մտոք կարող է չկատարել իշխանությունների թելադրանքը, որը նրան կարող է տանել ծանր մեղքի եւ դիմել անհնազանդության։