Այս շարժման գլխավոր լոզունգը պիտի լինի` «ոչ միակողմանի զիջումներին» եւ ոչ թե՝ «Նիկոլ դավաճան»

Այս շարժման գլխավոր լոզունգը պիտի լինի` «ոչ միակողմանի զիջումներին» եւ ոչ թե՝ «Նիկոլ դավաճան»

Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան  ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման: Ցույցեր տեղի կունենան Բելգիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, Կիպրոսում, Դանիայում, Հունաստանում, Նիդերլանդներում, Շվեդիայում, Միացյալ Թագավորությունում եւ այլ երկրներում:  Hraparak.am-ի զրուցակիցը Իսպանիայի Վալենսիա քաղաքի հայ համայնքի նախագահ Արարատ Ղուկասյանն է։ Համայնքի նախագահից հետաքրքրվեցինք՝ ինչպես են տրամադրված․

«Ես ինքս համաձայն եմ համերաշխության երթին, և որ այդ երթը եկեղեցին է կազմակերպում։ Սակայն համակարծիք չեմ և չեմ կարող լինել, եթե եկեղեցին խառնվի քաղաքականության մեջ, առավել ևս` քաղաքական որոշումներ կայացնի։ Ես առաջիններից եմ, ով հայտարարել է, որ այս իշխանությունը պիտի հեռանա, քանի որ պարտված իշխանությունը ոչ մի հարթակում  չի կարող հայանպաստ և պետականամետ բանակցություններ վարել։ Դա նույնն է, որ քեզ ապտակեն, մռութդ ջարդեն, ու դա քեզ դուր գա, ու նորից գնաս ծեծ ուտելու։ Իսկ սա տեսնում է նաև, այսպես կոչված և իրեն սպառած, միջազգային հանրությունը և, մեղմ ասած, լուրջ չի վերաբերվում քեզ, և, որպես պատրանք, հրամցնում է ժողովրդավարության հաստատման կեղծ թեզը` լավ հասկանալով, որ աշխարհն այնքան է փոխվել, որ ուժն է որոշում, թե ինչպիսին պիտի լինի նույն այդ ժողովրդավարությունը։ Իսկ ուժով ժողովրդավարությունը բոլորս էլ գիտակցում ենք, թե դեպի ուր է տանում։ Ես կարծում եմ, որ եթե Փաշինյանի ձեռքին մի հնար լիներ` անվնաս հեռանալ իշխանությունից, նա կաներ դա։ Բայց չի կարող, առաջին հերթին, հենց յուրայինների ճնշման պատճառով. ի վերջո, ի՞նչ են անելու նրա ձեռքին նայողներն ու խոսքին սպասողները, եթե նա մի օր հավաքի իր պոպուլիզմով լեցուն ուսապարկն ու հեռանա։ Ոչինչ... ասել է, թե առնետավազք...։

Սակայն վերադառնանք երթին. եկեղեցին միաբանության դեր պիտի խաղա. եթե նորից հնչեցին «Նիկոլ դավաճան» և նմանատիպ այլ կոչեր, դա միայն կուժեղացնի Փաշինյանի դիրքերը, քանի որ ուժայիններն այս պայմաններում չեն միանա ցուցարարներին` հասկանալի պատճառներով. նրանց աշխատավարձը տասնապատկվել է, և նրանք ամենևին էլ այդ համեղ պատառից չեն հրաժարվի» ։ Ի դեպ, երբ դավաճանին ասում ես` դու դավաճան ես, նա ավելի է ձգտում դավաճանության, քանի որ պիտի պաշտպանվի գրոհներից։ Կարելի է, այսպես ասած, նիկոլավարի, ասել է, թե` պոպուլիստաբար Փաշինյանին «դուրս հրավիրել» կառավարությունից։ Եթե նրա կողմնակիցներին ժողովուրդը շարունակեց«ժեխ» անվանել, ապա ոչինչ չի ստացվի։ Նրանց պիտի ասել, որ վերջիններս շատ ավելիին են արժանի, քան հիմա են։ Եթե ոստիկանը հիմա, ասենք, 400.000 դրամ է ստանում, նրան պիտի խոստանալ 1.000.000 դրամ, որպեսզի նա ավելի շահագրգռվի»,-ասաց մեր զրուցակիցը։

