Փաշինյանի թիմում հայագիտությունից էլ են բոբիկ

Փաշինյանի թիմում հայագիտությունից էլ են բոբիկ

Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին տված ասուլիսի ժամանակ հոգի/ոգի բառերի իմաստային նրբերանգների ու դրանց աստվածաբանական բովանդակային տարբերությունների մասին խոսքից եւ դրան ի պատասխան՝ ՀԱՍԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսպոկոս Աջապահյանի հակադարձումից հետո, որտեղ վերջինս բերել էր «քաջ» բառի գրաբարյան իմաստային նրբերանգը եւ զուգահեռ անցկացրել, թե ինչ իմաստով է այսօր գրական հայերենում «քաջ» բառն ընկալվում, հուշում է մի բան․ Նիկոլ Փաշինյանի թիմում հայագիտական եւ հատկապես՝ աստվածաբանական գիտելիքներ ունեցող մասնագետ-խորհրդատուների լուրջ պակաս կա։ 

Առհասարակ, եթե ավելի խորքային նայենք, Փաշինյանի թիմն առանձնապես աչքի չի ընկնում պրոֆեսիոնալներով ոչ մի ոլորտում, իսկ այնպիսի նեղ մասնագիտական ոլորտներ, ինչպիսիք են աստվածաբանությունն ու հայագիտությունը, որոնց հանդեպ, ի դեպ, իշխանությունը, մեղմ ասած՝ այնքան էլ բարյացակամ վերաբերմունք չունի՝ որպես գիտաճյուղեր, ընդհանրապես իշխանական թիմում բոբիկ են։ Ու պատահական չէ, որ խիստ թեական ու խիստ մասնակի հիմնավորմամբ արված հայտարարություներով Նիկոլ Փաշինյանը ակամայից հայտնվեց անհարմար վիճակի մեջ։ 

Աստվածաբանությունը եւ հայագիտությունը, ինչպես ասում են՝ «թան չի, ամեն մարդու բերանի բան չի»։ Այն պահանջում է տարիների համակարգված եւ մեթոդիկ կրթություն, պատրաստություն, գիտելիքների մեծ բազա, դրանք կիրառելու մեթոդաբանություն եւ հմտություն։ Նաեւ՝ ամենօրյա ինքնուսուցման ճանապարհով գիտելիքների համալրում եւ կատարելագործում։ 

Ու սա նկատի առնելով, անկախ այն հանգամանքից, թե որքանով է անհրաժեշտ պայքարը ղեկավարող թիմի առաջնորդին մի բան ասելը, որպեսզի հերթական անգամ «մրոտի» իր դեմ պայքարողներին, պետք է հաշվի առնել, որ այդ ասելիքը պետք է առնվազն լինի գիտական առումով քիչ խոցելի, որպեսզի հանկարծ «խիարը թարս չաճի» եւ իր իսկ ասածը իր դեմ դուրս չգա։ Հենց այստեղ է, որ փաշինյանական թիմը կաղում է ու հենց այստեղ է, որ երեւում է նրա բոբիկ լինելը։ Ի դեպ, չորս-հինգ ժամ անընդհատ խոսելն ու լարախաղացի վարպետությամբ մանեւրելը, դեռ չի նշանակում խելացի, առավել եւս՝ համոզիչ խոսել։