Մոլդովայում կրքերը եռում են․ Գուցուլի վերադարձից հետո տարհանել են օդանավակայանը

Մոլդովայում կրքերը եռում են․ Գուցուլի վերադարձից հետո տարհանել են օդանավակայանը

Քիշնևի օդանավակայանում տարհանում է հայտարարվել այն բանից հետո, երբ վայրէջք է կատարել Ստամբուլ-Քիշնև չվերթն իրականացնող օդանավը, որի մեջ եղել է Գագաուզիայի Ինքնավար Հանրապետության ղեկավար Եվգենյա Գուցուլը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ըստ տեղեկությունների՝ օդանավակայանում գտնվող բոլոր ուղեւորներին խնդրել են շտապ լքել սպասասրահը։
Այնտեղ հավաքվել են Գուցուլի հարազատներն ու կողմնակիցները, ոստիկանները խստացրել են հսկողությունը ինչպես շենքի ներսում, այնպես էլ դրսում։

Դրանից քիչ առաջ Գագաուզիայի ինքնավարության ղեկավարի ամուսինը՝ Արտեմ Գուցուլը հայտնել էր, որ իր կնոջը՝ Եվգենյա Գուցուլին, Մոլդովա ժամանելուց հետո կարող են մանրակրկիտ ստուգել և հարցաքննել, սակայն ներկայումս նրա հետ կապ չկա։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Մոլդովոյի իշխանությունները զանգվածային հարցաքննություններ, խուզարկություններ ու ձերբակալություններ են կատարում երկրի ընդդիմադիրների, այդ թվում՝ պատգամավորների շրջանում։ Նրանց պաշտոնական Քիշնևը համարում է ռուսական գործակալներ և կասկածում երկրում հեղաշրջում իրականացնելու մտադրության մեջ։

Նույն Գուցուլին համարում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորը․ օրերս նրանք հանդիպել էին Մոսկվայում։