Արարատ Ղուկասյանին հիշեցրեցինք, որ ընդամենը օրեր առաջ Բագրատ Սրբազանն ինքն էլ լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե այս պահին Փաշինյանի հրաժարականի  հարցը չեն բարձրացնում, եւ որքան հասկանալի էր՝ խնդիրը հայրենիքը չկորցնելն է։ «Եթե երթի և ցույցի մեջ հայտնվեցին հին, ծանոթ դեմքերը, արդյունքը լինելու է նույնը. մեկ-երկու օրից ամեն ինչ մարելու է և ընկնի իր «բնականոն» հունի մեջ։ Ի՞նչ անել. արդեն հասկանալի է, որ խորհրդարանական ընդդիմությունը նույնպես չի ուզում հրաժարվել նույն կերակրատաշտից, որից օգտվում է իշխանությունը։ Ուստի միակ ելքը ժամանակավոր մասնագիտական կառավարություն ստեղծելն է, որտեղ, հնարավոր է նաև ընդգրկել եկեղեցու մեկ ներկայացուցիչ։ Ժամանակավոր կառավարության կազմը պիտի լինի արտախորհրդարանական ուժերից կազմված վարչություն, որն այս պայմաններում դժվար հավանական եմ համարում, քանի որ չկա համերաշխություն նաև այդ ուժերի մեջ։

Համերաշխություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե արտախորհրդարանական ուժերը մի կողմ դնեն իրենց անձնական նկրտումները և առաջ քաշեն միայն ազգային ու պետական շահերը, որի շուրջ էլ պիտի ձևավորվի նոր ժամանակավոր կառավարությունը, որն անցնում երկիրը կտանի ընտրությունների։ Ընտրություններ հնարավոր են միայն այն դեպքում, եթե ներկայիս կառավարությունը չլինի իշխանության ղեկին։ Այս շարժման գլխավոր լոզունգը պիտի լինի` ոչ միակողմանի զիջումներին և անօրինական ու հակասահմանադրական սահմանազատմանը։ Վերջինս հնարավոր է միայն միջազգային միջնորդների ներկայությամբ և միջազգային իրավունքի շրջանակներում, որը կբացառի հաղթող կողմի թելադրանքը և պարտվողի միակողմանի զիջումները։

Մենք բավականին ծանր իրավիճակի մեջ ենք հայտնվել։ Իրավիճակ, որտեղ չունենք դաշնակիցներ, ուստի և` արտաքին քաղաքականություն։ Ներկայումս միջազգային հանրությունը կենտրոնացած է երկու խոշոր հակամարտությունների շուրջ, որն էլ թույլ է տալիս Ալիևին` օգտվել ստեղծված նպաստավոր պայմաններից և իրականացնել իր իսկ ձեռքով նախագծած ծրագիրը, որին, մեղմ ասած, Հայաստանի իշխանությունները կողմ են։ Այս պայմանները ստեղծվել են մեր պատրվողական և թուրք-ադրբեջանական տանդեմի ամենատիրական դիրքերից ելնելով։ Իսկ սա ի վերջո տանելու է նրան, որ Հայաստանն աստիճանաբար ու վերջնականապես կազմաքանդելու է բանակը` ստեղծելով լավ վճարվող ներքին զորքեր, որոնք պաշտպանելու են կառավարության «պարիսպները»,-նշեց հայ համայնքի նախագահը:

Հիշեցնենք, որ վաղը՝ մայիսի  9-ին,  Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասնելու է Երևան, եւ Հանրապետության հրապարակում տեղի կունենա համազգային հանրահավաք։